Մատչելիության հղումներ

Արաբական երկրները, ընդհանուր առմամբ, երջանիկ են, որ Թուրքիան «խաղից դուրս» վիճակում է. վերլուծաբան


Երկու երկրների դրոշները
Երկու երկրների դրոշները

Վերջին անգամ Թուրքիայի նախագահը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից խիստ քննադատեց Իսրայելին՝ (ԱՄՆ-ի ԵՄ-ի կողմից ահաբեկչական ճանաչված) «Համաս»-ի դեմ պատերազմի համար։

Էրդողանը հույս ուներ իրեն Իսրայելին քննադատողների առաջնագծում դնել, քանի որ Թուրքիան միակ երկիրն է, որ պատերազմի պատճառով առևտրային էմբարգո է կիրառում Իսրայելի դեմ։ Իսրայելցի վերլուծաբանները, սակայն, կանխատեսում են, որ Անկարայի այս դիրքորոշումը հետևանքներ կունենա։

Իսրայելի արտաքին քաղաքականության մասնագետ Գալիա Լինդենշտրաուսը կարծում է, որ Թուրքիան մտադիր է ներգրավել իսրայելա-պաղեստինյան գործընթացում. - «Մյուս կողմից՝ նա այնպես է հեռացել Իսրայելից, որ շատ դժվար է պատկերացնել՝ ինչպես Իսրայելը թույլ կտա Թուրքիային ներգրավվել»:

Իսրայելին դիմակայելու հարցում առաջատար դեր ստանձնելու ձգտող Էրդողանը միաժամանակ փորձում է ճամփա բացել՝ հակամարտության կարգավորման մեջ դեր ունենալու համար: Սակայն, վերլուծաբանների կարծիքով՝ Անկարային ոչ միայն Իսրայելն է մի կողմ հրել, այլև արաբ առաջնորդները։ Այժմ Կատարն ու Եգիպտոսն են այն հիմնական երկրները, որ ջանքեր են գործադրում մարտական գործողությունները դադարեցնելու համար։

Անկարայի Մերձավոր Արևելքի տեխնիկական համալսարանի միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Հուսեյն Բաղջին կարծում է, որ արաբական երկրները, ընդհանուր առմամբ, երջանիկ են, որ Թուրքիան «խաղից դուրս» վիճակում է։

«Թուրքիայի նախագահի և արտգործնախարարի համար սա հերթական հիասթափությունն է։ Թուրքիան պետք է շարունակի բարոյական պատասխանատվությունը և դիվանագիտական ջանքերը։ Բայց, առայժմ ես տեսնում եմ, որ Թուրքիան այս գործընթացում ցանկալի դերակատար չէ», - ասում է նա:

Տարածաշրջանում Թուրքիայի առաջնորդության նկրտումները, ըստ վերլուծաբանների, պայմանավորված են օսմանյան գերիշխանության հիշողությամբ։

Մի կողմից՝ Թուրքիան Իսրայելի դեմ առևտրային էմբարգո է սահմանում, մյուս կողմից՝ Անկարան թույլ է տալիս ադրբեջանական նավթի արտահանումը Իսրայել թուրքական նավահանգստով՝ հաշվի չառնելով հասարակական խիստ քննադատությունը: Միևնույն ժամանակ Իսրայելն ու Թուրքիան լիարժեք դիվանագիտական հարաբերություններ են պահպանում, ինչը, ըստ վերլուծաբանների, ապագա համագործակցության համար բաց դուռ է:

Վիեննայի Մարդկային հետազոտությունների ինստիտուտում միջազգային հարաբերություններ դասավանդող Սոլի Օզելը կարծում է՝ եթե երկու կողմերը՝ Իսրայելը և Թուրքիան, պատրաստ են կուլ տալ գրեթե ամեն ինչ, գուցե պատերազմն ավարտվելուն պես Թուրքիան ոչ թե երաշխավորի դիրքերից հանդես կգա, այլ որպես Գազայի վերականգնողի։

Նախքան արմտական «Համաս»-ի անցյալ տարվա հոկտեմբերի 7-ի հարձակումը Անկարան զբաղված էր տարածաշրջանում իր ազդեցության ընդլայնմամբ՝ փորձելով բարելավել հարաբերությունները Իսրայելի և արաբ առաջնորդների հետ։ Վերլուծաբանները ենթադրում են, որ Թուրքիային հետ մղելով՝ փորձ է արվում դիվանագիտական առաջնահերթութոյւնների փոփոխություն կատարել։

Պրոֆեսոր Հուսեյն Բաղջին կարծում է, որ Թուրքիայում այսօր սա հիմնական բանավեճի թեման է, մի կողմից՝ կա պահանջ աջակցել արաբներին, իսկ ավելի ստույգ՝ պաղեստինցիներին, մյուս կողմից՝ հիշեցնում են՝ թյուրքական աշխարհում բազմաթիվ այլ խնդիրներ կան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG