Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ երկրի գլխավոր բանտապետը կին կլինի։ Վարչապետն այսօր ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրեց, որ Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության պետ կնշանակվի Ծովինար Թադևոսյանը։ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում արդեն հանդիպել է նրան։
Ծովինար Թադևոսյանը 32 տարեկան է, մինչ օրս զբաղեցնում էր Քրեակատարողական ծառայության Սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետի պաշտոնը։
Քրեակատարողականի պետի պաշտոնը թափուր է դեռ անցած տարվանից։ Նախկին ղեկավարը՝ Ամբակում Գրիգորյանը, պաշտոնավարեց ընդամենը մեկ տարի, պաշտոնից ազատվեց անցած տարվա դեկտեմբերի 5-ին։ Արդարադատության նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանը չցանկացավ աշխատել Գրիգորյանի հետ, նա էլ օրենքի ուժով ազատվեց պաշտոնից։
Նախարարը չէր պարզաբանել՝ ինչու նպատակահարմար չէր համարել շարունակել աշխատանքը Ամբակում Գրիգորյանի հետ։ Ամեն դեպքում իշխող ուժում նրա նշանակումը անընդունելի էր համարել խորհրդարանի Պաշտպանության հանձնաժողովի նախագահը։ Անդրանիկ Քոչարյանը հիշեցրել էր, որ Ամբակում Գրիգորյանը Մարտի 1-ի գործը քննող Հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերով քննիչներից էր։
«Մարտի 1-ի էջը ոնց որ փակո՞ւմ եք, թե՞ բաց է: Էդ դեպքում բոլոր քննիչները, որոնք էս գործերով ունեցել են մասնակցություն, իրենք պետք է մանրամասն ուսումնասիրվեն նշանակումներից առաջ», - ասել է Քոչարյանը:
Ի՞նչ սպասել Քրեակատարողական ծառայության նոր պետից
Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը նշեց. - «Կարող եմ ասել, որ բանիմաց և մասնագիտական բարձր որակներ ունեցող անձի հետ գործ ունենք»:
Բանտերում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի անդամ, իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը, դրական գնահատելով Ծովինար Թադևոսյանի նշանակումը, միաժամանակ մտավախություն ունի, որ անկախ անձի մասնագիտական կարողություններից, բանտային կարծրացած համակարգը կարող է դիմադրել բարեփոխումներին։
«Այդ ամենադժվար մատչելի հատվածներում կամ ոլորտներում, որտեղ երբևէ կանայք չեն եղել, այժմ հայտնվում են կանայք, և կարծում եմ, որ դա կլինի բավական դրական ազդեցություն համակարգային փոփոխությունների համար, եթե այդ փոփոխությունները թույլատրվեն, որ արվեն: Այստեղ ևս կա մտավախություն, որ հնարավոր է այնպիսի դիմադրություն լինի, այնպիսի կարծրատիպային և բավական բարդ համակարգի կողմից, որը քրեակատարողական համակարգն է», - ընդգծեց նա:
Իրավապաշտպանը նկատում է՝ չնայած 2018 թվականից կառավարության ծրագրով հռչակվեց, թե քրեակատարողական համակարգը պատժողականից անցում է կատարում վերասոցիալականացման համակարգի, սակայն անցած 6 տարիների ընթացքում այդպես շոշափելի փոփոխություններ տեղի չունեցան և համակարգը մնաց իբրև պատժողական, այսինքն բանտերում շարունակում են աշխատել պատժողական մոտեցում ունեցող մարդիկ։
Այս առումով Զարուհի Հովհաննիսյանը կարևոր է համարում, որ Քրեակատարողական ծառայության նորանշանակ ղեկավարը գալիս է մի վարչությունից, որն անմիջապես զբաղվում է դատապարտյալների իրավունքների պաշտպանությամբ ՝ սոցիալական, հոգեբանական ու իրավական խնդիրների լուծմամբ։
«Մեր քրեակատարողական համակարգի նորանշանակ ղեկավարը կլինի նաև հենց այդ մասնագետը սոցիալ-իրավական, հոգեբանական բաժնից և ամբողջովին տիրապետում է վերասոցիալականացման գործընթացի տրամաբանությանը», - ասաց Հովհաննիսյանը:
Դատելով Ծովինար Թադևոսյանի սակավաթիվ հրպարակայիան ելույթներից՝ Քրեկատարողական ծառայության նոր ղեկավարը դատապատյալներին հասարակությանը վերաինտեգրելու հարցում կարևորում է անազատության մեջ գտնվող անձանց կրթությունը, պնդելով, որ «կրթության միջոցով հնարավոր է կանխել նաև կրկնահանցագործությունները»։
«Իրենք մարդիկ են, ովքեր անգամ պատանեկության հասակում, երբ պետք է կրթություն ստանային, շատ դեպքերում այդ կրթությունը բաց են թողել, ու արդեն մեծ տարիքում իրենց բերել այն գիտակցության, որ այդ կրթական պրոցեսները շատ կարևոր են, և դու պետք է մասնակցես ու մասնակցես ոչ միայն բալլ ստանալու համար, քո համար իրավիճակը բարելավելու համար, այլ մասնակցես, որովհետև դա քեզ կօգնի, որպեսզի վերաինտեգրվես հասարակության մեջ, որպեսզի գտնես քո տեղը, կրկնահանցագործության չդիմես, շատ դժվար է», - նշել է նա»
Չնայած անցած երեք տասնամյակների ընթացքում հայտարարված բազմաթիվ բարեփոխումներին ու ծրագրերին, քրեակատարողական համակարգը շարունակում է մնալ ամենաքննադատվածը։ Իրավապաշտպանները մատնանշում են դատապարտյալների պահման վատ պայմանները, առողջապահության մատչելիության խնդիրները, խոցելի խմբերի նկատմամբ խտրական վերաբերմունքը, քրեական ենթամշակույթի առկայությունը։
Զարուհի Հովհաննիսյանն ընդգծում է նաև մեկ այլ խնդիր՝ տարեցտարի կալանավորների թվի աճը, որն անգամ գերազանցում է դատապարտյալների թվին։ Իրավապաշտպանի համոզմամբ, սա քրեակատարողական համակարգի վրա թողնում է բացասական հետևանքներ. բանտը, մարդկանց ընկալմամբ, դառնում է անցանկալի անձանց, քաղաքական հայացքների համար պատժելու ու նաև ցուցմունքներ կորզելու վայր։