Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը դրական հետևանքներ կունենա ոչ միայն երկու երկրների, այլև ողջ տարածաշրջանի համար, երեկ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը՝ Թյուրքական պետությունների խորհրդարանական վեհաժողովում։
Ֆիդանն ասել է, թե «Ադրբեջանը ճանապարհ է հարթել տարածաշրջանում կայուն խաղաղության համար՝ վերջ դնելով Ղարաբաղի օկուպացիային»։
Թուրքիայի արտգործնախարարը դրական քայլ է որակել 4 գյուղերի վերադարձն Ադրբեջանին, ինչպես նաև Ալմաթիում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի ու Արարատ Միրզոյանի բանակցությունները՝ ընդգծելով՝ Անկարան լիովին աջակցում է Բաքվին այս գործընթացում։
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները մայիսի 15-ին ստորագրեցին ԽՍՀՄ ԶՈՒ գլխավոր շտաբի 1976թ. քարտեզով Բաղանիս– Բաղանիս Այրում, Ոսկեպար– Աշաղը Ասկիպարա, Կիրանց– Խեյրումլի և Բերքաբեր– Կըզըլ Հաջիլի բնակավայրերի միջև սահմանագծի համաձայնեցման մասին արձանագրությունը։ Իշխանության պնդմամբ՝ սա ԽՍՀՄ վերստուգված ամենավերջին քարտեզներն են: Երևանի ու Բաքվի ավելի վաղ ձեռք բերած պայմանավորվածության համաձայն՝ այս հատվածներն այլևս համարվում են սահմանազատված։
Տավուշի ու Ղազախի սահմանագծի 4 գյուղերի հատվածում սահմանազատումը վարչապետ Փաշինյանը «մեծ հաջողություն» է որակել՝ շեշտելով՝ Հայաստանի ինքնիշխանության ու անկախության հետագա զարգացման շատ կարևոր անկյունաքար է դրվել։