Մատչելիության հղումներ

«Խրախուսում ենք կարևոր զորամասերի՝ պահեստազորից համալրումը». ընդդիմությունը կողմ քվեարկեց իշխող ուժի նախագծին


Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը խորհրդարանում, արխիվ
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը խորհրդարանում, արխիվ

Որ սահմանամերձ ու հատուկ կարևորության ուղղություններով զինծառայությունը գրավիչ դառնա, ու բանակի համալրման խնդիրը լուծվի, Ազգային ժողովի իշխանական պատգամավորներն առաջարկում են երկարամյա ծառայության կենսաթոշակը պահպանել, եթե զինվորականները շարունակեն ծառայությունը։

Գործող օրենքով` զինծառայությունը շարունակելու կամ զինծառայության վերադառնալու դեպքում, երբ աշխատավարձ են ստանում, դադարեցվում է կենսաթոշակը։

«Մենք խրախուսում ենք, որպեսզի մեզ համար կարևոր զորամասերը ու առաջնահերթ պահեստազորից կարողանան համալրել», - հայտարարեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

Ազգային ժողովը հրատապ կարգով է քննարկում իշխանական պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանի ու Արմեն Խաչատրյանի այս նախագիծը։

«Երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքը պահպանել այն պահեստազորայինների համար, ովքեր կրկին պայմանագրային զինվորական ծառայության կանցնեն պաշտպանության նախարարի հրամանով սահմանված զորամասերում, սակայն ոչ ավելի, քան՝ փոխգնդապետ կոչումային դասակարգմամբ զինվորական պաշտոնում նշանակվելու պայմանով», - ասաց Պապիկյանը:

Պաշտպանության նախարարը հստակեցրեց՝ այս արտոնությունը ոչ բոլոր զինծառայողներին ու ոչ բոլոր զորամասերին է վերաբերում։ Զորամասերի ցանկը պաշտպանության նախարարությունը կորոշի, իսկ կենսաթոշակը կպահպանվի միայն ցածր ու միջին օղակների զինվորական պաշտոնների համար՝ մինչև փոխգնդապետի կոչումը։

«Նախագիծը նպատակ ունի պահեստազորում գտնվող մեր որակյալ ռեսուրսը ներգրավել Զինված ուժերի կարևոր ուղղություններում: Մասնավորապես, խոսքը վերաբերում է սահմանային զորամասերին և կարևորություն ունեցող հատուկ զորամասերին, օրինակ՝ տարբեր զորատեսակներին: Օրինակ կարող ենք բերել՝ անօդաչու թռչող սարքերի ուղղությամբ զորամասեր: Մեզ համար մեծ կարևորություն ունեն կապի ոլորտի, հակաօդային պաշտպանության, հետախուզության, այսինքն՝ մարդիկ, ովքեր ունեն գիտելիք, փորձ և արագ կարող են համալրել Զինված ուժերի շարքերը ու իրենց նպաստը բերել», - հայտարարեց նախարարը:

Բանակը զինծառայողներով համալրելու համար այս փոփոխությունը բավարար չի համարում ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ Բեկումնային փոփոխության համար նա առաջարկեց հերթապահության անձնակազմի աշխատավարձը կրկնապատկել բոլոր զորամասերում: Էլի առաջարկներ ուներ. - «Դա այսպես կոչված եկամտահարկի վերադարձի մասին օրենքն էր, որի ժամկետը 2025 թվականի հունվարից աստիճանաբար ավարտվում է, և այստեղ կարելի է դիտարկել զինծառայողների մասով բացառություններ անելու նպատակահարմարությունը»:

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորներն առաջարկում էին, որ օրենքը հետադարձ ուժ ունենա նաև այն զինծառայողների համար, որոնք մինչև այս փոփոխությունը շարունակում են ծառայությունն ու զրկված են կենսաթոշակից։

«Այստեղ ևս հավասարության նշան դնել, այսինքն՝ այն զինծառայողները, որոնք այսօր չեն օգտվում այդ արտոնությունից, այդ կարգավիճակն ունեն, օրենքը ուժի մեջ մտնելուց հետո ևս օգտվեն», - առաջարկեց Թադևոս Ավետիսյանը:

Թեև նախագծում այս փոփոխությունը չընդգրկեցին, բայց խոստացան իրավական այլ կարգավորում գտնել, ու նախարարի հաստատած ցանկի զորամասերում կենսաթոշակային տարիքի բոլոր զինծառայողները նույն պայմաններում լինեն։

«Արդյո՞ք վտանգ չկա, որ մյուս զորամասերից, որոնք որ արտոնյալ ցանկի մեջ չեն մտնում, հոսք կսկսվի դեպի, մարդիկ դուրս կգան ծառայությունից, կգան կվերագրանցվեն այս ծառայությունում, և մենք պրոբլեմ կունենանք արդեն տվյալ զորամասերում», - նկատեց Աղվան Վարդանյանը:

«Այն զորամասերը, որտեղից կարող է լինել նման հոսք, դա խրախուսական երևույթ է, այսինքն՝ եթե թիկունքային զորամասերից կգնան առաջնագիծ, ես իհարկե դրա համար ուրախ կլինեմ, բայց դա կառավարելի կլինի», - պատասխանեց Սուրեն Պապիկյանը:

Պատգամավոր Գեղամ Մանուկյանը նաև բանակի վարկանիշը բարձրացնելու ծրագիր առաջարկեց։

«Վերջին ամենաաղաղակողը Երկրապահ կամավորականների միության Սասուն Միքայելյանն էր, որը սահմանազատումը փորձեց արդարացնել, թե մեր բանակը թույլ է, մենք չենք կարող հակառակորդի դեմ կանգնել: Սրանից հետո Զինված ուժերի նոր համալրման ծրագիր հնարավո՞ր է, թե՞ ոչ», - հայտարարեց Մանուկյանը:

«Օրենքի նախագիծը շատ կարևոր է Զինված ուժերի համար, և պիտի հորդորեմ կողմ քվեարկել», - ասաց Պապիկյանը:

Ընդդիմադիր խմբակցությունները այս նախագծին կողմ քվեարկեցին: Սա այն եզակի նախագծերից էր, որ խորհրդարանն ընդունեց միաձայն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG