Խորհրդարանն այսօր Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Ուժեղ Հայաստանի» մեկ այլ թեկնածուի ընտրության հարցն է շարունակում քննարկել: Այս պաշտոնում ընդդիմադիր խմբակցությունը նախօրեին ներկայացրեց Լիաննա Մանուկյանի թեկնածությունը:
Նախօրեին «Քաղաքացիական պայմանագիր» և «Հայաստան» խմբակցությունների թեկնածուներն ընտրվեցին Ազգային ժողովի հանձնաժողովների նախագահներ, «Ուժեղ Հայաստան»-ի բոլոր երեք թեկնածուներն էլ չընտրվեցին:
Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Ուժեղ Հայաստան»-ը Հայկ Ֆարմանյանի, Տարածքային կառավարման հանձնաժողովում՝ Դավիթ Ղազինյանի, Եվրոպական ինտեգրման հանձնաժողովում՝ Արեգա Հովսեփյանի թեկնածություններն էր առաջադրել:
Առանց ՔՊ-ի ընդդիմադիրներն ընտրվելու շանս չունեն: «Ուժեղ Հայաստան»-ը, որին պատկանում է երեք հանձնաժողովներում թեկնածու առաջադրելու իրավունքը, արդեն փոխել է իր մի թեկնածուին, մյուս երկու հանձնաժողովների նախագահների իրենց թեկնածուների անունները չեն հրապարակում: Խմբակցության քարտուղարը հստակ չպատասխանեց նաև «Ազատության» այն հարցին, թե փոխելո՞ւ են մյուս երկու թեկնածուներին, թե ոչ:
Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված Լիաննա Մանուկյանը հայտարարել է, որ ընտրվելու դեպքում իր առաջնահերթություններից մեկն էլ կլինի բյուջեի արդյունավետ վերահսկողության մեխանիզմների ներդրումը:
«Քաղաքացիական պայմանագրից» Արայիկ Հարությունյանը նախօրեին նշեց, որ ողջունում է Մանուկյանի թեկնածությունն առաջադրելու «Ուժեղ Հայաստանի» որոշումը, նշեց, որ նոր թեկնածուի նկատմամբ դրական վերաբերմունք կա:
«Դուք հարցրիք, թե ինչու նախորդ թեկնածուին չքվեարկեցինք, որովհետև դա քվեարկություն էր, նշանակում չէր: Յուրաքանչյուրը քվեարկելիս իր վրա պատասխանատվություն է վերցնում այդպիսի կենսագրական բեռ ունեցող թեկնածուի համար: Եվ, երբ դա չի ուզում վերցնի, չի քվեարկում: Այս դեպքում, ես կարծում եմ՝ այլ որոշում կլինի»,- նախօրեին իր ելույթում ասաց ՔՊ-ական Արայիկ Հարությունյանը:
«Քաղաքացիական պայմանագրից» Սիսակ Գարիելյանն էլ իր ելույթում նշել էր, որ ափսոսում է, որ Մանուկյանին շուտ չէին առաջադրել այս պաշտոնում:
ԱԺ փոխնախագահ Հայկ Կոնջորյանը հայտնեց, որ այսօր մեկ լրացուցիչ նիստ է ավելացվել՝ 18:30-20:00: Ամենօրյա նիստերը շարունակվում են օգոստոսի 2-ից: Արդյո՞ք խորհրդարանը կհասցնի նախքան Կառավարության ծրագրի քննարկումը ավարտել հանձնաժողովների նախագահների ընտրությունը, թե՞ այն կհետաձգվի ու տեղի կունենա Կառավարության ծրագրի հաստատումից հետո, դեռ հստակ չէ:
«Անհամբեր եմ Փաշինյանի հետ հանդիպմանը». Ղազարյան
Անդրադառնալով հանձնաժողովների նախագահների պաշտոններում ընդդիմադիր «Ուժեղ Հայաստանի» թեկնածուների չընտրվելուն, խմբակցությունից Էդգար Ղազարյանն ասաց, թե իր ընկալմամբ ««Քաղաքացիական պայմանագիրը» քաղաքական սաբոտաժի միջոցով փորձում է տապալել ԱԺ-ի աշխատանքները»:
«Օգոստոսի 2-ից մենք աշխատում ենք, արդեն 16-րդ նիստն է, և մենք դեռ չենք անցել մեր երկրի համար կարևոր նշանակություն ունեցող քաղաքական հարցերի քննարկմանը: ԱԺ ղեկավար մարմինների ընտրությունը միտված է ընդամենը ԱԺ-ի հետագա 5 տարիների աշխատանքների կազմակերպմանը: Հիմա Ֆարմանյանը կընտրվի, թե Մանուկյանը, դրանից ԱԺ-ի կյանքում ոչ մի էական բան չի փոխվում: Էս ամեն ինչը ձգձգելու, սաբոտաժի իմաստը ո՞րն է: Հիմա պատրաստի թեկնածուներին չեն ընտրում, ասում են՝ չէ, չենք ուզում Նիկոլ Փաշինյանը գա ԱԺ, տենց է ստացվում: Օրինակ՝ ես անհամբեր եմ իրա հետ իմ հանդիպմանը, թե դուք ինչի չեք ուզում էդ մարդը գա էստեղ, չեմ հասկանում: Իրա հեղինակությամբ, իր գործունեությամբ եք դուք եկել եք էստեղ նստել, չեք ուզում, որ գա: Բա կառավարությունը պիտի գա, որ մենք աշխատենք, մենք կառավարությանը պետք է վերահսկենք:16 նիստ է՝ իրենք դեռ էստեղ չեն եկել»,- իր ելույթում ասաց ընդդիմադիր Էդգար Ղազարյանը:
«Եթե սահմանեիք՝ ինչ է համակարգային կոռուպցիան, ձեզ թվում էր՝ տպավորություն կստեղծվեր, թե դուք թաթախվա՞ծ եք եղել կոռուպցիայի մեջ»
ՔՊ-ից Բաբկեն Թունյանն ԱԺ ամբիոնից ելույթ ունենալով ի պատասխան Էդգար Ղազարյանի՝ ասաց. «Եկեք կողմնորոշվենք՝ մենք աշխատանքով ենք զբաղված, թե սաբոտաժով: Երեկ մենք ճշտեցինք, թե ինչ ենք քննարկելու և պատասխանն այն էր, որ մենք նաև ոլորտային քննարկումներ ենք ունենալու և սա աշխատանք է: Մենք չենք մերժում, որ ընդդիմությունը պետք է հանձնաժողովի նախագահներ ունենա, բայց ամեն թեկնածուին դիտարկում ենք առանձին-առանձին և դա մեր իրավունքն է»:
Նախօրեին տեղի ունեցած քվեարկությունից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հայտնեց.- «Քանի որ նախորդ հանձնաժողովի մեր առաջարկած նախագահները չեն ընտրվել, կարծում եմ, որ խնդիրը նրանում է նաև, որ մենք լավ չենք կարողացել, ժամանակ չի եղել խորը և համապարփակ ներկայացնել մեր հանրությանը, թե ովքեր են: Այդ իսկ պատճառով, մենք գնում ենք այն ճանապարհով, տեղեկացնում եմ ընդդիմադիր մեր գործընկերներին, տեղեկացնում եմ իշխանական պատգամավորներին, որ մենք ամբողջությամբ օգտագործելու ենք ելույթների հնարավորությունը, որպեսզի հանդես գանք հայտարարություններով և հարցերով»:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանն այսօր ԱԺ-ում հիշեցրեց Նարեկ Կարապետյանի այս խոսքերը և նույն խմբակցության պատգամավորների [Նարեկ Կարապետյանի և Էդգար Ղազարյանի] հայտարարությունների հակասությունն ընդգծեց:
«Պարոն Ղազարյանը ներֆրակցիոն հարց է բարձրացնում. խնդրում եմ ֆրակցիայի նիստ արեք, քննարկեք, թե ինչու է նա կարծում, որ այն, ինչ մենք անում ենք այստեղ, սաբոտաժ է»,- ասաց Մարիա Կարապետյանը:
Այնուհետև իր ելույթում ՔՊ-ական պատգամավորը նշեց, որ համակարգային կոռուպցիայի սահմանումն այդպես էլ չլսեցին Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված ընդդիմադիր խմբակցության նախորդ թեկնածուից՝ Հայկ Ֆարմանյանից:
«Ձեզ թվում է, որ եթե դուք սահմանեք՝ ինչ է համակարգային կոռուպցիան, մեզ մոտ տպավորություն կստեղծվի, թե դուք թաթախվա՞ծ եք եղել համակարգային կոռուպցիայի մեջ: Մեզ էստեղից պետք է պատմեիք, թե դուք ինչպես եք կարողացել նախորդ իշխանությունների ժամանակ անկաշկանդ բացահայտել համակարգային կոռուպցիան այն մարմիններում, որոնց աուդիտն իրականացրել եք»,- շեշտեց Կարապետյանը:
Ֆարմանյանն էլ իր ելույթում որպես արձագանք ասաց.- «Եթե դուք ինչ-որ բան եք ակնկարում, բռնեք բոլոր թալանչիներին: Որևէ պաշտոնյա, որևէ անձ ՀՀ-ում գոյություն չունի, ում շահերը ես փորձեմ պաշտպանեմ»: