Տարիներ շարունակ արգելված «Զարյա 3» նռնակը Առողջապահության նախարարությունը դարձրել է թույլատրելի Ներքին գործերի նախարարության առաջարկով։ Ուժային կառույցն է դիմել նախարար Անահիտ Ավանեսյանին, խնդրել ստուգել ու եզրակացություն տալ մինչև այդ արգելված նռնակի վերաբերյալ, հայտնում է Առողջապահության նախարարությունը: Ընդ որում՝ «Ազատության» գրավոր հարցման պատասխանել են օրենքով սահմանված ժամկետները խախտելով՝ 5 օրվա փոխարեն 21 օր անց։
«Տրամաբանությունից դուրս է առաջին հերթին այն պատճառով, որ այդ հայտը եկել է հենց Ներքին գործերի նախարարությունից, այսինքն՝ Առողջապահության նախարարությունը կարծես թե րոպեների ընթացքում կարող է դակել ցանկացած հայտ, որը գալիս է նախարարության կողմից, որը ուժային կառույց է, և հանրային առողջության հետ կապված որպես այդպիսին խորագույն ուսումնասիրություն չի կատարվել», - «Ազատության» հետ զրույցում ասաց իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը:
Պարզվում է՝ Վահե Ղազարյանի գլխավորած կառույցն է դիմել Առողջապահության նախարարություն, հիմնավորելով, թե անհրաժեշտություն է առաջացել սահմանելու «ոստիկանության սպառազինության մեջ ընդգրկվող մի քանի նոր հատուկ միջոցների կիրառման համար թույլատրելի չափանիշները»։ Այլ հիմնավորում, դատելով Առողջապահության նախարարության պատասխանից, Ներքին գործերի նախարարությունը չի ներկայացրել։ Իսկ թե ինչու է ՆԳՆ-ն որոշել իր սպառազինության մեջ ներառել մինչ այդ արգելված միջոցը, գերատեսչությունից չեն պատասխանում։
Այս թեմային հետևող Զարուհի Հովհաննիսյանը տարակուսած է. - «Այնուամենայնիվ, այս հրամանի խմբագրումը կապված է հենց անթույլատրելի միջոցի օգտագործման հետ, որը հետագայում հնարավորություն է ստեղծում նմանատիպ փոփոխությամբ խմբագրել, վերանայել, որ դա այդքան էլ վնասակար չէ»:
Ընդդիմադիրների հունիսի 12-ի հավաքից առա՞ջ, թե՞ դրանից հետո է Ներքին գործերի նախարարությունը նման առաջարկ արել, հայտնի չէ։ Իրավապաշտպանները շարունակում են պնդել, որ այդ օրը «Զարյա 3» է կիրառվել, իսկ այդ ժամանակ այն դեռ արգելված էր: Այդ օրը բեկորային վնասվածք էր ստացել 57 քաղաքացի։ Ներքին գործերի նախարարությունը երկու ամիս անց էլ չի հերքում, որ արգելված «Զարյա 3»-ով է ցրել Բաղրամյան-Դեմիրճյան հատվածի հանրահավաքը։
«Այսինքն՝ արդեն իսկ մենք ելնում ենք այն փաստից, որ առողջապահության նախարարի հրամանը՝ որքանով իրավաչափ է, որքանով ենթադրվում է, որ հանրային առողջության գերակա շահից է ելնում, միևնույն է, ստորագրվել է ավելի ուշ և հետադարձ ուժ ունենալ չի կարող: Արդեն իսկ մենք փաստում ենք և ամրագրում ենք այն փաստը, որ հունիսի 12-ին կիրառված հատուկ միջոցը արդեն իսկ անթույլատրելի էր», - ընդգծեց Հովհաննիսյանը:
Շաբաթներ առաջ առողջապահության նախարարը լրագրողների հետ զրույցում իր բացատրությունն էր տվել արգելված նռնակը թույլատրելի դարձնելու մասին, այդպես էլ չհստակեցնելով, թե ինչ կարիք է առաջացել հավաքները ցրել հենց այս տեսակի նռնակի միջոցով, երբ այն տարիներ շարունակ պարզապես արգելված միջոց է համարվել։
«Կյանքը փոփոխվում է, առաջանում են որոշակի իրավիճակներ և անհրաժեշտություններ մեր իրավական ակտերը փոխելու», - հայտարարել էր Անահիտ Ավանեսյանը, - «Մասնագիտական խումբը որոշում է կայացրել, որ այն, ինչ որ ընդգրկված է, համապատասխանում է ստանդարտներին»:
Անահիտ Ավանեսյանը նաև հերքել էր, թե նռնակը կիրառել են, հետո հետին թվով հրամանում փոփոխություն արել։ Նաև ընդգծել էր, որ «Զարյա 3»-ը թույլատրելի են դարձրել մասնագիտական կառույցների եզրակացություններից հետո։ Իր ղեկավարած նախարարության ենթակա Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը և Դատաբժշկական գիտագործնական կենտրոնը եզրահանգել էին, որ «Զարյա 3»-ը վտանգավոր չէ:
Այնինչ Հայաստանի նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանն էր «Ազատության» հետ զրույցում հակառակը պնդել. - «Զինված խմբավորումներ, զինված հանցագործին, խումբ-խմբավորումներին զինաթափելու համար: [Բայց] Ոչ [հավաքները], դրա վնասվածքը, հետևանքները կարող են անդառնալի լինեն: Որ ասեմ անմիջապես մահաբեր է՝ ոչ, բայց կարող է բեկոր լինի, և կարևոր արյունատար անոթ վնասվի, և բժիշկները չկարողանան անմիջապես տվյալ քաղաքացու կյանքը փրկել»:
«Զարյա 3»-ի այս պատմությունը մի մութ անկյուն էլ ունի՝ ինչո՞ւ Առողջապահության նախարարությունն այն չի ստուգել անկախ մարմնում, այլ ապավինել է իր իսկ ենթակայության հիմնարկներին, հարցնում է իրավապաշտպանն ու պնդում՝ հունիսի 12-ի էջը իշխանությունները չեն ուզում բացել. մինչ արդեն դատարանում է այդ օրվա մեղադրյալ ցուցարարների գործը, հատուկ միջոցներ և ուժ կիրառած ոստիկաններից որևէ մեկը մեղադրյալ չէ։