«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը շարունակում է դատական վեճը ԱՄՆ Գլոբալ ԶԼՄ-ների գործակալության (USAGM) դեմ՝ Կոնգրեսի կողմից 2025 բյուջետային տարվա համար հատկացված ֆինանսավորումը ստանալու նպատակով, երեկ հայտարարել է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի ղեկավարությունը։
USAGM-ը համակարգում է «Ազատություն» ռադիոկայանի և մի շարք այլ միջազգային ամերիկյան լրատվամիջոցների աշխատանքները։
Մարտի 14-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը յոթ դաշնային գործակալություններ կրճատելու հրամանագիր ստորագրեց։ Կրճատման ենթակա գործակալությունների թվում նաև ԱՄՆ Գլոբալ մեդիայի գործակալությունն է։
Հրամանի հրապարակումից ժամեր անց լրատվամիջոցները տարածեցին USAGM-ից ստացված նամակը, որով գործակալությունը դադարեցնում էր Կոնգրեսի կողմից հատկացված դրամաշնորհը:
Անցած օրերին Վաշինգտոնի դաշնային շրջանային դատարանը ժամանակավորապես կասեցրել է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը փակելու քայլերը՝ բավարարելով ռադիոկայանի պահանջն ընդդեմ ԱՄՆ Գլոբալ մեդիայի գործակալության (USAGM):
Դատական նիստի նախօրեին USAGM-ը համաձայնել է «Ազատություն» ռադիոկայանին տրամադրել Կոնգրեսի կողմից հատկացված միջոցների մի մասը։ Մեդիա կորպորացիան ստացել է մոտ 7,5 միլիոն դոլար։
Դրամաշնորհի դադարեցման մասին հաղորդվել էր Գործակալության գործադիր տնօրենի պաշտոնակատարի ավագ խորհրդական Քերի Լեյքըի կողմից ստորագրված նամակով:
Նա Newsmax-ին ասել է. - «Հարցը Ամերիկայի ժողովրդի համար այն է՝ արդյոք ցանկանո՞ւմ եք, որ ձեր դժվար վաստակած հարկերի դոլարներն ուղղվեն այս տեսակի քարոզչությանը։ Ես հենց հիմա դրա դեմ եմ պայքարում ԱՄՆ Գլոբալ Մեդիայի գործակալությունում, և դա լինելու է ճակատամարտ»։
One America News-ին էլ տված հարցազրույցում Լեյքը նշել է, որ դեռ չի հասցրել վերանայել USAGM կազմակերպությունների լրագրությունը:
Մարտի 27-ին մեդիա կորպորացիան հայտարարել է, որ սպասում է USAGM-ի կողմից դրամաշնորհի ամբողջական վերականգնման մասին պաշտոնական հաստատմանը: Մինչև ուրբաթ օրվա՝ մարտի 28-ի դրությամբ, գործակալությունից որևէ դրական արձագանք չի ստացվել։
«Մենք անհամբեր սպասում ենք ստանալ ԱՄՆ Գլոբալ ԶԼՄ-ների գործակալության միջոցով Կոնգրեսի կողմից մեզ հատկացված միջոցները: Մինչ այդ մենք կօգտագործենք բոլոր անհրաժեշտ իրավական գործիքները՝ երաշխավորելու Կոնգրեսի որոշումների կատարումը», - հայտարարել է «Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանը: