Մատչելիության հղումներ

Բալթիմորում անկարգությունների պատճառով ձերբակալվել է ավելի քան 200 մարդ


ԱՄՆ - Անկարգությունները Մերիլենդ նահանգի Բալթիմոր քաղաքում, 27-ը ապրիլի, 2015թ.
ԱՄՆ - Անկարգությունները Մերիլենդ նահանգի Բալթիմոր քաղաքում, 27-ը ապրիլի, 2015թ.

Ոստիկանատանը մահացած 25-ամյա երիտասարդի հուղարկավորությունից հետո ամերիկյան քաղաքում իրավիճակը վերահսկողությունից դուրս է եկել։

Վաշինգտոնի մերձակայքում գտնվող Բալթիմոր քաղաքում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով 144 մեքենա ու 15 հասարակական շինություն է այրվել, ձերբակալվել է ավելի քան 200 մարդ:

Երբ ոստիկանների կիրառած բռնությունների հետևանքով մահացած 25-ամյա Ֆրեդի Գրեյի հուղարկավորությունից հետո բռնությունները Բալթիմորում կտրուկ ահագնացան ու իրավիճակը վերահսկողությունից դուրս եկավ, Մերիլենդի նահանգապետն արտակարգ դրություն հայտարարեց և Ազգային պահակազորի ստորաբաժանումներ մտցրեց քաղաք:

Հարյուրավոր երիտասարդներ թափառում էին Բալթիմորում՝ այրելով մեքենաներ, թալանելով խանութներ և ավերելով շինություններ: Խռովարարները զրահավորված ոստիկանների վրա նետում էին քարեր, աղյուսներ և ապակե տարաներ:

Ըստ ոստիկանության կապիտան Էրիկ Կովալչուկի, բախումների ընթացքում 15 սպա վիրավորվել կամ վնասվել է։ «Հենց հիմա կա անօրեն անհատների մի խումբ, ում համար այդ համայնքում ապրող մարդկանց կամ նրանց հանգիստը պահպանող մեր ոստիկանության աշխատակիցների անվտանգությունը ամենևին հոգ չէ», - ասել է Կավալչուկը։

Գրեյը՝ մահացած սևամորթ երիտասարդը, ապրիլի 12-ին ստացել էր վնասվածքներ ողնաշարի շրջանում: Ըստ պաշտոնյաների՝ ոստիկանությունը նրան ճիշտ կերպով չէր տեղափոխել ձերբակալման մեքենայով, ինչի հետևանքով նա վնասվածքներ էր ստացել:

Բալթիմորի ոստիկանության վեց աշխատակից վճարովի արձակուրդ է ուղարկվել մինչ Ոստիկանության, Արդարադատության նախարարության ու Հետաքննությունների դաշնային բյուրոյի կողմից միմյանցից անկախ իրականացվող հետաքննությունների ավարտը:

Զոհի դատապաշտպան Ուիլյամ Մըրֆին հայտարարել է. - «Մենք պահանջում ենք այդ վեց ոստիկանների բացատրությունը»:

Բողոքի ակցիայի մասնակիցները նույնպես հանդես են եկել արդարության հաստատման պահանջով։ Նրանց ցույցերը հիմնականում խաղաղ էին մինչև ապրիլի 27-ի անկարգությունները:

Բռնությունները դեռևս չեն հասել քաղաքի կենտրոն, սակայն այստեղ չեղյալ են հայտարարված մոտ օրերս ծրագրված բոլոր զանգվածային միջոցառումները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG