Մատչելիության հղումներ

Ավանում գործող պետությանը պատկանող մարզադպրոցը ամբողջությամբ ու անհատույց կտրամադրվի նորաստեղծ ընկերության


Ավանում գործող Խաղային Մարզաձևերի Օլիմպիական Մանկապատանեկան Մարզադպրոցի աշխատակիցները՝ պահակներից մինչև հավաքարարներ մի քանի օր առաջ լուրերով են իմացել՝ իրենց աշխատավայրը շուտով ամբողջությամբ ու անհատույց կտրամադրվի այլ ընկերության։

Կառավարությունը որոշել է պետությանը պատկանող դպրոցի ամբողջ տարածքը 25 տարով տրամադրել մի նորաստեղծ ընկերության՝ ֆուտբոլի ակադեմիա հիմնելու համար։ Մարզադպրոցի աշխատակիցներին ու մարզիչներին, սակայն, առայժմ չեն հայտնել՝ այլ հիմնա՞րկ են տեղափոխվելու, թե՞ կորցնելու են աշխատատեղը։

Այս նախագիծը մշակած Պետական գույքի կառավարման կոմիտեից էլ են բաց ասում՝ գործող սպորտ դպրոցի ճակատագիրը դեռ անհայտ է. «Այս պահին քննարկման փուլում է, թե կոնկրետ որտեղ են շարունակելու իրենց գործունեությունը այս պահին հստակ ինֆորմացիա չկա»:

Դպրոցի տարածքը հիմա մարդաշատ չէ, ամառային արձակուրդներից հետո պարապմունքները դեռ նոր պետք է սկսվեն։ Պահակներն ու մարզիչները տեսախցիկի առջև խոսել չեն ուզում, ղեկավարության պարզաբանումներին են սպասում։ Դպրոցը Կրթության նախարարության ենթակայության տակ է գործում, որն առայժմ այս հարցերի վերաբերյալ որևէ մեկնաբանություն չի տվել

Կառավարության որոշումից, սակայն, հստակ է՝ ներքին քննարկումներում նախարարությունը որևէ սկզբունքային առարկություն չի ունեցել մարզադպրոցն օտարել «Նեքստ ջեն սպորտս» ընկերությանը, որը մի քանի ամիս առաջ՝ այս փետրվարին է ստեղծվել։

Ինչ է հայտնի նորաստեղծ «Նեքստ ջեն սպորտս»-ի մասին

Նորաստեղծ «Նեքստ ջեն սպորտս»-ի մասին քիչ բան է հայտնի, նրանց պաշտոնական կայքում էլ չկա որևէ տվյալ, թե ինչպես նրանց հետ կապ հաստատել։

Ընկերությունը գրեթե 10 միլիոն դոլարանոց գույքի տեր կդառնա մի շարք թղթաբանական հարցեր լուծելուց հետո։ Դրա դիմաց խոստացել են տարածքում մոտ 2.5 միլիոն դոլարի ներդրում կատարել ու իտալական «Յուվենթուս» ֆուտբոլային ակումբի ակադեմիա հիմնել, մարզադաշտեր, մարզասրահ, լողավազան, հյուրանոց կառուցել։ Ընկերությունից խոստացել են առաջիկայում շնորհանդեսով ներկայացնել նախագիծը։

Ըստ պետռեգիստրի՝ ընկերության միակ սեփականաետերը նախկին Հանրապետական պատգամավոր, գործարար, Վրաստանում Հայաստանի նախկին դեսպան Ռուբեն Սադոյանի որդին է՝ Ալֆրեդ Սադոյանը, որի գործունեությունը նաև օֆշորների հետ է կապվում։ Տարիներ առաջ «Հետք»-ը, հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի հետ նրա անունը գտել էր պանդորայի փասաթղթերում ու գրել՝ դեռ ուսանող տարիներին կրտսեր Սադոյանը օֆշորային ընկերության համասեփականետեր է դարձել։ Ավելի քան 10 տարի անց Սադոյանի բիզնես հոտառությունը նրան Թուրին է հասցրել, «Յուվենթուս»-ի հետ պայմանագիր է կնքել։

Որոշումից առաջ ամեն ինչ ստուգվել է, վստահեցնում է Պետական գույքի կառավարման կոմիտեի հանրային կապերի պատասխանատու Արաքս Առաքելյանը:

«Այս ընթացքում բանակցություններ իրականացվել են այս ընկերության հետ, ինչպես ներկայացվել է նախագծում, իրենք միակ ընկերությունն են, որ «Յուվենթուս» ակումբի հետ ունեն պայմանագիր համագործակցության, պայմանագիրը, բնականաբար, ամեն ինչ ստուգվել է և համապատասխան ստորաբաժանումների դրական կարծիքից հետո մշակել ենք նախագիծ ու ներկայացրել կառավարությանը», - նշեց Առաքելյանը:

«Եթե տարածքներն այլ բիզնես նպատակներով շահագործվեն պայմանագիրը կխզվի»

Ավանի մարզադպրոցը այս գործարքի մի մասն է միայն, «Նեքստ ջեն սպորտսը» ձեռք է բերում նաև պետությանը պատկանող «Հրազդան մարզահամալիր ՓԲԸ-»-ն, սա մարզադաշտին հարակից ավելի քան 8 միլիոն դոլար կադաստրային արժեքով տարածքն է։ Բուն մարզադաշատը շարունակում է գործարար Աշոտ Աղաբաբյանին պատկանել։ Այստեղ էլ խոստացել են 5 տարվա ընթացքում ավելի քան 3 միլիոն դոլար ներդնել ու ֆուտբոլային ենթակառուցվածքներ կառուցել. - «Բուն տարածքի հանձնումը դա կլինի տասը տարի անց կամ միգուցե շուտ, եթե նշված հընկերությունը ավելի շուտ վճարումները կատարի: Մենք տարաժամկետ սկզբունքով ենք տրամադրել, ու բաժնետոմսերը՝ մինչև 10 տարի մարման ժամկետով, եթե ավելի շուտ էլ անի, ավելի շուտ մասնավորացման պրոցեսը լիարժեք իրականացված կարող ենք համարել»:

Կառավարությունից վստահեցնում են՝ եթե այս տարածքներն այլ բիզնես նպատակներով շահագործվեն պայմանագիրը կխզվի:

Իշխանությունները խոստացել են «Հրազդան»-ին կից տարածքում նաև Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության նոր դպրոց կառուցել, ծրագրում են 2027-ին այնտեղ եվրոպայի առաջնություն հյուրընկալել։ Տեղում առայժմ ոչինչ չի հուշում շինարարության հնարավոր մեկնարկի մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG