Մի տեղ մի քիչ արագ, մի տեղ մի քիչ դանդաղ, մի տեղ քառյակները շփոթելով.... Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հստակություն է պահանջում՝ Հայաստանի օրհներգը պետք է պատշաճ կատարվի. հիմնը պետք է ունենա ստանդարտ՝ տևողության, արագության:
«Ոչ այնքան արժանի, պատշաճ ուշադրությամբ ենք մինչև այժմ վերաբերվել Հայաստանի Հանրապետության օրհներգին», - ասում է Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը:
Ազգային ժողովի նախագահի, «Քաղաքացիական պայմանագրից» Սիսակ Գաբրիելյանի ու Թագուհի Ղազարյանի հեղինակած՝ Օրհներգի մասին օրենքում փոփոխություններ նախաձեռնելու օրինագիծն էր այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում։ Տարեվերջին գործադիրը հավանություն էր տվել առաջարկությանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարել էր, որ անձամբ է մասնակցել նախագծի ձևավորման քաղաքական մասին։
Հիմնի չորս քառատողերը վերուվար են արել այնպես, որ տեքստը ոչ թե ավարտվի մահվան ուղերձով՝ «Ամենայն տեղ մահը մի է, Մարդ մի անգամ պիտ մեռնի, Բայց երանի, որ յուր ազգի Ազատության կզոհվի», այլ լավատեսությամբ՝ «Թող միշտ պանծա Հայաստան»:
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից Արծվիկ Մինասյանն ընդգծեց՝ հանուն հայրենիքի միայն կենացներ չեն խմում. - «Ուսումնասիրել ե՞ք՝ այլ երկրների խորհրդանիշներում մաքառումը, պայքարը, հանուն հայրենիքի զոհվելը, նահատակվելը այդ խորհրդանիշներում ի՞նչ տեղ են զբաղեցնում: Թե՞ միայն պիտի կենացների փունջ լինի»:
Նույն խմբակցությունից Գեղամ Մանուկյանն էլ միջազգային օրինակներ բերեց՝ Բուլղարիայից մինչև Ֆրանսիա. - «Փարիզ որ գնաք, տիկին Ղազարյան, պարոն Գաբրիելյան, Պանթեոն որ մտնեք, տեսեք էլի «Մահ կամ ազատություն»:
Հարակից զեկուցող, ՔՊ-ական Ալխաս Ղազարյանը շտապեց բացատրել՝ ընդամենը տեղերն են փոխել. - «Հանուն հայրենիքի զոհվելը, իհարկե, ոչ մեկ չի ժխտում ու ոչ մեկ այստեղից չի հանի: Ավելի լավատեսական նոտայով ավարտելը օրհներգը ոգևորող է, պարոն Մինասյան,Դուք էլ եք դրանում իմ հետ համաձայն»:
«Ես բան չեմ ասում, տիկին Ղազարյան, մեր օրհներգը սկսվում է՝ «Մեր հայրենիք, ազատ, անկախ», չի սկսվում՝ «Մեր պետություն, ազատ, անկախ», - արձագանքեց Արծվիկ Մինասյանը:
Հենց այստեղ պատմական-իրական Հայաստանի թեման առաջ եկավ. ընդդիմադիր Մինասյանն էր իր ելույթում խոսում հայրենիքը պետությունով չսահմանափակելու մասին, երբ նկատեց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար նախարար Ժաննա Անդրեասյանի ժպիտը։
«Այ այս արհեստական հակադրումները բերում են նաև դեգրադացիայի: Տիկին Անդրեասյանը ժպտում է, ես դա խրախուսում եմ, որովհետև սա գաղափարական, այո, վեճ է», - ասաց դաշնակցական պատգամավորը՝ շարունակելով. - «Ի դեպ, իրական Հայաստանի հակադրվողը կեղծ Հայաստանն է, ոչ թե պատմական, կամ ինչ-որ անուններ եք հավելյալ կպցնում»:
«Սա մի խնդիր է, որը տարիներով ձևավորվել է՝ նաև այն պատճառով, որ պետությունը չի սահմանվել և չի նույնացվել հայրենիքի հետ: Ես ունեմ մեկ հայրենիք, և դա իմ պետությունն է», - ընդգծեց Ժաննա Անդրեասյանը:
Իսկ եթե սխալ երգենք, ի՞նչ կպատահի. ի՞նչ պատասխանատվության պետք է ենթարկվի օրինախախտը։ Իհարկե ոչ քրեական՝ Գաբրիելյանի արձագանքն էր։ Իսկ որտե՞ղ է դա գրված, ընդդիմությունն օրինագծում չի գտել՝ որտե՞ղ է ամրագրված պատժաչափն ու պատժամիջոցը։
«Սանկցիան ամենավերջին բանը պետք է լինի, որ որևէ հայի ստիպի, որ ինքը իր օրհներգը ճիշտ կատարի կամ, այսպես ասած, չանարգի, էլի», - ասաց Սիսակ Գաբրիելյանը:
Հենց այստեղ ընդդիմությունը հիշեց, որ վերջին շրջանում պաշտոնական միջոցառումների ժամանակ պետական օրհներգը հնչում է ոչ այնպես, ինչպես օրենքով է նախատեսված, այլ այնպես, ինչպես նախընտրել է վարչապետը։
«Արդեն փոխված հերթականությամբ վերջին ամիսներին դա հնչեցնում են և անգամ հպարտանում են, որ իրենք, այո, վարչական իրավախախտում են արել», - ասաց Գեղամ Մանուկյանը:
«Ես չգիտեմ՝ Կառավարությունից ով է ասել, որ խախտում է արել, ես այդտեղ իրենց հետ էլ համաձայն չեմ, որովհետև խախտում իմ կարծիքով չկա՝ չկա այնպիսի կետ, որ պարտադրում է ինձ կամ ձեզ երգել Հայաստանի Հանրապետության օրհներգը հենց այս հերթականությամբ», - արձագանքեց Գաբրիելյանը:
«Չէ, այդպես չի, տեքստին համապատասխան բառակապակցությունը, որպես իրավաբան, դուք պիտի հասկանաք, որ նաև հերթականությունն է դրա մեջ», - իր հերթին, ընդգծեց Արծվիկ Մինասյանը:
Առաջարկ հնչեց՝ օրենքով ամրագրել, որ այսուհետև երկրի կարևոր երգը կամայական փոփոխության չենթարկվի, որ մի օր էլ մի ուրիշ վարչապետ չգա ու ասի՝ «եկեք հիմա էլ գույները փոխենք»։ Առաջարկը ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից հեռացված Գեղամ Նազարյանին էր։
«Պետք է արժեքներ լինի: Հիմա մեկը գալու է վարչապետ, ասի՝ «ես նարնջագույն գույնը չեմ սիրում, եկեք փոխենք, չգիտեմ, վարդագույն դնենք»: Դա այդպես չի լինի», - ընդգծեց Նազարյանը:
Ըստ նախագծի՝ օրհներգը կունենա կարճ ու երկար տարբերակներ։ Մեկուկես ժամ թեժ քննարկումների ընթացքում ընդդիմությունը պնդում էր՝ փաստաթուղթը թերի է, պատրաստ չէ քվեարկության, այդուհանդերձ, այն հանձնաժողովում դրական եզրակացություն ստացավ և արդեն առաջիկա ԱԺ լիագումար նիստում կքննարկվի՝ ինչպես է պետք ճիշտ երգել երկրի հիմնը։