Կառավարությունն այս տարի նախատեսվածից ավելի քան կես միլիարդ դոլարի պակաս հարկ է հավաքել, ինչը, սակայն, տարին ամփոփող ֆինանսների նախարարին չի խանգարում պնդել, թե մեծ խնդիրներ ու առանց ֆինանսավորման մնացած ծրագրեր չկան:
«Մենք ունենք որոշակի ծախսեր, որոնք ոչ թե չենք իրականացրել, այլ իրանք չէին իրականանալու; Որևէ բան չենք կանգնեցրել, որևէ բան չենք հետաձգել, էն ինչ որ պլանավորված էր, իրականացվել ա», - այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց Վահե Հովհաննիսյանը:
Նման պնդում անելիս երկրի գլխավոր ֆինանսիստը չէ՞ր հիշում, որ ուղիղ մեկ տարի առաջ կենսաթոշակների ավելացում էր անոնսում, թե՞ իրականում նման պլաններ չեն էլ ունեցել, և սրանք պարզապես խոսքեր էին: Հովհաննիսյանը մոռացե՞լ էր, որ խոստացել էին այս տարվա կեսից գործարկել այդպես էլ թղթի վրա մնացած առողջապահության ապահովագրության համակարգը։ «Ազատության» հարցերին ֆինանսների նախարարը հարցով պատասխանեց. - «Հիմա որ դա անեինք ու պրոբլեմ լիներ, ի՞նչ էիք ասելու»:
Վահե Հովհաննիսյանը հավաստիացնում է՝ բոլոր հայաստանցիներին վերաբերող ապահովագրական ծրագիրը սառեցնելու պատճառը փողը չէ, պարզապես համակարգը դեռ պատրաստ չէ. - «Համակարգը պատրաստ չի էնպես գործարկման, որտեղ մենք վստահ լինենք, որ ձեր վճարած գումարները տալու են էդ ծառայությունը, որին դուք ակնկալում եք: Դրա համար որոշվեց դա հետաձգել, համակարգը ավելի բարձր պատրաստվածության մակարդակի բերել»:
Ապահովագրության համակարգը մշակող առողջապահական գերատեսչությանն ու Ֆինանսների նախարարությանը ուղիղ գծով 200 մետրից էլ պակաս տարածություն է բաժանում, մի նախարարությունից մյուսը հասնելու համար հինգ րոպե էլ չի պահանջվի։ Անցած երկար ու ձիգ տարիներին ինչո՞ւ չստացվեց համատեղ ջանքերով իրականացնել խոստումը՝ վերջին պահին հետքայլ անելու ու անպատրաստ լինելու մասին հայտարարելու փոխարեն։
Մեկ տարի առաջ հրավիրված ասուլիսում Վահե Հովհաննիսյանը շատ ավելի դրական էր տրամադրված. - «Ես շատ մեծ հույս ունեմ, որ մեկ-երկու ամսվա ընթացքում մենք արդեն կունենանք վերջնական հավասարակշռված մոդել, որը նաև հանրությանը կներկայացվի»:
Այս խոսքերից 11 ամիս անց ֆինանսների նախարարը համակարգային բարեփոխման անժամկետ հետաձգումը արդյունավետ որակեց. - «Ինքը արդյունավետության ևս մեկ դրսևորում ա, որը նրա մասին ա, որ դուք, օրինակ, չեք ուզում վճարել մի բանի համար, որի համար հետո վստահ չեք՝ կստանա՞ք էն ծառայությունը, թե՞ ոչ»:
Գլխավոր ֆինանսիստը արդյունավետ բառը հաճախ է օգտագործում
Հարկային հավաքագրումներում թերացումների ֆոնին երկրի գլխավոր ֆինանսիստը վերջին շրջանում արդյունավետ բառը հաճախ է օգտագործում. - «Միայն այն, որ 25 թվականին Կառավարությունը կրճատում է պետական կառավարման համակարգի ծախսերի 4 տոկոսը, արդեն իսկ վկայում է, որ մենք չենք խուսափում դուրս գալ մեր հարմարավետության գոտուց և առաջին հերթին ինքներս մեզ ենք արդյունավետության և արտադրողականության բարձրացման հայտ ներկայացնում»:
Պետական մարմիններում ծախսերի նվազեցման մասին այսպիսի հայտարարությունների կողքին իշխանությունները չեն նշում, որ սոցիալական աջակցության ամենատարբեր ուղղություններով գալիք տարի էական նվազեցումներ են սպասվում: Ընդամենը մի քանի ամսից, օրինակ, կկրճատվի արցախցիներին տրվող 50 հազար դրամի աջակցությունը, տարբեր ծրագրերով վարկային փոհատուցումների համար 25-ին շատ ավելի քիչ գումար կհատկացվի։ Սրանք 2024-ի համեմատ ավելի քիչ ֆինանսավորում ստացող ուղղություններից մի քանիսն են։
Այս ամենի կողքին, սակայն, չի կրճատվում, օրինակ, պետական մարմինների պարգևավճարների ֆոնդը, սա՞ է իշխանությունների պատկերացրած արդյունավետությունը. ֆինանսների նախարարի պատասխանը չի տարբերվում հարցի շուրջ իշխանությունների ավելի վաղ տված պարզաբանումներից. - «Աշխատավարձերը ցածր են, էդ ձեր ասած պարգևավճարներով աշխատող չենք կարողանում գտնել»:
Այս տրամաբանությամբ փաստորեն սուղ են նաև 600 հազար դրամ մաքուր աշխատավարձ ու ևս 250 հազար դրամ գրպանի ծախս ստացող պատգամավորների սոցիալական պայմանները, և երևի հենց դա է պատճառը, որ տարբեր առիթներով պարգևատրումներ են ստանում. ամռանը՝ Սահմանադրության օրվա առթիվ, օրինակ, մեկ ամբողջ աշխատավարձի չափով խրախուսվեցին։ Ամանորին, սակայն, կխրախուսվի միայն Ազգային ժողովի աշխատակազմը, դեկտեմբերին պատգամավորները կմնան միայն աշխատավարձի հույսին։ Նրանց համար տոնական պարգևավճար նախատեսված չէ, փոխանցեցին խորհրդարանից։