«Էս զիբիլի վրայի կատվին տարեք ստեղից», - սեպտեմբերի 27-ին Եռաբլուրում Ազգային ժողովի նախագահն այսպես էր արձագանքել արցախցի պատգամավոր Մետաքսե Հակոբյանին՝ նրան համեմատելով «զիբիլի վրայի կատվի» հետ։ Արդյոք Ալեն Սիմոնյանի այս վարքագիծը քննարկման առարկա կդառնա խորհրդարանում. իշխանական պատգամավորներն այս հարցն անլուրջ են համարում՝ հրաժարվելով որևէ մեկնաբանությունից։
Ինքը՝ Սիմոնյանը, երեկ, չհրաժարվելով իր խոսքերից, բացատրել էր, թե ինչու է նման բառապաշար օգտագործել. - «Եռաբլուրում պառկած են մեր նահատակները Հայաստանի Հանրապետության պետականության, ինստիտուտների գոյության համար, ինչ-որ մեկը գալիս է ու Հայաստանի Հանրապետության նախագահին կամ Ազգային ժողովի նախագահին՝ «մի վախեցեք, չեմ խփի»... Հայաստանի Հանրապետության նախագահին և Ազգային ժողովի նախագահին նման կերպ դիմելը անթույլատրելի է»:
Սիմոնյանն իր արտահայտության համար չի ափսոսում, ներողություն խնդրելու մասին էլ ոչինչ չասաց: «Որևիցե մեկը իրավունք չունի նման բան իրեն թույլ տալ: Իրանք տեղը չեն բերում իրանք որտեղ են գտնվում, կրկնում եմ՝ իրանք տեղը չեն բերում իրանք որտեղ են գտնվում և ում հետ են իրենք շփվում, իրանք ուղղակի տեղը չեն բերում: Եվ ես խոստանում եմ իրենց, իր շուրջը պտտվող մարդկանց, որ իրենք հաստատ տեղը բերելու են», - հայտարարեց ԱԺ նախագահը:
Ալեն Սիմոնյանի արձագանքից առաջ արցախցի պատգամավորը Եռաբլուր եկած իշխանականներին մեղադրել էր Արցախի կորստի ու «արյան մեջ թաթախված լինելու» մեջ։
«Գրական հայերեն, առանց որևէ ավելորդ բառերի փաստն եմ արձանագրել, որից հետո ինձ են մոտեցել անվտանգության աշխատակիցները, ես ընդամենը իրենց ասել եմ՝ «հանգիստ եղեք, ես չեմ խփելու», այսինքն՝ ես բառիս բուն իմաստով ի նկատի ունեի խփելը, այսինքն՝ «ֆիզիկական որևէ ուժ ես չեմ գործադրելու, մի մտածեք, որ ինձ դուք պետք է էստեղ բռնեք կամ ինչ-որ ուժ գործադրեք դրա համար», - «Ազատության» հետ զրույցում պատմեց Մետաքսե Հակոբյանը:
Հակոբյանը փոխանցեց, որ իրավական որևէ գործընթաց չի ձեռնարկի Սիմոնյանի դեմ, չի կարծում, թե ընթացք կտան։
Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանին խորհրդարանի նախագահի բառապաշարը չի զարմացրել, զայրացրել է։
«Ես այստեղ տեսնում եմ նաև գենդերային միտում, որովհետև կնոջը կատվի հետ համեմատելը և տեղադրելը նրան աղբանոցում՝ ամբողջովին գենդերային բաղադրիչ պարունակող խոսույթ է, և տղամարդուն, բնականաբար, այսպիսի որակումներով չէին դիմի, և այստեղ ուղիղ կնոջը վիրավորելու և գենդերայնորեն նրան նվաստացնելու միտում եմ տեսնում», - «Ազատության» հետ զրույցում ասաց իրավապաշտպանը:
Հովհաննիսյանը պնդում է՝ խորհրդարանի նախագահը կնոջ հասցեին հնչեցրել է ատելության և խտրական բառապաշար պարունակող խոսք։ Իրավապաշտպանը հիշեցնում է անցած տարվա մեկ այլ սկանդալ, որի մեջ Սիմոնյանը հայտնվել էր, երբ իրեն «դավաճան» անվանած քաղաքացու վրա էր թքել։ Ալեն Սիմոնյանն այս մի միջադեպի համար ներողություն խնդրեց, բայց ոչ թե Հայաստանի քաղաքացի չհանդիսացող սփյուռքահայ տղամարդուց, այլ Հայաստանի բոլոր քաղաքացիներից։
Հովհաննիսյանը պնդում է՝ պաշտոնյաներն աչալրջորեն պետք է հետևեն իրենց վարքագծին, առաջին հերթին հենց նրանք են իրենց արտահայտություններով ատելության խոսք ձևավորում։
«Առավել ևս հանրային պաշտոն զբաղեցնողները ունեն նաև հատուկ վարքագծի կանոններ՝ հաստատված նաև օրենքով, որի շրջանակներում նրանք պետք է դրսևորեն պատշաճ վարքագիծ, պատասխանատու, օրինակելի վարք, որը կարող է նաև ձևավորել հանրային որոշակի ուղենիշ, այսինքն՝ իր տեղը պետք է ինքը իր հարգանքը վայելի և կարողանա ստանալ քաղաքացիներից իր խոսքով և վարքագծով: Դա իրեն չի հաջողվում այս պահին», - ընդգծեց իրավապաշտպանը:
Անցած տարի փակելով Ազգային ժողովի նախագահի՝ քաղաքացու դեմքին թքելու գործը, Գլխավոր դատախազությունը պատճառաբանել էր, թե արարքը չի կարող համարվել խուլիգանություն, եթե հանցավորի գործողությունները պայմանավորված են տուժողի հակաօրինական, հակաբարոյական վարքագծով և ուղղված են նրա, այլ ոչ թե հասարակության դեմ։
Իրավապաշտպան Հովհաննիսյանը պնդում է՝ եթե թքելու դրվագն անհետևանք մնաց, չի նշանակում, որ սա էլ պետք է անտեսեն՝ խորհրդարանում պետք է ձևավորվի էթիկայի հանձնաժողով, ու գնահատական պետք է տրվի ԱԺ նախագահի վարքագծին։
Ընդդիմությունը ևս չի մեկնաբանում՝ արդյոք կնախաձեռնի այս հարցի քննությունը խորհրդարանում, պարզ է մեկ բան՝ Սիմոնյանի արարքին գնահատական տալու որոշման համար պետք են նրա թիմակիցների ձայները։