Մատչելիության հղումներ

«Առաջին հարկից շենքը նստում է»․ Սևանի 4-րդ կարգի վթարային այս շենքում դեռ երկու ընտանիք է բնակվում


Շենք-ուրվական, որտեղ վերջին բնակիչները պայքարում են օր օրի փլուզվող պատերի ներսում գոյատևելու ու անտուն չմնալու համար։

Սևան քաղաքի Նալբանդյան 36 հասցեում է փլուզվող քառահարկ շենքը։ Այստեղ մնալը վտանգավոր է անգամ ամեն վայրկյան. պատերին ամեն օր նոր ճաքեր են ավելանում, հներն ավելի են լայնանում:

Դեռ 10-ը տարի առաջ իրականացված փորձաքննությամբ այս շենքը դասվել է բնակվելու համար վտանգավոր՝ քանդման ենթակա 4-րդ վթարայնության շինությունների շարքին, իսկ բնակիչներին կոչ են արել անհապաղ լքել այն։

«Առաջին հարկից շենքն արդեն նստում է», - «Ազատության»-ը փոխանցեց բնակիչներից մեկը։

66-ամյա Սուսաննա Սարգսյանն ու որդին և նրանց միակ հարևան ընտանիքն են մնացել շենքի երկրորդ մուտքում. նրանք միասին փորձում են կանխել հնարավոր փլուզումները՝ հնարավոր ու իրենց հասանելի ամեն միջոցով, անգամ փայտերի։

1960-ականներին կառուցված շենք այնքան զգայուն է, որ երկրաշարժի էֆեկտն այստեղ զգալի է ամեն օր՝ հարևանությամբ անցնող բեռնատարների անցուդարձի պատճառով։

2013 թվականին շենքի երկրորդ մուտքի 16 ընտանիքներից 14-ին կառավարությունն աջակցություն է հատկացրել, որ տուն գնեն։ Մեծ մասը վերցրել ու հեռացել են շենքից։ Սուսաննա Սարգսյանի ընտանքին 3 մլն դրամ են տվել։ Ասում է՝ աջակցությամբ անգամ Սևանին մոտ գյուղերում տուն չի կարողացել գտնել ու ընտանիքը փաստի առաջ է կանգնել՝ զրկվելով անգամ այդ աջակցությունից։

Սուսաննա Սարգսյան
Սուսաննա Սարգսյան

Սուսաննայի մյուս երկու հարևաններն այդ աջակցությունն էլ չեն ստացել։ Սիրվարդ Տերտերյանը, որը ևս աջակցություն չի ստացել, ստիպված է եղել լքել շենքը։ Նրա բնակարանը հենց առաջին հարկում է։ Տարիներ առաջ իր տանը տեղի ունեցած փլուզումից հետո դուռն անգամ բացել չի կարողացել ու ամուսնու հետ մեկ օրում՝ անտուն է դարձել։

78-ամյա կինը տասը տարուց ավելի պայքարում է՝ սեփական տանն ապրելու կամ էլ փոխհատուցում ստանալու համար։

Սիրվարդ Տերտերյան
Սիրվարդ Տերտերյան


Այս տարիների ընթացքում միայն բողոքների տրցակն է ավելացել, դիմել է հնարավոր բոլոր գերատեսչություններին, անգամ վարչապետին: Հաշմանդամության 3-րդ խումբ ունեցող կնոջ համար անցած տարիներին միայն քաշքշուկն է ավելացել։

Կառավարությունից Սիրվարդ Տերտերյանին ու հարևանին փոխհատուցում չտրամադրելը հիմնավորում են այլ տանը մասնաբաժին ունենալով։ Մինչդեռ տիկին Սիրվարդն ասում է, որ վաղուց արդեն այլ հասցեում սեփականություն չունի։ Նա նշում է, որ սա իր միակ սեփականություն է, որի վկայականը տարիներ շարունակ պահում է՝ մի օր սեփական անկյուն ունենալու հույսով։

Դեռ անցած տարի աշնանն այն ժամանակ տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանը խորհրդարանում հայտարարում էր, որ վթարային շենքերի հարցով կառավարությունում քննարկումներ են ընթանում։

«Մեր քննարկումները հիմա ծավալվել են նրա շուրջ, որ կարողանանք որոշակի, ըստ առաջնահերթության, դասակարգենք, բյուջեում կամ այլ ծրագրերում որոշակի գումարներ նախատեսենք և, ըստ վտանգավորության աստիճանի ու առաջնահերթության, այդ խնդիրները լուծում ստանան», - հայտարարում էր Սանոսյանը։

Քաղաքաշինության կոմիտեի տվյալներով՝ Հայստանում վթայրային 614 բազմաբնակարան շենք կա, որից 524-ը՝ երրրորդ, իսկ 90-ը՝ քանդման ենթակա՝ 4-րդ աստիճանի է։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG