Շուտով 15 ամիսը կլրանա, որ Նադեժդա Արզումանյանը քնում, արթնանում է միակ ցանկությամբ՝ որդու աճյունը Մարտունու գերեզմանոցից Հայաստան տեղափոխվի։ Զենիթահրթիռային մարտկոցի դասակի հրամանատար 25-ամյա Վաչագան Դադալյանը, որ Արցախի նախորդ պատերազմներին էր մասնակցել, զոհվեց նախորդ տարվա սեպտեմբերի 19-ի մարտերում։
Զոհվելու միայն հաջորդ օրն են համարձակվել տիկին Նադեժդային հայտնել բոթը, նրա ամուսինը երիտասարդ տարիքում էր մահացել, դուստրը՝ 14 տարեկանում, մնացել էր Վաչագանը։ Նրա մարմինը «Եռաբլուր» տեղափոխելու մտադրություն եղել է, սակայն այդ օրերին Մարտունուց դուրս բերող ճամփաները փակ էին, հետո՝ տեղահանման ժամանակ, ասել են՝ անհնար է. - «Այսօր անտեր-անտիրական մեր երեխաների շիրիմները այնտեղ, անգամ չհասցրինք գոնե շիրմաքարեր դնենք»։
Սեպտեմբերի 19-ի պատերազմի առաջին ժամերին զոհված սերժանտ Սասուն Ավանեսյանի մարմինը մնացել է Ստեփանակերտի եղբայրական գերեզմանում, շիրմաքար, անուն-ազգանունն անգամ չհասցրին տեղադրել։
Զոհվելուց հետո մարմինը գերի մնաց, ասում է Սասունի քույրը՝ Բելլա Գալստյանը։ Պատմում է՝ Սասունը զոհվել էր, մյուս զինծառայող եղբայրը՝ Դավիթը, շրջափակման մեջ էր, սպասում էին, որ մի կերպ գա հասնի հուղարկավորությանը. - «Մեզ ասացին՝ որ համապատասխան դեղորայքը չկա, պետք է հուղարկավորեք, որովհետև արդեն հետո շատ-շատ են էլի բերել մարմինները»։
Հետո մի լուծում կգտնվի, ասել են, իսկ հետոն բենզինի պահեստի պայթյունն էր, որի հետևանքով մահացավ ադրբեջանական շրջափակումից փրկված Դավիթը նույնպես։ Մահացավ երևանյան հիվանդանոցում ու հուղարկավորվեց «Եռաբլուրում», Սասունի աճյունը մնաց Ստեփանակերտում։
Երկու որդիներին տարբեր գերեզմանոցներում հուղարկավորած մայրը՝ Գալինա Ավանեսյանն այն հավատով է ապրում, որ հնարավոր կլինի արտաշիրիմում անել ու Սասունի մարմինը տեղափոխել։ Ընտանիքում տագնապով են հետևում այն շինարարությունը, որ Բաքուն սկսել է իր հսկողության տակ անցած տարածքներում:
Վերջին մեկ տարում մի քանի անգամ ընտանիքներին ասել են՝ համաձայնությունը կայացած է, աճյունները կտեղափոխվեն, սակայն վերջին պահին չեղարկվել է։
Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն այս շաբաթ գանգատ է ուղարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարան նախորդ տարվա սեպտեմբերի զոհերի 36 ընտանիքների անունից. - «Մեր պահանջն է արձանագրել խախտումներ և հարկադրել Ադրբեջանին աճյունները, մասունքները հանձնել ընտանիքներին»։
Միայն մի դեպքում կարող է պետությունը, այն էլ կարճ ժամկետով հետաձգել աճյունի փոխանցումը, եթե փորձաքննությունների կարիք կա, ընդգծում է իրավապաշտպանը։ Ըստ Սահակյանի՝ Ադրբեջանի ստեղծած խնդիրների հետևանքով է այս իրավիճակն ստեղծվել՝ մարդիկ հնարավորություն չեն ունեցել տեղահանման ժամանակ աճյուններ դուրս բերել, Արցախում էլ պատշաճ հուղարկավորելու հնարավորություն չի եղել՝ շիրմաքարեր չկան, կան զոհեր, որոնց տների բակերում են հողին հանձնել։
Սահակյանի գրասենյակը մինչև Ստրասբուրգի դատարան դիմելը սեպտեմբերյան մարտերի 46 զոհերի տվյալներ է հավաքագրել, կազմել են քարտեզ, թե ով որ հատվածում է հուղարկավորված, այդ քարտեզը նույնպես դատարան են ուղարկել։
Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.