ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հերքել է պնդումները, թե հութիներին հարվածները Թրամփի վարչակազմի անդամները քննարկել են Signal-ի գաղտնի չաթում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում ոչ ոք Signal հավելվածով «ռազմական ծրագրերի մասին տեքստային հաղորդագրություններ չի ուղարկել», - ըստ CNN-ի, հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարը․ - «Այսքանն է՝ ինչ կարող եմ ասել այս առիթով»։
Նախօրեին ամերիկյան The Atlantic ամսագրի գլխավոր խմբագիր Ջեֆրի Գոլդբերգը պատմել էր, թե ինչպես է Թրամփի ազգային անվտանգության թիմը մարտի 13-ին պատահաբար իրեն ընդգրկել Signal-ի չաթ, որտեղ քննարկվում էին Եմենի հութիների դեմ ռազմական հարվածները։
Գոլդբերգն ասել է, որ չաթում 18 հոգի էր ընդգրկված, այդ թվում՝ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը, Մերձավոր Արևելքի բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը:
Signal-ում լրագրողը JG սկզբնատառերով է գրանցված։ Նա ենթադրում է, որ իր անունը սխալմամբ ավելացրել են նույն սկզբնատառերով գրանցված Սպիտակ տան մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյայի փոխարեն։
Հեգսեթը The Atlantic-ի խմբագրին «խաբեբա և վարկաբեկված, այսպես կոչված, լրագրող» է անվանել։
CNN-ի երկու աղբյուրները հայտնել են, որ Դոնալդ Թրամփը տեղեկացվել է The Atlantic-ի հրապարակման մասին: Ըստ աղբյուրի՝ ԱՄՆ նախագահն իր հակակրանքն է հայտնել Գոլդբերգի նկատմամբ։
CNN-ն նշում է, որ Գոլդբերգը 2020-ին իր հեղինակային հոդվածում գրել էր, թե Թրամփը պատերազմում զոհված ամերիկացիներին անվանել է «պարտվողներ»։
«Չաթում քննարկման համար ավելի վատ մարդու ընտրել ուղղակի հնարավոր չէր», - ասել է Թրամփին մոտ կանգնած անձանցից մեկը։
Ճեպազրույցի ժամանակ Թրամփը լրագրողներին ասել է, որ տեղյակ չէ Ջեֆրի Գոլդբերգի՝ չաթում ընդգրկվելու մասին։ «Ես դրա մասին ոչինչ չգիտեմ: Ես The Atlantic-ի մեծ երկրպագու չեմ: Ինձ համար դա ամսագիր է, որը պատրաստվում է փակվել», - ասել է Թրամփը: