Բաքվից Հայաստանում ԵՄ առաքելությանը կրկին մեղադրել են «լրտեսական գործունեություն ծավալելու» մեջ՝ նշելով, թե նման գործունեության նոր ձայնագրություններ են ի հայտ եկել։
Ադրբեջանական Report-ը գրում է՝ իր ձեռքի տակ հայտնված կադրերում երևում է, թե ինչպես է «այսպես կոչված, ԵՄ դիտորդական առաքելությունը շարժվում դեպի Լաչին և Զանգիլան»՝ ընդգծելով՝ «ադրբեջանական կողմն ուշադիր հետևում է առաքելության գործունեությանը»։
Երկու օր է Բաքուն Երևանին մեղադրում է հրադադարը խախտելու համար, Երևանը հերքում է։ Բաքվի այս մեղադրանքների ֆոնին՝ Հայաստանում ԵՄ առաքելությունը նախօրեին հայտարարեց, որ մարտի 16-17-ը պարեկային խմբեր է ուղարկել Հայաստանի և Ադրբեջանի սահմանի տարբեր հատվածներ՝ նշելով, որ իրավիճակը սահմանին մնում է հանգիստ, արտառոց ակտիվություն չի նկատվում։ Հավանաբար հենց այս պարեկությունն է Բաքուն որակել «լրտեսական» գործունեություն։
ԵՄ դիտորդները Հայաստան են ժամանել 2 տարի առաջ՝ 2023-ի փետրվարի 20-ին։ Եվրամիության երկրների դեսպանները հունվարի 29-ին Բրյուսելում հավանություն տվեցին Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության մասին որոշմանը, որով եվրոպացի դիտորդները կմնան Հայաստանի սահմանամերձ շրջաններում ևս երկու տարի՝ մինչև 2027-ի փետրվարի 19-ը։
Ալիևը եվրոպացի դիտորդների գործունեությունը «հեռադիտակային դիվանագիտություն» է անվանել։ Եվրամիության առաքելությունը կտրականապես հերքել է բոլոր մեղադրանքները։
Բաքուն տևական ժամանակ է պահանջում է սահմանից հեռացնել դիտորդներին, Հայաստանը համաձայնել է պայմանագրի ստորագրումից հետո դա անել: