Մատչելիության հղումներ

Տուժած լրագրողները վստահ են՝ ոստիկանները հատուկ են թիրախավորել իրենց


Ոստիկանները խափանում են բողոքի ակցիաները, Երևան, 14-ը մայիսի, 2024թ.
Ոստիկանները խափանում են բողոքի ակցիաները, Երևան, 14-ը մայիսի, 2024թ.

Փաստաբան Ռուբեն Մելիքյանն ահազանգում է՝ այսօրվա անհնազանդության ակցիաներից մեկի ընթացքում «կարմիր բերետավորների» կողմից անհամաչափ ուժի կիրառման հետևանքով քաղաքացիներից մեկի ոտքն է կոտրվել։ Փաստաբաններն արդեն հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել: Դատախազությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ այս պահին վարույթ նախաձեռնված չէ, այդ ուղությամբ այժմ աշխատանքներ են իրականացվում:

Ակցիայի մասնակիցներից բացի նաև տուժած լրագրողներ կան: Այսօր մայրաքաղաքի Աբովյան փողոցում Mediahub-ի լրագրող Նարե Գևորգյանին ոստիկանական մեքենան հարվածեց հենց հետիոտնային անցումի վրա։ Նա լուրջ վնասվածք չի ստացել:

«Վստահ եմ, որ ինքը դիտավորյալ քշեց, քանի որ էդ մեքենայից առաջ [...] էլի ոստիկանական մեքենաները մարդկանց վրա էին քշում, ու մարդկանց շատ վատ ձևով էին այսօր բերման ենթարկում, ոնց որ երեկ», - «Ազատությանն» ասաց լրագրողը՝ շարունակելով. - «Բարեբախտաբար, հարված լուրջ չեմ ստացել, [...] բայց էդ պահին աչքերիս առաջ սևացավ, ու եթե չլիներ ոստիկանության մայորը՝ պարոն Լևոն Ղազարյանը, միանշանակ ընկնելու էի, որովհետև աչքերիս առաջ սևացած էր, ու անկեղծ, եթե նայեք կադրերում, մոլորված չգիտեմ ինչ անեմ էդ պահին: Ինձ տանում են, ջուր են խմեցնում, լվացվում եմ, այդ պահին թվում է, թե ամեն ինչ անցավ, հետո մի քանի րոպե քայլելուց հետո ծնկիս հատվածում ահավոր ցավ զգացի, այսինքն՝ չէի կարողանում շարժեի, բութ ցավ էր, թմրած, ծակծկոցով ցավ էր»:

Միջադեպից մի քանի ժամ անց Քննչական կոմիտեն հայտարարեց, որ քրեական գործ է հարուցել։ Լրագրողին հարվածելու միջադեպը Քննչականը որակել է ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնների խախտում։ Քննչականից «Ազատությանը» փոխանցեցին՝ եթե կպարզվի, որ դիտավորություն կա ու դա կապված է անձի մասնագիտական գործունեության հետ, դրան էլ կտրվի իրավական գնահատական։

Լրագրողը միջադեպից հետո անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց։ Պատմեց, որ լուրջ վնասվածքներ, բարեբախտաբար, չունի. - «Ռենտգեն են արել, սալջարդ ու կոտրվածք չունեմ, բայց նյարդային ինչ-որ բան կա, քսուքներ, ու դեղեր պիտի խմեմ, որ էդ ցավը ուղղակի անցնի: Ասացին, որ բնականոն է ու նորմալ է, որ ծնկի հատվածում կարող է ցավ լինել, որովհետև ամենազգայուն գոտին է ու բնականաբար պիտի ցավեր»:

Երեկ էլ 24news-ի լրագրող Մերի Մանուկյանն էր ակցիայի ժամանակ գետնին տապալվել, երբ «կարմիր բերետավորները» ցուցարարներին էին բերման ենթարկում։ Թե՛ Մերի Մանուկյանը, թե՛ Նարե Գևորգյանը պնդում են՝ ոստիկանները հատուկ են թիրախավորում լրագրողներին։

«Հիմա, որ անգամ մենք ենք դարձել ամենաառաջնային թիրախը, շատ վատ է, ուզում են էս ձևով երևի թե ազատ խոսքը լռեցնել: Բայց իմ համար շատ ցավալի է, որ և՛ ինքն է համարվում ոստիկան, և՛ էն մարդը, որ ինձ էդ պահին օգնում ու տանում է այդ տարածքից, քանի որ, կրկնեմ, եթե ինքը չլիներ՝ էդ ոստիկանը չլիներ ինձ օգնող, ես ընկնելու էի, ու հաստատ ավելի մեծ վնասվածք էր լինելու, էլ չասեմ ավելի վատ հետևանքներ, որ մեքենան կարող է գար ու արդեն ինձ տրորեր, եթե ընկնեի: Այսինքն՝ շատ վատ է, որ համակարգում կան և՛ այն ոստիկանները, և՛ այն ոստիկանները», - ընդգծեց Նարե Գևորգյանը:

Լրագրողական կազմակերպությունները դեռ երեկ էին իրենց անհանգստությունը հայտնել անհնազանդության ակցիաների ժամանակ ոստիկանների գործողությունների մասին։ 8 կազմակերպությունները պահանջում են գործուն միջոցներ ձեռնարկել զանգվածային ակցիաների ընթացքում լրագրողների և օպերատորների անխոչընդոտ աշխատանքն ապահովելու, նրանց դեմ բռնությունները բացառելու ուղղությամբ։

Ոստիկանները երբեմն նաև լեզվակռվի մեջ են մտնում անհնազանդության ակցիաների մասնակիցներն ու որոշ լրագրողների հետ, փոխադարձ մեղադրանքներ են հնչում։

Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանը ոստիկան-քաղաքացի, ոստիկան-լրագրող վեճերը համեմատում է բակային կռիվների հետ։

«Դա մենք տեսնում ենք շատ հաճախ, և դա խոսում է նրա մասին, որ մեզանում այդ ոստիկանության բարեփոխումները, որոնց մասին շատ է խոսվել, իրենց անհրաժեշտ արդյունքը չեն տվել: Ոստիկանները՝ որպես պաշտոնական անձինք, պիտի վաղուց դա հաշվի առնեին, եթե նրանք անհրաժեշտ պրոֆեսիոնալ պատրաստվածություն են ստանում, և ոչ մի կերպ չպատասխանեն նույն կենցաղային մակարդակով, պետք է ունենան համապատասխան հմտություններ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Նավասարդյանը:

Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահն ընդգծում է՝ ոստիկանները պետք է հաշվի առնեն այն, որ լրագրողները կարող են սուր հարցեր տալ, իսկ իրենք վաղուց պետք է տիրապետեին թե՛ լրագրողների հարցերին և թե՛ քաղաքացիներին արձագանքելու հմտություններին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG