Առինջ մոլի տարածքում այսօր բացվեց Իրանի առևտրի կենտրոնը, որտեղ ներկայացված են իրանական շուկայի խոշորագույն արտադրողները՝ նավթի, գազի, նավթաքիմիկատների ու դեղագործության ոլորտում, նաև կենցաղային տեխնիկայի, շինարարական նյութերի, թղթի արտադրությամբ զբաղվող ընկերությունների արտդրանքները:
Հայ-իրանական բիզնես կենտրոնի 50 տոկոսի բաժնետերը Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ»-ն է, մյուս 50 տոկոսը՝ իրանական ParsHilal Caspian Group-ը։ 18 հազար քառակուսի մետր տարածք ունեցող իրանական այս կենտրոնը կառուցվել է Գագիկ Ծառուկյանի միջոցներով և նախատեսվում էր, որ նա նույնպես ներկա կլինի կենտրոնի բացմանը, սակայն կարմիր ժապավենը կտրեցին Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Իրանի արդյունաբերության և առևտրի նախարար Սեյյեդ Աթաբաքին և Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։
Հայ -իրանական բիզնես կենտրոնի տնօրեն Համլետ Թումանյանը պարզաբանեց՝ միջոցառումն արարողակարգի պատճառով նախատեսվածից շուտ է սկսվել, այդ պատճառով էլ Ծառուկյանը չի հասցրել գալ։
«Ծրագրի մեջ նշված էր, որ ինքն էլ պետք է ելույթ ունեն, անձնական խնդիրներով չհասցրեց, մենք էլ պրոտոկոլների պատճառով շուտ կազմակերպեցինք, չհասցրեց գալ», - ասաց Թումանյանը:
Իրանն ու Հայաստանը նպատակ ունեն ապրանքաշրջանառությունը հասցնել 3 միլիարդ դոլարի
«Հայաստանում բացվել է աշխարհի ամենամեծ իրանական առևտրի կենտրոնը», - իր ելույթում շեշտեց Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին, ընդգծելով, որ այդ փաստը վկայում է Իրանի և Հայաստանի միջև բարեկամական խորը հարաբերությունների մասին։
«Իրանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառության ծավալը թռիչքային աճել է և լիահյուս եմ, որ այս կենտրոնի շնորհիվ ավելի մեծ թափ կհաղորդվի 2 երկրների միջև առևտրային հարաբերությունների զարգացմանը։ Հայաստանի և Իրանի ղեկավարները նախանշել են ապրանքաշրջանառության ծավալները հասցնել 3 միլիարդ դոլարի, և մենք պետք է ջանքեր գործադրենք դա իրողություն դարձնելու համար», - հայտարարել է Սոբհանին։
Հայաստանի Էկոնոմիկային նախարար Գևորգ Պապոյանն էլ ողջունեց Հայաստանում առևտրի կենտրոն բացելու իրանական կողմի նախաձեռնությունը, ընդգծելով, որ Հայաստանի և Իրանի առևտրաշրջանառությունն այս պահին կազմում է ավելի քան 700 միլիոն ամերիկյան դոլար։
«Բայց մենք հանձնառություն ունենք մոտ ապագայում այդ թիվը հասցնել նախ մեկ միլիարդի, ապա, ինչպես պարոն դեսպանը նշեց, հաջորդիվ երեք միլիարդի», - ընդգծեց Պապոյանը:
Ի դեպ, Իրանի առևտրի կենտրոնն նաև ունի առանձնացված սրահ՝ աղոթքի համար։ Ելույթներից հետո իրանցի պաշտոնյաները շտապեցին աղոթքի, որից հետո կրկին շարունակեցին իրենց մասնակցությունը հանդիսավոր միջոցառմանը։
Իրանի Առևտրի կենտրոնի 100 -ից ավելի տաղավարները կառաջարկեն ինչպես մանրածախ, այնպես էլ մեծածախ ապրանքներ։ Հայ - իրանական բիզնես կենտրոնի տնօրեն Համլետ Թումանյանը, որ Իրանի քաղաքացի է, ասում է, թե նպատակ ունեն իրանական ապրանքները Հայաստանի միջոցով արտահանել նաև եվրասիական երկրները և հակառակը։
«Նավթի նախարարությունը կամ Գազի նախարարությունը Պարսկաստանի կամ Պարսից ծոցի հոլդինգը համարյա աշխարհի ամենամեծ նավթային ֆիրմաներն են, և առաջին անգամ պատմության մեջ երկրից դուրս իրենք արդեն ներկայացուցիչ ունեն», - ասաց Թումանյանը:
Ի դեպ, Իրանի առևտրի կենտրոնում, իրանական պետական և մասնավոր ընկերությունների կողքին 3 տաղավար էլ ունի Բելառուսի Հանրապետությունը, որի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մտերիմ հարաբերություններ ունի։