Մատչելիության հղումներ

«Որ պիտի ցանեմ մուկն ուտի, էլ ինչի ցանեմ». Այգաբացում շատերը հրաժարվում են ցորեն ու գարի ցանել


Այգաբացի բնակիչ Վանիկ Ասատրյանը 315 կգ ցորենի սերմացուն գնել, բայց աշնանացան անելու փոխարեն տանն է պահ տվել։ Երկընտրանքի առաջ է. - «Ցանեմ, բայց որ մուկը կուտե, չես քաղե, էրեխեդ կմնա էլի էն վիճակին, որ փողով պտի ալյուր առնիս, էդ էլ բան չէ»:

Վեց երեխաների հայրն ընդամենը 1 հեկտար հող մշակելու հնարավորություն ունի, աշնանացանին պատրաստվել է, սերմացուն գնել է, հողը վարել է, բայց հիմա էլ մկներն են խանգարում. - «Որ պիտի ցանիմ մուկն ուտե, էլ ցանիմ ի՞նչ էնիմ»:

Հարևանի՝ Սուսաննա Երիցյանի բերքը մի քանի տարի է՝ մկներն իրենից շուտ են «քաղում»։

Այգաբացում հիմա շատերն են հրաժարվում ցորեն ու գարի ցանել՝ հատկապես վերջին մեկ-երկու տարում։ Ու պատճառը նաև չարաբաստիկ կրծողներն են:

Գյուղում բազմաթիվ արտեր անմշակ են մնացել։ Այստեղ 400 հեկտար աշնանացան են ցանում, բայց հիմա 100 հեկտար էլ չեն ցանել։ Իսկ դաշտերում մկներն արդեն հասցրել են նոր - նոր ծլած ցորենը վնասել։

Մասնագետները նկատում են՝ այս ու այլ դժվարությունների, օրինակ, թանկ սերմացուի ու պարտարտանյութերի, երաշտի, ոռոգման ջրի բացակայության պատճառով Հայաստանում գյուղատնտեսական հողերի 40 տոկոսը չի մշակվում։ Իսկ երկրում սպառվող ցորենի 70 տոկոսը ներկրվում է, գերակշիռ մեծամասնությունը՝ Ռուսաստանից, տեղում, վերջին տվյալներով արտադրվում է միայն 30 տոկոսը։

Կրծողների դեմ պայքարի համար ուշ աշնանն ու վաղ գարնանը թունաքիմիկատներ են տեղադրում, որը կառավարությունն է տրամադրում։ Գյուղացիներն այն արդյունավետ չեն համարում, քանի որ կրծողների դեմ պայքարը համատարած չէ։

Էկոնոմիկայի նախարարությունը թունաքիմիկատը փոխել է՝ հույս ունենալով, որ այն ավելի լավ կպայքարի կրծողների դեմ։ Շիրակի մարզի համար նաև տրամադրվող թունաքիմիկատի քանակն է ավելացել։

Մարզում 3 տասնյակից ավելի գյուղերի ցանքսեր են տուժել կրծողներից, Այգաբացն ամենաշատը տուժածներից մեկն է, գյուղացիներն ասում են՝ մկները նաև կարտոֆիլի դաշտեր են հասել։

Ավելի մանրամասն՝ «Ազատության» ռեպորտաժում.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG