Ադրբեջանը հրաժարվել է համագործակցել Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի հետ։ Կառույցը պաշտոնական Բաքվի այդ քայլը որակում է Ադրբեջանի կողմից Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոնվենցիայի խախտում։
«Կոմիտեն անկեղծ փորձեր է արել կառուցողական երկխոսության մեջ մտնելու Ադրբեջանի իշխանությունների հետ՝ լուծելու այն խնդիրները, որոնք ընկած են Խոշտանգումների դեմ եվրոպական կոնվենցիայի գոյության հիմքում»,- ասված է Կազմակերպության հայտարարությունում։
Կոմիտեն պնդում է, որ տարիներ շարունակ Ադրբեջանի մի շարք գերատեսչություններ, այդ թվում՝ իրավապահ կառույցները մերժում են «քայլեր ձեռնարկել՝ կյանքի կոչելու Կոմիտեի երկարամյա հանձնարարականները՝ դադարեցնելու խոշտանգումների պրակտիկան»։
Եվրախորհրդին կից կառույցը առանձնացնում է մասնավորապես Ադրբեջանի բանտերում պահվող անձանց նկատմամբ վերաբերմունքը, շեշտելով, որ կալանավորները ենթարկվում են խոշտանգումների՝ «ապտակել, բռունցքով հարվածել, ոտքով հարվածել, մահակներով կամ փայտե փայտերով հարվածել»:
«Բացի այդ, պատվիրակությունը ստացել է շշերով բռնաբարության սպառնալիքների, էլեկտրաշոկի կիրառման մասին հաղորդումներ: Արձանագրվել են նաև ձերբակալվածների հարազատների նկատմամբ հաշվեհարդարի սպառնալիքներ, այդ թվում՝ քրեական հետապնդման միջոցով», - ասված է Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի՝ Ադրբեջանի վերաբերյալ զեկույցում։