Մատչելիության հղումներ

«Այնուամենայնիվ, կարծում եմ՝ կան միջնորդներ». Արմինե Մարգարյանը՝ Հայաստան-Ադրբեջան շփումների մասին


«Կանայք և գլոբալ անվտանգության ճարտարապետությունը» կենտրոնի ղեկավար Արմինե Մարգարյանի համոզմամբ՝ կանխատեսելի է, որ Բաքուն մերժելու է հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ ձևավորելու Երևանի առաջարկը, որին Եվրամիությունը շտապել է դրական արձագանքել:

«Այս իրավիճակը շատ հիշեցնում է 2016 թվականից հետո, երբ, հիշում եք, նման բան [եղավ], և այդ մասին նույնիսկ պատերազմից առաջ հայկական կողմը շատ էր ավելի խոսում, և դա նշանակում էր, որ կրքերը բորբոքվում են, այսինքն՝ հայկական կողմը փորձում էր կանխարգելել: Այս առումով մի փոքր մտահոգիչ է, որ մենք այս մասին խոսում ենք, նշանակում է՝ որոշակի օպերատիվ տեղեկատվություն պետք է ունենանք, որ, այնուամենայնիվ, իրենց պլաններում կա որևէ, եթե ոչ լայնածավալ, ապա գոնե տեղային որևէ լարվածություն ստեղծել», - «Ազատությանը» տված հարցազրույցում ասաց Մարգարյանը՝ շարունակելով. - «Իհարկե, Ադրբեջանը պետք է դեմ լինի, բայց ես կարծում եմ, որ այստեղ Եվրոպական միությունը կարող է բավական լուրջ աջակցություն մեզ ցուցաբերել, մասնավորապես՝ Եվրոպական միության քաղաքացիական առաքելությանը եթե տրվի որևէ ֆասիլիտատորի դեր, որովհետև այս կառույցը նաև նպատակ ունի Ադրբեջանում իր իմիջը բարձրացնել: Այսինքն՝ բոլորն էլ հասկանում են, որ կառույցը, այո, Հայաստանում շատ արդյունավետ գործում է, իրապես կարևոր գործ է անում, բայց եթե նույնաչափ գոնե կարողանա, կամ մի փոքր ավելի քիչ կարողանա գործել Ադրբեջանում, սա փոխվստահության միջոցների ամրապնդմանն է [նպաստում]»:

«Այսինքն, դուք այդ մեխանիզմը նման ձևաչափով եք պատկերացնում, որ ԵՄ դիտորդները նաև այնտեղ կենտրոն ունենան», - այս դիտարկմանը Արմինե Մարգարյանն արձագանքեց. - «Առանձնապես լավատես չեմ երկկողմ ձևաչափով Հայաստան - Ադրբեջան շփումների առումով, նույնիսկ այն ձեռքբերումները, որ հիմա ներկայացնում են որպես երկկողմ շփումների արդյունք, ես, այնուամենայնիվ, կարծում եմ, որ այստեղ կան միջնորդներ, որոնք ունեն իրենց ուրույն դերակատարությունը»:

«Եթե օպերատիվ առումով կոնտակտ պետք է լինի, այսինքն՝ եթե մենք այդպես ենք այդ մեխանիզմը [պատկերացնում], սա հոյակապ է, իհարկե, պաշտպանական գերատեսչությունների միջև, բայց ինչքան որ հասկանում եմ՝ այդ մեխանիզմը գրեթե միշտ էլ եղել է, բայց եթե պետք է սիստեմատիկ որևէ հարց լուծվի, ապա այստեղ պետք է լինի ֆասիլիտատոր, և եթե մենք ունենք քաղաքացիական առաքելություն, որի նպատակը հենց ինչն է՝ փոխվստահության միջոցների ամրապնդումը, ապա շատ տրամաբանական է, որ այդ մարմինը կարող է ստանձնել այդ դերը», - ընդգծեց «Կանայք և գլոբալ անվտանգության ճարտարապետությունը» կենտրոնի ղեկավարը:

Սահմանազատման վերաբերյալ Արմինե Մարգարյանը նշեց. - «Նույնիսկ դժվար է ասել, թե դա մեզ ինչպիսի դիվիդենտներ է բերել: Այս պահի դրությամբ կարող ենք դիտարկել որպես դրական, որովհետև փորձեցինք մի փոքր ավելի հետ գցել այդ լարվածության ֆազան, այնուամենայնիվ, տեսնենք հետո ինչ է լինելու, որովհետև սահմանագծումը-սահմանազատումը մեկ տեղով չի բավարարվելու, դեռ պետք է շարունակություն լինի, և շատ օբյեկտիվ եմ համարում այն մտահոգությունները, որ հաջորդ սահմանազատման գործընթացը նորից կարող է լինել այն հատվածներում, որտեղ Հայաստանը, օրինակ, որևէ բան ունի զիջելու: Բայց եթե գործընթացը դրական հունով ընթանա, Ադրբեջանը պետք է այնուամենայնիվ համաձայնի, որպեսզի դա արվի ոչ նույն տրամաբանությամբ»:

«Դուք կարծում եք՝ Արևմուտքը ճնշում գործադրելո՞ւ է, եթե Ալիևը հրաժարվի շարունակել այս գործընթացը, կամ առնվազն՝ մեզ համար ցանկալի հատվածներում՝ Սյունիքում, Վայոց ձորում, Գեղարքունիքում», - այս հարցին էլ Մարգարյանն արձագանքեց. - «Եկեք պրագմատիկ գտնվենք՝ նորից սա կախված է գեոպոլիտիկ զարգացումներից: Այսինքն՝ եթե Միացյալ Նահանգներում մենք ունենանք ընտրությունների արդյունքում ընտրված Դոնալդ Թրամփ, չեմ կարծում: Եթե մենք ունենանք ուկրաինական պատերազմ, որը սառեցված է, բնականաբար՝ նշանակելու է նոր գործընթաց եվրատլանտյան տարածաշրջանային անվտանգության գծման, որտեղ Ռուսաստանը, եթե ունենա հավասարի իրավունքներ, ապա չեմ կարծում, որ Ադրբեջանի վրա որևէ ճնշում կգործադրի, և հավանաբար սրանով էլ պայմանավորված է այն, որ մենք ինքներս շահագրգռված ենք արագ այս գործընթացը ավարտին հասցնելու»:

Դիտարկմանն էլ՝ «մյուս կողմից՝ մենք Բայդենի վարչակազմի օրոք տեսանք, որ Ղարաբաղի էթնիկ զտումը հանդուրժվեց, թեև հակառակի մասին հավաստիացումներ էին հնչում Վաշինգտոնից», Արմինե Մարգարյանն արձագանքեց. - «Ես տպավորություն ունեմ, որ Ղարաբաղի հարցում կարծես կար կոնսենսուս, որ ընդհանուր առմամբ աչք են փակելու դրա վրա: Թողնելու են ռուսներին՝ այն տրամաբանությամբ, որ արդյունքում ռուսները դուրս կգան»:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG