Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հուլիսի 17-ին երկօրյա այցով կմեկնի Լոնդոն:
Այդ մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ որոշում է ստորագրել։
Այցից այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Նոյեմբերի վերջին Լոնդոնում բացվեց Հայաստանի նոր դեսպանատունը, տրվեց ՀՀ-ՄԹ ռազմավարական երկխոսության մեկնարկը։
«Ռազմավարական երկխոսության միջոցով մենք վերահաստատում ենք Միացյալ Թագավորության հետ սերտորեն աշխատելու մեր հանձնառությունը՝ համաշխարհային մարտահրավերներին դիմակայելու և մեր ընդհանուր շահերն առաջ մղելու հարցում: Մենք ձգտում ենք երկկողմ համագործակցության է՛լ ավելի հավակնոտ օրակարգի՝ Հայաստան-ՄԹ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման միջոցով», - հայտարարել էր Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, ով Լոնդոնում էր՝ բացելու Հայաստանի դեսպանության նոր շենքն ու մասնակցելու ՀՀ-ՄԹ ռազմավարական երկխոսության առաջին նիստին։