Իշխող խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հերթական սկանդալային պատմության կիզակետում է ու դարձյալ լրագրողին վիրավորելու պատճառով: Այս անգամ նրա թիրախում Հռիփսիմե Ջեբեջյանն է: Երեկվա ճեպազրույցի ժամանակ պատգամավորը կոշտ տոնով պահանջում էր լրագրող Ջեբեջյանն իր կողքից հեռանա ու մաքրի շրթունքները:
«Իմ համար անհասկանալի էր իր վարքագիծը, ես պարզապես մոտենում էի ճեպազրույցին, ինքը սկսեց մեկուսացնել ինձ մյուս լրագրողներից», - ասաց Ջեբեջյանը:
Իշխանական այս պատգամավորի ճեպազրույցներն առանց միջադեպերի գրեթե չեն անցնում: Նա մշտապես աչքի է ընկնում ոչ պատշաճ վարքով, քննադատում է իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը: Երեկվա ճեպազրույցի ժամանակ կոշտ տոնով Քոչարյանը պահանջում էր՝ լրագրող Ջեբեջյանն իր կողքից հեռանա:
Ազգային ժողովի պաշտպանության ու անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահին միայն մասնագիտական գործունեությունը չէ, որ հունից հանում է, այլ այն, որ նրանք պարզապես կանայք են, շեշտում է իրավապաշտպանը:
«Հատկապես, իհարկե, կանանց է թիրախավորում և մտնում է ոչ թե մասնագիտական դաշտի հետ կապված բանավեճի մեջ, այլ կոնկրետ որպես կին թիրախավորում է և կանանց հատուկ վիրավորական արտահայտություններ է կպցնում», - ասաց Զարուհի Հովհաննիսյանը:
Անդրանիկ Քոչարյանը միայն իր քիմքին ոչ հաճելի հարցեր տվող ու նյութեր պատրաստող կին լրագրողների հետ չէ, որ խնդիր ունի, կին քաղաքական հակառակորդներին էլ չի խնայում, ասում է Զարուհի Հովհաննիսյանn ու հիշեցնում Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի հետ կապված սկանդալը, երբ անձնական վիրավորանքներ էր հասցրել նրան:
«Հստակ երևում է, որ տվյալ քաղաքական գործիչը, տվյալ պատգամավորը և, ցավոք սրտի, կարևոր հանձնաժողովներից մեկի նախագահը կնատյաց է և բավական սեքսիստական պատկերացումներ ունի կյանքի մասին», - ընդգծեց իրավապաշտպանը:
Անդրանիկ Քոչարյանի ու լրագրողի միջադեպի թեման այսօր բորբոքվեց նաև Քոչարյանի գլխավորած նիստում
Ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը նշեց. - «Բոյկոտեք Անդրանիկ Քոչարյանին, բոյկոտեք այն բոլոր պատգամավորներին, որոնք ձեզ վիրավորում են»:
«Կրկնվել է Բագրատ սրբազանի ասածը: Սրբազան բառը ես օգտագործում եմ միտումնավոր: Երեկ ասել եմ հոգևորական, բայց հիմա ասում եմ՝ սրբազան: Եթե դուք դեմ եք սրբազանի ասածին, իսկ դրա մեջ որևէ վիրավորական բան չկա, ընդամենն արձանագրել եմ, որ պետք է խոսքն օգտագործելուց լինի մաքուր: Թե դուք դրա մեջ ինչ եք պատկերացնում, դա ձեր պրոբլեմն է, եթե դուք սխալ բան եք հասկացել, ամեն մարդ մտածում է իր փչացվածության աստիճանով», - հայտարարեց Քոչարյանը:
Բագրատ սրբազանը այդ ձևակերպմամբ ամիսներ առաջ պատասխանել էր Հռիփսիմե Ջեբեջյանի հարցին, երբ նա ՔՊ-ի համակիրներից մեկի անունն էր նշել: Հետո ներողություն խնդրեց ու բացատրեց՝ սատանաների անունն էր տվել, դրա համար էր այդպես ասել:
Իշխող խմբակցությունը ոչ մի բառով չի արձագանքել այս միջադեպին, պատգամավորներից Հասմիկ Հակոբյանն է ներողություն խնդրել գործընկերոջ փոխարեն, իսկ Քրիստինե Պողոսյանը զանգել է լրագրողին: Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դատապարտեց առանց Քոչարյանի անունը նշելու, միաժամանակ դատապարտեց նաև արտահայտության սկզբնաղբյուրին՝ Սրբազանին:
«Արդեն 2-րդ անգամ հնչեց միտք, ոչ նույն մարդու կողմից, որը կարծում եմ՝ հատկապես կանանց կողմից սեռով պայմանավորված թիրախավորման առումով խնդրահարույց է ու անձինք պետք է զերծ մնան նման մտքեր հնչեցնելուց», - ասաց Մանասյանը:
Լրագրողները ստորագրահավաք են սկսել, որ Ազգային ժողովում էթիկայի հանձնաժողով ձևավորվի, քննեն Պաշտպանության հանձնաժողովի նախագահի վարքագիծը:
Եթե օրինական լծակներն այս անգամ էլ գործի չդնեն, բանը կհասնի ձեռնամարտի, մտահոգվում է իրավապաշտպանն ու հիշեցնում վարչապետ Փաշինյանի ու նրա թիմակիցների պիտակավորումներն՝ ուղղված լրագրողներին:
Լրագրողներն ուզում են, որ այս անգամ հարցը հասնի մինչեւ Սահմանադրական դատարան, որ Անդրանիկ Քոչարյանին զրկեն պատգամավորական մանդատից: Բայց մինչ այդ նախ պետք է էթիկայի հանձնաժողովը ձևավորվի ու աշխատի, որ հիմքեր ստեղծվեն: իսկ դրա համար պետք է, որ իշխող ուժը՝ Անդրանիկ Քոչարյանի թիմակիցները կողմ քվեարկեն:
Այսօր նաև լրագրողական կազմակերպությունները, այդ թվում՝ Երևանի Մամուլի ակումբը, Խոսքի ազատության պաշտպանության կենտրոնը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտը, հայտարարությամբ հանդես եկան տեղի ունեցածի կապակցությամբ՝ պահանջելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից և ԱԺ խմբակցությունից քննարկման առարկա դարձնել և գնահատական Անդրանիկ Քոչարյանի վարվելակերպին և
հրապարակայնորեն հայցել Հռիփսիմե Ջեբեջյանի ներողամտությունը, իսկ ԱԺ ղեկավարությունից և բոլոր խմբակցություններից՝ նախաձեռնել պատգամավորական էթիկայի հանձնաժողով ձևավորելու գործընթաց և այդ նպատակով իրականացնել անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններ։