Բաքուն բողոքի նոտա է հղել Թեհրանին՝ պահանջելով «վերջ տալ սադրանքներին», այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդագրությունում։
Գերատեսչության մամլո ծառայության փոխանցմամբ՝ այսօր ԱԳՆ է կանչվել Ադրբեջանում Իրանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Սեյյիդ Ջաֆար Աղայի Մարիանը, որին խիստ բողոք է ներկայացվել անցած ամիս Իրանի գերագույն առաջնորդի ներկայացուցիչ Սեյյեդ Հասան Ամելիի մասնակցությամբ Արդեբիլի մզկիթներից մեկում տեղի ունեցած աղոթքի ժամանակ Ադրբեջանի և Իլհամ Ալիևի հասցեին «վիրավորական հայտարարությունների» կապակցությամբ։
Ըստ հաղորդագրության՝ ադրբեջանական կողմը պնդել է նաև, որ Իրանում վերջին շրջանում «հակաադրբեջանական տրամադրություններ են լրջորեն բորբոքվում»։
Պաշտոնական Թեհրանը դեռևս հրապարակավ չի արձագանքել Բաքվի մեղադրանքներին։