Աշտարակի ոստիկանապետ Սերգեյ Մարտիրոսյանը ազատման դիմում է գրել: Ներքին գործերի նախարարությունը շտապեց տեղեկացնել, որ ոստիկանապետի ազատումը կապված չէ Արագածոտնի մարզպետի օգնականին երեկ բերման ենթարկելու դրվագի հետ։
Իսկ երեկ Shamshyan.com-ն էր նկարել՝ ինչպես են մարզպետի օգնական Արմեն Մարկոսյանի ձեռքերը ոլորելով բաժին տանում։ Ոստիկանությոuնից «Ազատությանը» հայտնեցին, որ Ագարակ-Աշտարակ ճանապարհահատվածից ապօրինի թմրամիջոց պահելու հիմնավոր կասկածով ձերբակալել, բաժին են տեղափոխել մի տղամարդու, ում մոտ անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մոտ 11,5 գրամ դեղնականաչավուն զանգված։ Քննչական կոմիտեից միայն տեղեկացրին, որ այս գործով մեկ անձ է ձերբակալվել։
«Ուսուցիչ է եղել, սպորտեսմեն է եղել, չեմ զգացել, որ նմանատիպ երևույթների նկատմամբ հակվածություն ունենա», - մարզպետ Սերգեյ Մովսիսյանը դրական բնութագիր տվեց իր օգնականին՝ շեշտելով, սակայն՝ անալիզների պատասխանին է սպասում։
Մարզպետը երեկ ասել էր, թե Աշտարակի ոստիկանապետի ու Արագածոտնի մարզային վարչության պետի հարաբերությունները լարված են, չէր բացառել, որ երկու իրադարձությունները՝ Աշտարակի ոստիկանապետի աշխատանքից ազատվելն ու իր օգնականի մոտ թմրանյութ գտնելը, գուցե կապ ունեն իրար հետ։
Այսօր, սակայն, «Ազատության» հետ զրույցում նա պնդեց խոսքի միայն առաջին հատվածը. - «Մեկը մյուսի հետ ընդհանրապես կապ չունի, որովհետև ինչքան ես գիտեմ իր ազատման դիմումը մինչև այս դեպքն էր գրվել: Այսինքն՝ այդ ամեն ինչը համընկել էր: Ես ենթադրություն եմ հայտնել, որովհետև գիտեի իրենց հարաբերությունների հետ կապված»:
Թե ինչ չէին կիսել Աշտարակի ոստիկանապետն ու իր օգնականը, մարզպետը խոսել չցանկացավ։
Իոաննիսյանը պաշտոնից հեռացող ոստիկանապետի մասին ուշագրավ մանրամասներ է պատմում
Պաշտոնից հեռացող ոստիկանապետի մասին, սակայն, ուշագրավ մանրամասներ է պատմում ոստիկանական բարեփոխումների անհրաժեշտության մասին տևական ժամանակ բարձրաձայնող Դանիել Իոաննիսյանը։ «Իրազեկ քաղաքացի» հասարակական կազմակերպության ղեկավարը Աշտարակի ոստիկանապետի ատեստավորման խնդրահարույց դրվագներ է հիշում։ Ըստ Իոաննիսյանի՝ Սերգեյ Մարտիրոսյանը պարզապես սուտ տեղեկատվություն էր հայտնել։ Ավելին՝ ատեստավորմանը մասնակցած քաղհասարակության ներկայացուցիչը պնդում է, որ նրա պաշտոնավարման օրոք այս տարածաշրջանում քրեածին երևույթները շատացել են։
«Տեսնում ենք, որ որոշ կրիմինալներ մոտիկ հարաբերությունների մեջ էին Աշտարակի ոստիկանապետի հետ, իրենց շատ լավ էին զգում ու հակառակը՝ հանրությունը որոշ տեղերում նույնիսկ վախեցած, ահաբեկված էր իրեն զգում», - ասաց Իոաննիսյանը՝ նշելով. - «դեռ էն ժամանակ ինքը պետք է ոչ միայն չատեստավորվել, այլև պաշտոնանկ արվեր: Բայց նախարար Վահե Ղազարյանն, ըստ էության, պաշտպանում էր, միգուցե, որ ինքը բարձրաստիճան ազգական ունի ոստիկանությունում»:
Քաղաքական ենթատեքստ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչը չի տեսնում Արագածոտնի մարզում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձություններում։