Բաքուն կոշտ քննադատություն է հնչեցնում պաշտոնական Բրյուսելի հասցեին, Հայաստանում ԵՄ առաքելության մանդատի և Հայաստանի կողմից զենք գնելու փորձերի մասին Եվրամիության պաշտոնյայի հայտարարությունները որակում «կողմնակալ», «անհիմն», «անընդունելի»։
«Հայաստանում ԵՄ առաքելության մանդատի և Հայաստանի ռազմականացման մասին «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության խոսնակ Պիտեր Ստանոյի արտահայտած կարծիքները միանգամայն անհիմն են և անընդունելի. Վճռականորեն մերժում ենք ԵՄ պաշտոնյայի կողմից Ադրբեջանի նախագահի հայացքների սխալ և բացահայտ կողմնակալ մեկնաբանությունը»,-հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի խոսնակ Այխան Հաջիզադեն։
Եվրամիության դիվանագիտական գերատեսչության խոսնակը ի թիվս այդ հայտարարությունների նաև շեշտել է՝ Հայաստանի ինքնիշխան իրավունքն է աշխատել իր պաշտպանական ունակությունների վրա և ընտրել գործընկերներին։
«Պնդումները, թե Ադրբեջանի համաձայնությամբ ստեղծված և առանց որևէ հիմնավորման ընդլայնված առաքելությունը, իբր, դեր է խաղում տարածաշրջանում խաղաղությանն աջակցելու և Ադրբեջանի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում, ցույց են տալիս, թե ինչպես են չարաշահում այդ առաքելությունը», - նշել է Հաջիզադեն։
Ադրբեջանի ԱԳՆ-ի ներկայացուցիչը կրկին պնդել է՝ Հայաստանում տեղակայված ԵՄ-ի առաքելությունն «օգտագործվում է որպես հակաադրբեջանական քարոզչության գործիք», «չի կարող որևէ դեր խաղալ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում»։
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը իտալական «Լա Ռեպուբլիկա» թերթի հետ զրույցում Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելությունը խնդիր համարել և պնդել՝ «ադրբեջանցիները պետք է իրենց ծննդավայր՝ Հայաստան վերադառնալու իրավունք ունենան»։