Մատչելիության հղումներ

Արաբական երկրները հավանություն են տվել Գազայի հատվածը վերականգնելու Եգիպտոսի ծրագրին


Արաբ առաջնորդները երեքշաբթի օրն ընդունել են Գազայի հատվածի եգիպտական վերականգնման ծրագիրը, որը կարժենա 53 միլիարդ դոլար, հաղորդում է Reuters-ը՝ նշելով, որ այն այլընտրանքն է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «Մերձավոր Արևելյան Ռիվիերա» ծրագրի։

Եզրափակիչ հայտարարության մեջ ընդգծվում է, որ տարածաշրջանում խաղաղությունն արաբական երկրների ռազմավարական ընտրությունն է՝ երկու պետությունների սկզբունքով։

Գագաթնաժողովի մասնակիցները նաև կոչ են արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ միջազգային խաղաղապահ ուժեր տեղակայել Հորդանան գետի Արևմտյան ափին և Գազայի հատվածում։

Սպիտակ տունը հայտարարել է, որ արաբական երկրների կողմից ընդունված ծրագիրը չի արտացոլում Գազայի իրականությանը, և որ Թրամփը հավատարիմ է իր առաջարկին:

Թրամփը խաղաղությունը Մերձավոր Արևելքում այսպես է պատկերացնում. Գազայի պաղեստինցիները հեռանում են դեպի Եգիպտոս ու Հորդանան, իսկ Նահանգները Գազան իր հսկողության տակ է վերցնում ու ծաղկուն տնտեսական գոտի սարքում։ Նա սկզբում ասել էր, որ գնելու է Գազան, ապա այլ կերպ էր ձևակերպել՝ «գնել չենք պատրաստվում, կունենանք Գազան»:

Հորդանանի թագավորը Սպիտակ տանը վերահաստատել էր իր ու հարևան արաբական երկրների դիրքորոշումը՝ դեմ են Գազայի հատվածից պաղեստինցիների տեղահանման Թրամփի պլանին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG