Մատչելիության հղումներ

Արցախում բենզինի պահեստի պայթյունից փրկվածները դեռ վերականգնողական երկարատև բուժման կարիք կա


Արցախում բենզինի պահեստի պայթյունից փրկվածներն ամեն օր հանդիպում են նույն տեղում՝ Այրվածքաբանության ազգային կենտրոնում. վերականգնողական երկարատև բուժման կարիք կա։

Գևորգը բենզին ուներ, հարևաններին էր տարել։ Պայթյունից հետո բետոնե սալերի հետ ներքև՝ պահեստի տարածք է ընկել, եռացող երկաթներից ու քարերից բռնվելով վերև բարձրացել։ Ձեռքերի 10 մատները գրեթե հալվել էին։ Հիմա մի ձեռքը վիրակապված է, ներսում վերջին պլաստիկ վիրահատության արդյունքը՝ մատներ կան... Գևորգը դրանց մասին հումորով ու սիրով է խոսում. «Մատներս երկարացրել են»:

Այրվածքաբանականում մի 20 անգամ վիրահատել են Գևորգին, էլի պիտի վիրահատեն այնպես անեն, որ ձեռքերը գործեն, զուգահեռ վերականգնող մասնագետները անընդհատ աշխատում են:

219 հոգու կյանք խլած ողբերգական պայթյունի հետևանքնով նաև 300 հոգի էր վիրավորում ստացել։

Այրվող փոսից կարողացել է դուրս գալ նաև Արամայիս Գրիգորյանը, նա վերևում բեզինի հերթում էր պայթյունի պահին: Դեմքը, ոտքը, մեջքը, ամենաշատը ձեռքերն են վնասվել։

Շատերի դեպքում հենց վերջույթներն են այրվել, մարդիկ կրակից փորձել են դուրս պրծնել բռնվելով տարբեր եռացող մակերեսներից:

Այժմ պլաստիկ վիրահատությունների շարք են սկսել Այրվածքաբանականում։ Մեկ տարի անց վերքերը սպիացել են, բայց դրանք թույլ չեն տալիս, որ մարմնի ֆունկցիոնալությունը լիարժեք վերականգնվի, ասում է կենտրոնի փոխտնօրենը:

«Վերքային մակերես չկա, բայց խորը այրվածքների միտումն այն է, որ վերջում, բուժելուց որոշ ժամանակ հետո՝ մոտավորապես 1 ամիս և ավելի, առաջանում են հետայրվածքային սպիեր, որոնք կարող են խանգարել շարժումներին», - ներկայացրեց փոխտնօրեն Կարինե Բաբայանը:

Պլաստիկ և ռեկոնստրուկտիվ վիրաբույժ Ֆելիքս Ներսիսյանն է վիրահատել ու առաջիկայում էլ վիրահատելու պայթյունից տուժածներին. - «Այրվածքները ծավալով թե՛ մեծ էին, թե՛ խորն էին, բնականաբար, դա ենթադրում է, որ շտկող պլաստիկ վիրահատությունները հնարավոր չեն մի էտապով իրականացնել»:

Առողջապահության նախարարության տվյալով՝ հայաստանյան բուժհաստատություններում 243 հոգի է բուժօգնություն ստացել, 5-ը երեխաներ։ 20 հոգու բուժումը կազմակերպվել է դրսում՝ Նահանգներ, Ֆրանսիա, Իտալիա...

Պայթյունից փրկվածները պատմում են Հայկազովի զորամասի վառելիքի պահեստի վայրում թեպետ փորձում էին հերթ պահել, թույլ չտալ ծխողներին մոտենալ հորերին, բայց միևնույնն է՝ հսկող, կարգավորող չկար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG