Մատչելիության հղումներ

Ապաշրջափակումը «հնարավոր է միայն Ռուսաստանի մասնակցությամբ»․ Օվերչուկ


Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկ, արխիվ
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկ, արխիվ

Հայաստանը պաշտոնապես հետ չի կանչել իր ստորագրությունը նոյեմբերի 9-ի եռակողմ հռչակագրից, որը ստորագրել են Մոսկվան, Բաքուն ու Երևանը և որը նպաստել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի հաստատմանը, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, ով նաև Հարավային Կովկասում տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբի համանախագահն է:

Միևնույն ժամանակ Օվերչուկը դժգոհել է, թե տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունում մոտ մեկուկես տարի առաջընթաց չկա։

«Հայաստանը պաշտոնապես դուրս չի եկել եռակողմ հայտարարությունից և հետ չի վերցրել իր ստորագրությունը, բայց միևնույն ժամանակ փոխվարչապետերի մակարդակով եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունում արդեն գրեթե երկու տարի, կամ՝ առնվազն անցած ամառվանից՝ մեկուկես տարի, առաջընթաց չկա», - ասել է նա Առաջին ալիքին տված պարզաբանման մեջ։

Միևնույն ժամանակ Օվերչուկը վստահություն է հայտնել, որ ապաշրջափակումը «հնարավոր է միայն Ռուսաստանի մասնակցությամբ»։

2022-ի հունվարի 11-ին Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել ապաշրջափակել տարածաշրջանային հաղորդակցությունները։ Այնուհետև այդ նպատակով աշխատանքային խումբ է ստեղծվել երեք երկրների փոխվարչապետների մակարդակով։

Օվերչուկն օրերս Հայաստանում էր։ Նա Երևանում ենթակառուցվածքների ապաշրջափակումը կապեց նոյեմբերի 9-ի հայտարարության հետ։

«Ապաշրջափակումը հնարավոր է այն պայմանավորվածությունների շրջանակներում, որոնք ձեռք էին բերվել երեք երկրների ղեկավարների կողմից և որոնք արտացոլվել են 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի համատեղ հայտարարության մեջ: Ինչպես գիտեք, Ռուսաստանը միշտ պատրաստ է միանալ այդ գործընթացին և օգնել՝ ելնելով Հայաստանի սուվերենության, տարածքային ամբողջականության և իրավազորության սկզբունքից», - հայտարարել էր Ռուսաստանի փոխվարչապետը։

Օվերչուկն այս հայտարարությունն արեց նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի շուրջ Հայաստանի ու Ռուսաստանի հրապարակային տարաձայնությունների ֆոնին։ Սյունիքով Ադրբեջանն ու Նախիջևանը կապող ճանապարհի հարցն ու նոյեմբերի 9-ի հայտարարությունը վերջերս ռուսական կողմը հաճախ է արծարծում: Ռուսաստանը, Հայաստանը, ու Ադրբեջանը շարունակում են միմյանց մեղադրել այդ փաստաթղթի 9-րդ կետը մանիպուլացնելու և ստանձնած պարտավորությունները չկատարելու համար:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին խորհրդարանում հայտարարել էր՝ Հայաստանը պատրաստ է ճանապարհներն ապաշրջափակել՝ համաձայն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, բայց և շեշտել էր՝ այն չի ենթադրում ինքնիշխանության զիջում:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն էլ ուղիղ տեքստով Երևանին մեղադրել էր Սյունիքով անցնող հաղորդակցությունների հարցում պայմանավորվածությունները «սաբոտաժի» ենթարկելու մեջ։

Մոսկվան համարում է, որ եռակողմ հայտարարության 9-րդ կետով ճանապարհը պետք է վերահսկի ռուսական սահմանապահ ծառայությունը, հայկական կողմն էլ մեկնաբանում է, որ այդ կետն ընդամենը մոնիտորինգի մասին է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG