Վիլնյուս այցի շրջանակներում հունիսի 20-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայայի հետ:
Հայաստանի ԱԳՆ հաղորդագրությունում հանդիպման մասին այլ մանրամասներ չեն նշվում:
Մայիսի կեսին Ալեքսանդր Լուկաշենկոն Իլհամ Ալիևի հետ քննարկել էր 2020-ի պատերազմը և այն, թե ինչպես են իրենք ժամանակին հավատացել Ադրբեջանի հաղթանակին: Ազգային ժողովում Փաշինյանը հիշեցրեց Լուկաշենկոյի հայտարարությունը, թե 44-օրյա պատերազմը նախապատրաստելուն մասնակցել է, քաջալերել, հավատացել է ու ցանկացել է, որ Ադրբեջանը հաղթի։
«Բա դրանից հետո ես պիտի գնամ Բելառուսի նախագահի հետ ՀԱՊԿ ֆորմատում նստեմ հարց քննարկե՞մ»,- ասաց Փաշինյանը՝ շարունակելով․ - «Բելառուս այլևս երբեք ես չեմ այցելի քանի Բելառուսում նախագահ է Ալեքսանդր Լուկաշենկոն: Եվ ընդհանրապես հայտարարում եմ, որ այս պահից Հայաստանի Հանրապետության ոչ մի պաշտոնական ներկայացուցիչ Բելառուս չի այցելի»։
Փաշինյանի ելույթից րոպեներ անց Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարեց, թե հետ է կանչում Բելառուսում Հայաստանի դեսպանին՝ խորհրդակցությունների համար։ Ժամեր անց էլ հետևեց Մինսկի համարժեք արձագանքը՝ Բելառուսը ևս ետ կանչեց իր դեսպանին։