Ամստերդամում իսրայելական «Մաքքաբի» (Թել Ավիվ) ֆուտբոլային թիմի երկրպագուները հարձակման են ենթարկվել տեղի «Այաքսի» հետ խաղից հետո։ Այս մասին հայտնում է The Times of Israel-ը։
Հարձակվողները, որոնց մի մասն ունեցել է պաղեստինյան դրոշներ և վանկարկել է պրոպաղեստինյան կոչեր, նաև փորձել են ներխուժել այն հյուրանոցները, որտեղ կանգ են առել Իսրայելից ժամանած երկրպագուները:
Նիդերլանդների ոստիկանությունը հայտնել է, որ բախումների մասին մի շարք հաղորդագրություններ է ստացել քաղաքի կենտրոնից և որ անկարգություններից հետո ձերբակալվել է 57 մարդ։
Ըստ Ynet-ի՝ խաղից առաջ իսրայելցի երկրպագուները հանել են փողոցում կախված պաղեստինյան դրոշը, ինչը, հնարավոր է, նպաստել է լարվածության սրմանը։ Խաղից հետո քաղաքի մի քանի հատվածներում կրկնվող հարձակումներ են գրանցվել իսրայելցիների վրա:
Իսրայելի ԱԳՆ-ի տվյալներով՝ Ամստերդամի տարբեր հատվածներում տեղի ունեցած հարձակումների ժամանակ տուժել է առնվազն 10 իսրայելցի, իսկ երկուսը համարվում է անհետ կորած։։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահունն էլ արձագանքելով տեղի ունեցածին՝ հրահանգել է անհապաղ երկու ինքնաթիռ ուղարկել Նիդերլանդներ՝ երկրպագուներին վերադարձնելու համար։ Նա կոչ է արել հոլանդական իշխանություններին ձեռնարկել «արագ և վճռական քայլեր»՝ իսրայելցիների անվտանգությունը երաշխավորելու նպատակով։
Իսրայելի ԱԳՆ-ը հորդորել է Ամստերդամում գտնվող իսրայելցիներին մնալ հյուրանոցներում՝ անվտանգության նկատառումներից ելնելով։
ՄԱԿ-ում Իսրայելի դեպսան Դենի Դանոնը հարձակման կադրեր է հրապարակել X սոցիալական ցանցում՝ այն անվանելով «ջարդ»։ «Սա այն ծայրահեղական ահաբեկչության կողմնակիցների իրական դեմքերն են, որոնց դեմ մենք պայքարում ենք»,- գրել է նա:
Նիդերլանդների խորհրդարանում խոշորագույն աջակողմյան «Ազատության կուսակցության» առաջնորդ Գերտ Վիլդերսը ևս կատարվածը որակել է «ջարդ» և նշել. «Մենք դարձել ենք Եվրոպայի Գազան։ Մուսուլմանները պաղեստինյան դրոշներով հետապնդում են հրեաներին»։
Վիլդերսը նաև քննադատել է հոլանդական իշխանություններին՝ իսրայելցի քաղաքացիներին պաշտպանել չկարողանալու համար՝ պահանջելով նրանց պատասխանատվության ենթարկել։