Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ Օմանում անցյալ շաբաթավերջին կայացած բանակցությունները նշանավորեցին Իրանի և ԱՄՆ-ի միջև վերջին տարիների առաջին պաշտոնական շփումը: Եվ չնայած մեծ առաջընթաց չի գրանցվել, այն բավական էր ցույց տալու կողմերի պատրաստակամությունը՝ նվազեցնել լարվածությունը դիվանագիտության, ոչ թե ռազմական գործողությունների միջոցով:
Իրանցի և ամերիկացի բանակցողներն ապրիլի 12-ին պայմանավորվել են շարունակել բարձր մակարդակի բանակցությունները Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ապրիլի 19-ին: Ակնկալվում է, որ բանակցությունների վայրը Մերձավոր Արևելքից կտեղափոխվի Եվրոպա:
Օմանում տեղի ունեցած հանդիպումից առաջ Վաշինգտոնն ասում էր, որ բանակցությունները կլինեն ուղիղ, մինչդեռ Թեհրանը հակառակն էր պնդում։
Արդյունքում, այն իր մեջ պարունակում էր և՛ ուղիղ, և՛ անուղղակի հանդիպման տարրեր։
Բանակցությունները հիմնականում ընթանում էին անուղղակի կերպով. օմանցի դիվանագետները սենյակից սենյակ հաղորդագրություններ էին փոխանցում: Սակայն բանակցությունների ավարտին Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին և ԱՄՆ-ի Մերձավոր Արևելքի հարցերով բանագնաց Սթիվ Ուիթքոֆը կարճատև հանդիպում ունեցան։
«Այսպիսով, բանակցությունների անցկացման համար երկու կողմի առաջ քաշած հիմնական պայմաններն էլ բավարարվեցին», - «Ազատություն» ռադիոկայանին ասել է Նյու Յորքում տեղակայված Eurasia Group-ի՝ Իրանի գծով ավագ վերլուծաբան Գրեգորի Բրյուն:
Փորձագետը միաժամանակ հորդորում է չգերագնահատել արդյունքները. - «Դեռևս լիովին պարզ չէ, թե ինչ է ձեռք բերվել՝ հետագա քննարկումների համար հիմք ստեղծելուց բացի»։
Արաղչին Ուիթքոֆի հետ իր կարճ զրույցն անվանել է «դիվանագիտական քաղաքավարություն»։ Սակայն նույնիսկ դա բավարար էր, որպեսզի զգալի լավատեսություն առաջանա տարածաշրջանում, որտեղ իրավիճակը լարված է մնում Գազայի շուրջ շարունակվող հակամարտության և Սիրիայում ռեժիմի փոփոխության ֆոնին:
Իրանի տարածաշրջանային մրցակից Սաուդյան Արաբիան, որը թերահավատորեն էր վերաբերվում 2015 թվականի միջուկային համաձայնագրին և ողջունել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ 2018 թվականին դրանից դուրս գալու որոշումը, ողջունեց Օմանում կայացած բանակցությունները: Բահրեյնը և Կատարը ևս ողջունեցին այդ բանակցությունները՝ քաջալերող հայտարարություններով։
Դժվար որոշումներ են անհրաժեշտ
Վերլուծաբանները կարծում են, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ գործարքը հնարավոր է, եթե Իրանի գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին պատրաստ լինի դժվար որոշումներ կայացնել:
Թեև Սահմանադրությունը նրան տալիս է գերագույն իշխանություն պետական բոլոր հարցերում, Խամենեին ուղիղ պատասխանատվությունից խուսափելու համբավ է ձեռք բերել:
«Տպավորություն է, որ Խամենեին դեռևս չի ցանկանում պատասխանատվություն ստանձնել։ Դա երևում է նրա վերջին հրապարակային հայտարարություններից, որտեղ նա ասում է, որ դեմ է բանակցություններին, և որ բանակցություններ կարող են անցկացվել, բայց ինքը պատասխանատվություն չի կրի դրանց արդյունքների համար», - «Ազատություն» ռադիոկայանին ասել է միջազգային հարաբերությունների վերլուծաբան Ֆերեշթե Փեզեշքը Վաշինգտոնից։
Իրանը հայտնվել է ծանր իրավիճակում. տարածաշրջանում նրա աջակիցների ցանցն այժմ թուլացել է, տնտեսությունը դժվարությունների է բախվում ԱՄՆ պատժամիջոցների պատճառով, մինչ երկրում աճում են ապրանքների գները, իսկ բնակչության գնողունակությունը նվազում է:
«Իրանի ներսում իրավիճակը նույնպես փոքր-ինչ մեծացնում է համաձայնության հասնելու հավանականությունը», - հավելել է Փեզեշքը։
Ճնշմանը ավելանում են Թրամփի ռազմական գործողությունների սպառնալիքները, եթե համաձայնություն ձեռք չբերվի: Թեև Իրանի պաշտոնյաները հրապարակայնորեն մերժում են պատերազմի հավանականությունը, վերլուծաբաններն ասում են, որ Թեհրանը լրջորեն է վերաբերվում այդ սպառնալիքին:
Հետագա ճանապարհ
Միսուրիի գիտության և տեխնոլոգիայի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Մեհրզադ Բորուջերդին Օմանում կայացած հանդիպումը բնութագրում է որպես սառույցը տեղից շարժելու բանակցություններ, որոնք չեն անդրադարձել կարևորագույն հարցերին:
«Նրանք, հավանաբար, պայմանավորվել են ժամանակացույցի և քննարկման ընդհանուր թեմաների շուրջ, սակայն կարևոր հարցերը կբարձրացվեն հետագա հանդիպումներում», - ասել է նա «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում։
Բորուջերդին հավելել է, որ և՛ Թեհրանը, և՛ Վաշինգտոնը կարծես «հետ են կանգնել իրենց առավելապաշտական պահանջներից»՝ ճանապարհ հարթելով իրագործելի համաձայնագրի համար:
Բանակցությունների հաջորդ փուլի ձևաչափը դեռևս բացահայտված չէ, սակայն անուղղակի բանակցությունների քննադատներն ասում են՝ Վաշինգտոնը պետք է պնդի, որ լինի ուղիղ շփում։ Նրանք վկայակոչում են անուղղակի դիվանագիտության նախորդ փորձերի ձախողումները:
«Միացյալ Նահանգները պետք է հստակեցնի, որ եթե հաջորդ փուլում ուղղակի, բովանդակալից բանակցություններ չլինեն, ապա ընդհանրապես բանակցություններ չեն լինի», - գրել է «Միավորված միջուկային Իրանի դեմ» ոչ կառավարական կազմակերպության քաղաքականության տնօրեն Ջեյսոն Բրոդսկին X սոցիալական ցանցում, հավելելով, որ ուղիղ շփումներից խուսափելով՝ Թեհրանը փորձում է ձգձգել բանակցությունները։
Մյուս չլուծված հարցն այն է՝ արդյոք Թրամփը ձգտում է սահմանափակե՞լ Իրանի միջուկային ծրագիրը, թե՞ ամբողջությամբ ապամոնտաժել այն:
Թեհրանը վճռականորեն դեմ է իր միջուկային ծրագրի փակմանը, սակայն բազմիցս հայտարարել է, որ չի ձգտում միջուկային զենք ստեղծել և պատրաստ է համապատասխան երաշխիքներ տրամադրել:
Ամեն դեպքում, գործարքին հասնելու ցանկությունն իսկապես ակնհայտ է, և կան հիմքեր պնդելու, որ դա Իրանին ավելի շատ է պետք, քան Միացյալ Նահանգներին։
Այնուամենայնիվ, համաձայնության հասնելը կախված է նրանից, թե արդյոք Իրանի ղեկավարները «իմաստություն և քաջություն» կցուցաբերեն, ասել է Փեզեշքը:
Առայժմ երկու կողմերն էլ կարծես պատրաստ են շարունակել երկխոսությունը, բայց ժամանակը սպառվում է: