Մատչելիության հղումներ

Աշխատանքից ազատվել է Արյունաբանական կենտրոնի ղեկավարը, գործընկերոջ պնդմամբ՝ սրբազանի հետ ողջագուրվելու պատճառով


Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյան, արխիվ
Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյան, արխիվ

Վարչապետի հրաժարականը պահանջող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ ողջագուրումից տասն օր անց Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը նախարարի հրամանով ազատվել է աշխատանքից: Ինքը Դանիելյանը հրաժարվում է այսօր խոսել պատճառների մասին:

«Սա քաղաքական հետապնդո՞ւմ եք համարում», - «Ազատության» այս հարցին նա արձագանքեց. - «Ես ոչինչ չեմ համարում, ամեն ինչը կաշխատեմ մատուցել լրագրողներին, և դրանով իմ կարապի երգը կլինի, կվերջանա»:

Հարցին էլ՝ ներկայացնելո՞ւ էր իր թեկնածությունը տնօրենի պաշտոնի համար առաջիկա մրցույթին, Դանիելյանը պատասխանեց. - «Իհարկե ոչ: Ես իմ գործը արել եմ, իմ աշակերտները հնգապատիկ ավելի լավ կանեն: Ես եկել եմ Միացյալ Նահանգներից, իրենց խնդրանքով եմ նշանակվել և մնացել եմ էստեղ, և այլն, և այլն»:

Նույն հիվանդանոցի կազմում գործող Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանը, մինչդեռ, ենթադրում է՝ տնօրենին աշխատանքից հեռացրել են իր քաղաքական հայացքների պատճառներով:

«Օրեր առաջ բժիշկ Դանիելյանը սրբազանի քայլերթի ժամանակ ողջագուրվել էր սրբազանին, և, բնական է, դա ցնցումներ էր առաջացրել մեր բարձրագույն, էսպես կոչված, ղեկավարության կողմից, և ենթադրում եմ, որ դրանից հետո նախարարի առջև պահանջ էր նման դրվել՝ պետք է շատ շտապ էդ հարցը լուծել», - հայտարարում էր Թամամյանը:

Ավելի ուշ նաև «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը նույն պնդումն արեց. - «Այսօր Յոլյանի անվան արյունաբանական ինստիտուտի տնօրենին, ում ես ճանաչում եմ արդեն 11 տարի շարունակ, այսօր ազատել են գործից, որովհետև ողջագուրվել է ինձ հետ և մասնակից է եղել այս ամբողջ երթին»:

Շուրջ 5 տարի՝ թավշյա հեղափոխությունից հետո Արյունաբանական կենտրոնը ղեկավարած Սամվել Դանիելյանը վերջին 8 ամիսներին հիվանդանոց մտնում էր որպես ժամանակավոր տնօրեն, որի պաշտոնավարման ժամկետն ավարտվում էր 20 օրից։ Նոր տնօրեն նշանակելու համար նախարարությունն արդեն երկրորդ անգամ է մրցույթ հայտարարել:

«Ազատության» հետ զրուցում Դանիելյանն ասաց՝ մրցույթին իր թեկնածությունը չէր պատրաստվում ներկայացնել: Ինչո՞ւ նախարարությունը չսպասեց, մինչև մրցույթը կայանար. Առողջապահության նախարարությունից հստակ չեն պատասխանում, չեն մեկնաբանում նաև՝ արդյո՞ք Սամվել Դանիելյանին հեռացրել են իր քաղաքական հայացքների համար:

«Պարոն Դանիելյանի հետ աշխատանքային պայմանագիրը լուծվել է մայիսի 15-ին, պարոն Դանիելյանը կենտրոնի ժամանակավոր պաշտոնակատար էր, և հունիսի 7-ին իր պարտականությունների կատարման ժամկետը ավարտվելու էր», - ասաց նախարարի խոսնակը՝ «Ազատության» հարցին, թե ինչո՞ւ նախարարությունը շտապեց, պատասխանելով. - «Հիմնադիրը՝ այս դեպքում Առողջապահության նախարարությունը, այդպես է նպատակահարմար գտել: Ինչ վերաբերում է քաղաքական շահարկումներին, ես դա չեմ մեկնաբանի»:

Տնօրենի ազատումից հետո այսօր ազատման դիմում է ներկայացրել նաև այս մասին առաջինը բարձրաձայնած նրա գործընկեր Գևորգ Թամամյանը: Ասաց՝ ինքը սատարել ու սատարելու է Գալստանյանի առաջնորդած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը:

«Շարունակում եմ իմ աջակցությունը հայտնել և ամբողջովին սատարում եմ Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը և նրա կողքին եմ լինելու, եղել եմ ու լինելու եմ», - հայտարարեց Թամամյանը:

«Պարզվում է, Կոտայքի փոխմարզպետը ուզում է գործից հանել ընդդիմության հավաքների մասնակից ուսուցիչներին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Դանիել Իոաննիսյանն ու ընդգծել. - «Ժամանակն է, որ ՔՊ-ում հասկանան՝ այսպես շարունակելու դեպքում մի օր ժողովուրդը էնքան կզզվի, որ համաձայն կլինի անգամ ռուսամետների իշխանության գալուն»։

Իոաննիսյանն «Ազատությանն» ասաց՝ իր այդ գրառմամբ արձագանքել է այս օրերին սոցիալական ցանցերում տարածված սքրինշոթին, ըստ որի՝ Կոտայքի փոխմարզպետը ՔՊ-ի փակ խմբում գրել է. - «Ովքեր մասնակցել են միտինգին, պետական ու կրթական համակարգում տեղ չունեն»:

Կոտայքի փոխմարզպետ Հայկ Մկրտչյանն «Ազատության» հետ զրույցում հերքեց, թե դա իր գրառումն է. - «Դա լկտի սուտ է, ոնց որ վերջին օրերին տեղադրվում ա մի քանի սքրինշոթեր, նույնը սա ա, սարքած ա, շատ պարզ, հասարակ, փնթի գործ արած սարքած սքրինշոթ ա: Ես այդպիսի բան չեմ գրել, իմ էջերում չի երևում, ոչ մի գաղտնի խումբ չկա ՔՊ-ում, որ գրվի, ես չգիտեմ՝ դա որտեղից են վերցրել և ով ա դրա տարածողը: Ես այդպիսի լիազորություն չունեմ՝ մարդկանց աշխատանքից ազատելու»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG