Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ պատրաստ է այցելել Գերմանիա, Ֆրանսիա և Մեծ Բրիտանիա՝ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների համար։
Մինչ այդ Իրանի իշխանությունները վերսկսել են բանակցությունները Միացյալ Նահանգների հետ. հերթական փուլը նախատեսված է շաբաթ օրը՝ Օմանի մայրաքաղաքում։
Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան, Միացյալ Նահանգների հետ միասին, 2015 թվականին կնքված պատմական համաձայնագրի կողմ են։ Գործարքը սահմանափակումներ էր նախատեսում Իրանի միջուկային ծրագրի համար՝ պատժամիջոցների մեղմացման դիմաց։ Պայմանավորվածությունները դադարեցին գործել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից 2018 թվականին այն միակողմանի խզելուց հետո։
«Մոսկվայում և Պեկինում վերջերս կայացած խորհրդակցություններից հետո ես պատրաստ եմ առաջին քայլը կատարել՝ այցելելով Փարիզ, Բեռլին և Լոնդոն», - X-ում գրել է Արաղչին՝ հավելելով, որ բաց է քննարկելու «ոչ միայն միջուկային հարցը, այլև փոխադարձ հետաքրքրություն և մտահոգություն ներկայացնող ցանկացած այլ ոլորտ»:
Ֆրանսիայի դիվանագիտական գերատեսչության խոսնակ Քրիստոֆ Լեմուանը «Ֆրանս պրեսս»-ին ասել է, որ Փարիզը կսպասի տեսնելու, թե ինչ քայլեր կհաջորդեն իրանցի նախարարի հայտարարությանը։ Ֆրանսիացի պաշտոնյան միաժամանակ հավելել է, որ Ֆրանսիան «շատ պատրաստակամ է շարունակի երկխոսությունը իրանցիների հետ» միջուկային թեմայի շուրջ։
Գերմանիան և Մեծ Բրիտանիան դեռևս չեն արձագանքել Արաղչիի առաջարկին: