Կառավարությունը փոխում է Հարկային օրենսգիրքը՝ պատճառաբանելով, թե բոլոր տնտեսվարողները պետք է հավասար պայմաններում գործեն։ Օրինակ՝ որոշ մասնագիտական ծառայություններ, որ հարկային արտոնությունների դաշտում էին, շրջանառության հարկի ռեժիմով էին աշխատում, տեղափոխվում են ընդհանուր հարկման համակարգ։ Սա նշանակում է, որ այդ կազմակերպությունների հարկային բեռը մի քանի անգամ ավելանում է։
«Այս քաղաքականության նպատակը հարկման հավասարության ու արդարության սկզբունքների ամրապնդումն է», - Ազգային ժողովում լսումների ժամանակ հայտարարեց ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:
Եթե փաթեթն ընդունվի, այս փոփոխություններն ուժի մեջ կմտնեն հաջորդ տարվա հուլիսի 1-ից։ Հարկային օրենսգրքի փոփոխությունների թեմայով խորհրդարանում հանրային լսումներ էր կազմակերպել իշխող ուժը։
«Խոսքը, մասնավորապես, տնտեսական գործունեության տեսակների դասակարգչով նախատեսված գործունեության հետևյալ տեսակների մասին է՝ իրավաբանական գործունեություն, հաշվապահական գործունեություն, գլխամասային գրասենյակների գործունեություն, կառավարման հարցերով խորհրդատվություն, շենքերի շինարարություն, քաղաքացիական շինարարություն, մասնագիտական շինարարական այլ գործունեություն, անշարժ գույքի հետ գործառնություններ վարձատրության կամ պայմանագրային հիմունքով, ճարտարապետական և ճարտարագիտական գործունեություն, տեխնիկական փորձարկումներ և վերլուծություններ, գովազդային գործունեություն և շուկայի իրավիճակի հետազոտություն, մասնագիտական, գիտական և տեխնիկական այլ գործունեություն», - թվարկեց նախագիծը ներկայացնող ֆինանսների փոխնախարարը:
Ընդդիմադիր պատգամավոր Թադևոս Ավետիսյանը կոնկրետ օրինակով դիմեց փոխնախարարին: Կա կազմակերպություն, որը զբաղվում է աշխատողների ոտնահարված իրավունքներով, անվճար իրավաբանական ծառայություն է մատուցում ու ցածր աշխատավարձ ստացող մարդկանց աջակցում։ Հարկային նոր փոփոխության դեպքում ի՞նչ անեն, եթե շահույթ չունեն, ինչպե՞ս վճարեն ավելացող հարկային բեռը։ Արման Պողոսյանը պատկերացնում է ֆինանսական փոխհատուցմամբ։
«Հարկում է, որ հետո դրա վրա պատիկներով ավել գումար ծախսի, էդ նույն գործը ի՞նքը կազմակերպի, էստե՞ղ տրամաբանությունը որն է», - հարցրեց ընդդիմադիր պատգամավորը:
Վարչապետ Փաշինյանը գործող Հարկային օրենսգիրքը օրեր առաջ որակել էր ապապետական ու հանձնարարել օրենսգրքի փոփոխության գործընթաց սկսել։ Փոքր ու միջին ձեռնարկատերերին ներկայացնող Հակոբ Ավագյանը հիշեցրեց, որ այդ նույն օրենսգրքով շրջանառության հարկ վճարողների շրջանակն ընդլայնվեց, ու արդյունքում ոլորտը զարգացավ։
Շրջանառության հարկը վերացնելով ընդհանուր հարկման դաշտում հավասար ու թափանցիկ միջավայր ստեղծելու՝ Կառավարության հիմնավորումները չհամոզեցին Փոքր ու միջին ձեռնարկատերերի ասոցիացիայի նախագահին։ «Կան բիզնեսներ, որոնք թաքնվել են և թաքնվելու են և շարունակելու են խաբել: Դուք եթե տանեք ավելացված արժեքի հարկ, շարունակելու են լինել բիզնեսներ, որոնք ձեզ խաբելու են», - ընդգծեց Ավագյանը, - «Դա բնական պրոցես է, որի համար պետությունը ունի վարչարարական մարմիններ: Այսինքն՝ եթե շրջհարկը վերացնում ենք, էդ խաբողը չի՞ խաբելու՝ շարունակելու է ավելի շատ խաբել»:
Փոքր ու միջին ձեռնարկատերերի հաշվապահների ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը Կառավարության հիմնավորումները, թե այսպիսով հավասարություն են հաստատում ու ստվերի դեմ են պայքարում, հիմնազուրկ որակեց։
«Տղերք, թարս ենք բռնել գործը, հավատացեք, թարս եք բռնել: Փոխանակ էս ստվերը բերեք դաշտ սկզբից, այսինքն՝ ոչ մի հնարավորություն չտանք, որ հետքայլ անեն, միանգամից այնպիսի բեռ եք բարձրացնում, որ տանում է միանշանակ... Հարցրել ենք, մենք խոսել ենք՝ ճարտարապետների հետ խոսել ենք, դե հա, ասում է, ինչքան ուզում է թող բարձրացնեն՝ ես իմ հարկի չափը ինչքան վճարել եմ, էդքան վճարելու եմ, էն մնացածը հետ եմ քաշվելու, կանխիկ վերցնելու եմ, հետ քաշվեմ», - ասաց Համբարձումյանը:
Շրջանառության հարկից ավելացված արժեքի հարկի անցնելով Կառավարությունը նպաստում է, որ մասնագիտական ծառայությունների գները բարձրանան, դժգոհեց խորհրդատվական ծառայություններին ներկայացնող Սիլվա Մեսրոպյանը։
Փոխնախարարի հիմնավորումները չբավարարեցին նաև ընդդիմադիրներին: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը եզրահանգեց՝ այս փոփոխությամբ պարզապես փորձում են բյուջեն լցնել՝ հարվածելով փոքր բիզնեսին. - «Եվ հետևանքը լինում է այն, որ անելանելիության վիճակում դնելով բիզնեսին, ինքնազբաղվածներին կամ նույնիսկ հանրային ծառայություններ օրենքի ուժով պարտադիր մատուցող սուբյեկտներին՝ մղում են նրանց զբաղվելու կա՛մ այլ գործունեությամբ, կա՛մ դադարեցնելու գործունեությունը»:
Այս նախագծի դեմ ակտիվ պայքարում էին փաստաբանները։ Նրանք նաև հանրային պաշտպանություն են իրականացնում։ Դժգոհում էին, թե հարկային բեռն ավելացնելով, չեն կարողանա ապահովել սոցիալական խոցելի խավերի պաշտպանության իրավունքը։
Դահլիճից դժգոհություններ հնչեցին, որ Կառավարությունն այս էական փոփոխությունը չի քննարկում շահառու շրջանակների հետ։ Առաջարկում էին հետաձգել օրենքի ընդունումն ու մանրամասն քննարկել նախագիծը։