Ազգային ժողովի Եվրաինտեգրման հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Եվրամիության անդամակցության մեկնարկի մասին օրինագծին։ Հարցը երկրորդ ընթերցմամբ քննարկելու համար ներառվեց վաղը մեկնարկող նիստերի օրակարգ։
Օրինագծի քվեարկությունը հետաձգվել էր հանձնաժողովի մարտի 3-ի նիստում։
Հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մարտի 3-ի քվեարկությունից առաջ կես ժամ ընդմիջում էր խնդրել՝ նախաձեռնության հեղինակի հետ Կառավարության առաջարկները քննարկելու համար: Բայց քննարկումը տևել էր ոչ թե կես, այլ՝ մոտ երկու ժամ: Եղոյանը պարզաբանել էր՝ խնդիրը տեխնիկական է, և սեղմ ժամկետներում քվեարկությունը կկազմակերպեն:
«Քանի որ մեր քննարկումը տևեց ավելի երկար, քան օրենքով սահմանված վերջնաժամկետն է ա՛յս քառօրյայում օրենքի նախագիծը ընդգրկելու համար, ես առաջարկում եմ նախագծի քննարկումը քվեարկության փուլում հետաձգել և արդեն քննարկել ևս մեկ անգամ՝ արդեն հաջորդ քառօրյային կամ արտահերթ նիստով դիտարկելու համար: Այս քառօրյային ԱԺ կանոնակարգ օրենքով մենք այլևս չենք հասցնի», - այդ օրը հայտարարել էր Եղոյանը:
Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին նախագիծը, որն Ազգային ժողով է հասել «Եվրաքվե» նախաձեռնության միջոցով, խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է փետրվարի 12-ին:
Օրենքի ընդունումը չի նշանակում Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ հանրաքվեի անցկացում, այլ, ինչպես նշում են իշխող ուժի ներկայացուցիչները, այն «քաղաքական կամքի մասին է»: