Արմավիրում ոստիկանի սպանության համար մեղադրվող տղամարդու հարազատներն ու ծանոթները պնդում են՝ իրավապահները սեպտեմբերի 7-ին հայտնաբերված ինքնաձիգի մասին ամիսներ շարունակ իմացել, բայց լռել են։ Ըստ նրանց՝ ոստիկանները «AK-74» ինքնաձիգը չեն առգրավել, որ Մանուկ Մարգարյանից պարբերաբար գումար կորզեն։
41-ամյա տղամարդու համագյուղացիներից մեկը չտեսանկարահանվելու ու ձայնը փոխելու պայմանով «Ազատությանը» պատմեց. - «Իր մոտից էլ, նենց չէր, որ չէին կարող վերցնել, կարող էին վերցնել, բայց չարեցին… հիմա չգիտեմ, իրանց գումարն էր պետք ամեն օրվա, դնեին ջեբները, գնային, էդ էր ավելի լավ իրենց համար, քան թե թողեցին, որ բանը հասավ սրան»:
Մանուկ Մարգարյանը Նալբանդյան համայնքում՝ սեփական այգիներից ոչ շատ հեռու սեպտեմբերի 7-ին հենց «AK -74» ինքնձիգով էր կրակել իր հետևից եկած ոստիկանների ուղղությամբ. ապօրինի զենք պահելու ահազանգը ստուգելու համար ժամանած ոստիկաններից մեկը սպանվել էր, մյուսը՝ ծանր վիրավորվել։
Ներքին գործերի նախարարությունն առայժմ չի արձագանքում հարազատների ու համագյուղացիների պնդումներին, թե ինքնաձիգի մասին ոստիկանները տեղյակ են եղել, ավելին՝ գումար են պահանջել Մանուկ Մարգարյանից։ Սա պատճառաբանում են նախաքննական գաղտնիքով, բայց միաժամանակ հայտնում են, որ ծառայողական քննություն է ընթանում, նաև ուսումնասիրում են, թե ինչու են ոստիկաններն ապօրինի զենք պահելու ահազանգի հետևից առանց զրահաբաճկոն մեկնել։
Իսկ Մարգարյանի համագյուղացիներն ասացին, թե նրան անգամ տևական ժամանակ ինքնաձիգով են տեսել՝ ընտանիքին պատկանող նեկտարինի այգիներ գնալիս։
Այժմ սպանության համար մեղադրվող տղամարդուն հաճախ են վախեցած՝ տարօրինակ վարքով՝ գյուղում շրջելիս հանդիպել. Մարգարյանն իրենց ասել է, թե ոստիկաններն իրեն հետապնդում են։ Ըստ հարազատների, երիտասարդ տղամարդու վարքագիծը փոխվել է 44-օրյա պատերազմից վերադառնալուց հետո. պատերազմ կամավոր էր գնացել։
Մոր՝ Սվետա Մարգարյանի խոսքով՝ տղան անգամ ոստիկանների կողմից իրեն ուղղված սպառնալիքների մասին է պատմել, բայց չեն հավատացել։
«Առողջական խնդիրներ չուներ, բայց ոնց որ թե էրեխուս հոգեկանի վրա էր ազդել… նույնիսկ ասում էր՝ մամ, ես ինչքա՞ն պիտի էս ձևով ապրեմ: Ասում էր՝ մամ, ինձ հետևում են, ինձ ասում են՝ կգանք գլխից քեզ կխփենք տան մեջ: 44-օրյա պատերազմին էլ ինքը ահագին մնաց, հետո հետ եկավ, չգիտեմ, ինձ թվում ա բաներ ա տեսել, վախեցել ա», - պատմեց Մարգարյանը
Մայրը համոզված է՝ ողբերգական դեպքը չէր լինի, եթե ոստիկաններն ավելի վաղ որդուց առգրավեին զենքը։ Չնայած հարևանների պատմածին, պնդում է՝ չի իմացել, որ ինքնաձիգ կա տղայի մոտ։ Պատմում է՝ դեպքից դեռ մի քանի օր առաջ էլ են ոստիկանները մոտեցել Մարգարյանին։ Հարցնում է՝ ինչո՞ւ հենց այդ օրը ինքնաձիգը չեն վերցրել, եթե արդեն գիտեին այդ մասին։
«Մենք չէինք հավատում, բայց փաստորեն դուրս եկավ, որ իրոք իմ էրեխուն հետևում էին: Էդ օրը, որ եկել էին, թող էդ օրը առնեին», - ասաց Սվետա Մարգարյանը:
Ըստ Քննչական կոմիտեի՝ հարցաքննության ընթացքում Մարգարյանն ասել է, թե «AK -74» ինքնաձիգը Արցախից էր բերել 2020-ի պատերազմից հետո։
Այս ողբերգությունը գլխավորապես իրավապահների անգործության հետևանք է. Սաքունց
«Ողջ պատասխանատվությունը իրապես այդ ամեն ինչի կրում է իրավապահ մարմինը հանձինս ոստիկանության», - ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբելայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
Արթուր Սաքունցը կարծում է՝ մեկ ոստիկանի կյանք խլած ողբերգությունը գլխավորապես իրավապահների անգործության հետևանք է։ Պնդում է՝ նույնքան պետական մյուս գերատեսչություններն են պատասխանատու, որ պետք է առանձնակի ուշադիր լինեին պատերազմից վերադարձած տղամարդու նկատմամբ։
«Պատերազմական հետտրավմատիկ վիճակից դուրս բերելու այդ հոգեբանական աջակցության ինստիտուտը, որը պետք է գործեր: Երբ որ մենք պնդում ենք, պահանջում ենք այդ հոգեբանական վերականգնման աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությունը, հենց նման թեկուզ եզակի, բայց դեպքերի մասին է խոսքը, որ եթե ժամանակին ուշադրության կենտրոնում պահվի, մարդկանց աջակցություն տրամադրվի, ապա հնարավոր կլինի խուսափել, կանխել նման դեպքերը», - ընդգծեց նա:
Իրավապաշտպանն ասում է՝ քրեական գործով պետք է քննվի՝ ինչպե՞ս է զենքն անարգել Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխվել ու այդքան տարի այդպես էլ չի առգրավվել։
Իշխանությունն ինքն է պարբերաբար բարձրաձայնում, որ 44-օրյա պատերազմից հետո 17 հազար ինքնաձիգ է անհետացել, որոնք պատերազմ մեկնող քաղաքացիներին վարչապետի որոշմամբ էին բաժանվել։ Կառավարության սեպտեմբերի 12-ի նիստում խոսելով զենքով հանցագործությունների թվի աճի մասին՝ Փաշինյանը հաստատել էր միայն՝ անցած տարիներին ապօրինի զենքը հայտնաբերելու հարցում ոչ մեծ արդյունք են գրանցել
Իրավապաշտպանի խոսքով՝ կորած ինքնաձիգերի խնդիրը փաստում է՝ Պաշտպանության նախարարության ու ոստիկանության թույլ տված լուրջ բացթողումների մասին։
«Զենքն իրապես Արցախից կամ պատերազմական գործողությունից հետո տեղափոխված է, ապա դա նշանակում է, որ զենքի պատշաճ հաշվառում չի իրականացվել, ավելին, երբ որ չեն իրականացվել, ապա ի՞նչ ջանքեր են գործադրվել, որպեսզի այդ չհաշվառված զենքերը վերցնելու ուղղությամբ», - նշեց Արթուր Սաքունցը:
Ըստ վիճակագրական կոմիտեի՝ այս տարվա 8 ամիսներին հրազենով ու այլ ռազմամթերքով 68 հանցանք է իրականացվել, գրեթե 55 տոկոսով ավելի անցած տարվանից։ 2023-ի նույն ընթացքում զենքով 44 հանցանք է իրականացվել։