Մատչելիության հղումներ

Արցախից՝ Հայաստանի տարբեր անկյուններ. ինչպես են բերդաշենցիները փորձում «կյանքը սկսել զրոյից»


Արցախից տեղահանվելուց հետո Սիրունն ու Նարեկը երեք երեխաների հետ ապրում են Արմավիրի Հովտամեջ գյուղում։ Նույն տանն են նաև Սիրունի տատն ու պապը, ինչպես նաև եղբոր 5 հոգանոց ընտանիքը։

Վարձած տան այգում փորձել են ստեղծել փոքր տնտեսություն Արցախում թողած հսկա այգիների ու ֆերմայի փոխարեն։

Թե ինչ են կորցրել ու ինչ են թողել Արցախում, ամուսինները պատմում են երկար, հետո իրենք իրենց ստիպում խոսել ապագայի մասին։ Սիրունը աշխատանքի է անցել Հովտամեջի նախակրթարանում. - «Նայում ենք անցյալին, ապրում ներկայով՝ օրով, ու իհարկե մտածում ապագայի մասին, երեխաները մեծանում են...»։

Երկուսով նաև փոքրիկ բիզնես են սկսել, Արմավիրից միրգ ու բանջարեղեն են տանում մյուս մարզերում վաճառելու։

Էմմա Թովմասյանն ու ընտանիքի անդամները
Էմմա Թովմասյանն ու ընտանիքի անդամները

Էմմա Թովմասյանն էլ Բերդաշեն գյուղից է, Արցախում է թողել հայրենի գյուղը, այգին, բակն ու մեծ տունը, որտեղ երկար սեղաններ էր գցում։

73-ամյա տիկին Էմման հետ նայելիս հիշում է ոչ միայն իրենց գեղեցիկ գյուղն ու ապրած երջանիկ պահերը, այլև 4 պատերազմ, ընդ որում Ղարաբաղյան առաջին պատերազմի տարիներին նրա երեք երեխաները փոքր էին, ամիսներով գիշերում էին նկուղում։

Հիմա Կոտայքի մարզում են, վարձով բնակվում են Բյուրեղավանում՝ փոքրիկ բնակարանում՝ ինքն ու որդու ընտանիքը։ Տան բոլոր անդամները աշխատում են, տատիկն էլ զբաղվում է առաջին դասարանցի թոռնուհու՝ Մարիայի խնամքով։

Ասպրամ Ավանեսյանը և եղբայրը
Ասպրամ Ավանեսյանը և եղբայրը

Ասպրամ Ավանեսյանը 23 տարեկան է, մյուսների նման՝ Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղից։ Նրա 7 հոգանոց ընտանիքից Հայաստանում կյանքին ամենաարագը հարմարվել է եղբայրը՝ Լեոն։ Վերջին մեկ տարին Ասպրամի համար նոր բնակավայրում կյանք սկսելու և Արցախում տեղի ունեցածը մի կերպ ընկալելու ժամանակահատված էր։

Արցախի Բերդաշենից Ասպրամենց հարևանների ու բարեկամների մի մասը Կոտայքում են, մյուսները սփռվել են Հայաստանի ողջ տարածքում՝ Լոռուց մինչև Սյունիք, իսկ մի մասը հասցրել է ավելի հեռու գնալ՝ Ռուսաստանի Կրասնոդարի ու Ստավրոպոլի երկրամասեր։

Նարինե Կարապետյանը
Նարինե Կարապետյանը

Լուսանկարիչ Նարինե Կարապետյանը վերջին մեկ տարում ամենաշատը արցախցիներին է նկարել, վավերագրել մարդկանց կյանքը Հայաստան տեղափոխվելուց հետո ու նաև Արցախի վերջին օրերին։

Պատմում է, որ Արցախի վերջին օրերին երկու երեխաներն իր խնամքին էին, նրանց տանը թողնել ու Ստեփանկերտում շրջել չկարողացավ, փոխարենը նկարեց իրենց նկուղում ու բակում ապաստանած մարդկանց, որոնք եկել էին ոչ հեռու գյուղերից։

Արցախում վերջին պատերազմից ու տեղահանումից 1 տարի անց երիտասարդ կինը ի վերջո գոնե մասամբ թոթափել է հոգնածությունը, որ իրականում ոչ թե ֆիզիկական էր, այլ պայմանավորված շրջափակմամբ, պատերազմով ու Արցախի անորոշ ապագայով, ի վերջո կորստով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG