Մատչելիության հղումներ

Արտագաղթը որպես երևույթ մինչև հիմա ուսումնասիրված չէ. վարչապետ


Երևանի «Զվարթնոց» օդանավակայանը, արխիվ
Երևանի «Զվարթնոց» օդանավակայանը, արխիվ

Ազգագրագետը հիշեցնում է՝ վերջին 35 տարիներին խորքային տարբեր հետազոտություններ կան:

Արտագաղթը որպես երևույթ մինչև հիմա ուսումնասիրված չէ, ամբողջական պատկերացում չունենք դրա մասին, Կառավարության նիստում խոստովանեց վարչապետը։

«Մենք պետք է հասկանանք՝ ինչպես և ինչ շեշտադրումներով խոսել ժողովրդագրության մասին մի միջավայրում, որտեղ երկրի բնակչության մի շատ զգալի հատվածի առաջնային խնդիրը հետևյալն է՝ ոնց անել, որ իր տղան չգնա բանակ», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Որ հատկապես պատերազմից հետո հայաստանցիներին հուզող ամենամեծ խնդիրը ներքին ու արտաքին անվտանգությունն է, Փաշինյանն ինքն էլ ընդունեց: Արտագաղթի մի շարք պատճառներ թվարկելուց հետո նաև մարդու իրավունքներին ու ազատությանն անդրադարձավ, ասաց՝ առիթներ ունեցել է արտերկրում աշխատող հայերին հարցնել՝ ինչո՞ւ են գնացել հայրենիքից. - «Պարզվում է, որ մեկը արտագաղթել է իր սանրվածքի պատճառով, մեկը արտագաղթել է իր ականջին օղ կախելու պատճառով... Էս թեմաների հետ որ չառնչվենք, արտագաղթ երևույթը մենք չենք հասկանա»:

«Մենք անընդհատ կենացներ ենք ասում՝ Սփյուռքը գա, և այլն, Սփյուռքի ներուժը նենց անենք գան... ինչի՞ համար գան: Ասենք, կներեք, էլի, էդ ո՞վ է Բրյուսելում իրա կյանքը հանդարտ՝ մեր չափանիշներով, գալու, բան անի, գնա ապրի, ասենք, ենթադրենք, Մովսես գյուղում կրակոցների տակ», - նշեց վարչապետը:

Արտագաղթի պատճառները Կառավարության նիստում քննարկեցին ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թվականների ռազմավարությունը հաստատելիս։

Սոցապ նախարար Նարեկ Մկրտչյանն ասում էր՝ փաստաթղթի նպատակն է մինչև 2040 թվականը 20 տոկոսով կրճատել Հայաստանի բնակչության ծերացման ցուցանիշը: Իսկ որ դա տեղի ունենա, առաջիկա 16 տարիների ընթացքում պետությունը խոստանում է ընտանիքի բարեկեցությունը խթանող միջավայր ստեղծել, մահվան ռիսկի գործոնները նվազեցնել, ակտիվ, առողջ և արժանապատիվ ծերության պայմաններ ապահովել, ավագ սերնդի ներկայացուցիչների ներուժն ավելացնել, և այլն:

«Առաջիկա երեք ամիսների ընթացքում պետք է հաստատենք նաև գործողությունների ծրագիր և առաջիկայում մեր այն միջոցառումները, որոնք որ պետք է նպաստեն՝ հասնելու մեր ռազմավարական այդ չորս նպատակներին», - նշեց նախարարը:

Փաշինյանն այստեղ էլ հորդորեց մարդու բարեկեցության մասին խոսելիս հաշվի առնել անգամ ամենատարրական թվացող սոցիալական հարցերը, օրինակ՝ կենցաղային պայմանները, քաղաքակիրթ տրանսպորտից օգտվելու հնարավորությունը, որակյալ և հասանելի կոմունալ ծառայությունները, առողջապահությունն ու կրթությունը:

«Ժողովրդագրության ասելով, տենց, մեր սովորույթի համաձայն կարող է վերջում գանք ծննդաբերության հարցի վրա բան անենք, կենտրոնանանք ու սկսենք հարցը դիտարկել էդ տրամաբանությունից: Ժողովրդագրությունը մեր բոլորիս հավաքական գործունեության մասին է», - հայտարարեց վարչապետը՝ հավելելով. - «Արդարությունն է ժողովրդագրության անբաժանելի մասը»։

Ի՞նչն է Փաշինյանին խանգարում արտագաղթի մասին համապարփակ փաստաթուղթ ունենալ. ազգագրագետ

Որ չկա մեկ միասնական փաստաթուղթ արտագաղթի պատճառների մասին, ազգագրագետ Հրանուշ Խառատյանն էլ է հաստատում, բայց հիշեցնում է՝ վերջին 35 տարիներին խորքային տարբեր հետազոտություններ կան: Հիմնական պատճառներն անվտանգությունից բացի դեռ շարունակում են մնալ սոցիալական խնդիրները, իրավական համակարգի տարբեր խոչընդոտներ և այլն: Ազգագրագետը հիշեցնում է՝ տեղահանված արցախցիների մեծ մասը հենց սոցիալական ու իրավական խնդիրների է բախվել, այսպիսի հետազոտություն էլ կա:

Ազգագրագետ Հրանուշ Խառատյան, արխիվ
Ազգագրագետ Հրանուշ Խառատյան, արխիվ

«Առանձին հետազոտված է, թե Հայաստան եկած ավելի քան 500 հազար փախստականներից ինչքան գնացին զանազան բախումների, վարչական պրոբլեմների պատճառով: Ուրիշ խնդիր է, որ սրանք իշխանությունների համար ցանկալի հետազոտություններ չեն», - «Ազատության» հետ զրույցում ասաց Խառատյանը:

Փորձագետը հարցնում է՝ ի՞նչն է Փաշինյանին խանգարում արտագաղթի մասին համապարփակ փաստաթուղթ ունենալ:

«Եթե իշխանություններին իսկապես արտագաղթը իր ամենատարբեր պրոբլեմների հետևանքներ որպես հետաքրքրում է, երբևէ պատվիրե՞լ է, օրինակ, Գիտությունների ազգային ակադեմիային մի այդպիսի համալիր, համակարգված, տարբեր ասպեկտները ներկայացնող լուրջ հետազոտություն: Բայց ընդհանուր հայտարարությունը ամենահեշտ բանն է իհարկե՝ անել հայտարարություն՝ լուրջ հետազոտություն չկա, տեղյակ չլինելով գոնե առկա հետազոտական արդյունքներին», - ընդգծեց Հրանուշ Խառատյանը:

Մինչ Կառավարության անդամները քննարկում էին՝ ինչ անել, որ Հայաստանի քաղաքացու կյանքն ավելի բարեկեցիկ լինի, Երևանում դեռ ամբողջությամբ չի լուծվել տրանսպորտի խնդիրը, մարզերում էլ դժգոհություններն այս առումով քիչ չեն, Հայաստանը դեռ չունի առողջապահական ապահովագրություն, բուհերում մի շարք մասնագիտությունների գծով լսարանները դատարկ են մնում, հատկապես մարզերում թափուր են մնում ուսուցիչների հաստիքները: Առանձին խնդիր է անձրևներից հետո հեղեղվող մայրաքաղաքը: Բանակում էլ մահվան դեպքերի թվերը չեն նվազում. վերջին տասն ամիսներին բանակում 32 զինծառայող է մահացել, նրանցից 28-ը՝ ոչ մարտական պայմաններում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG