Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ում ՌԴ քաղաքացի է ձերբակալվել՝ ԱԹՍ-ների համար միկրոէլեկտրոնիկա ՌԴ ապօրինի ներկրելու մեղադրանքով


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

ԱՄՆ-ում երեկ առավոտյան ձերբակալվել է Ռուսաստանի քաղաքացի Դենիս Պոստովոն՝ արտահանման սահմանափակումները խախտելու, փողերի լվացման և երկակի և ռազմական նշանակության միկրոէլեկտրոնիկա ապօրինի կերպով Ռուսաստան արտահանելու համար, հայտնում է ԱՄՆ արդարադատության նախարարությունը։

Գերատեսչությունը նշում է, որ 44-ամյա Պոստովոն ապրում է Սարասոտայում (Ֆլորիդա) և առնվազն 2022 թվականի փետրվարից նա ԱՄՆ-ից գնում և ապօրինի Ռուսաստան է արտահանում էլեկտրոնային բաղադրիչներ, որոնք կարող էին օգտագործվել անօդաչու թռչող սարքերի արտադրության համար։

Քննության տվյալներով՝ ՌԴ քաղաքացին ղեկավարել է ընկերությունների ցանց Ռուսաստանում, Հոնկոնգում և այլ երկրներում։ Ենթադրվում է, որ նա կեղծ տեղեկություններ է ներկայացրել արտահանման փաստաթղթերի վերաբերյալ և միկրոէլեկտրոնիկա է ուղարկել Ռուսաստան այլ երկրների, այդ թվում՝ Հոնկոնգի և Շվեյցարիայի միջոցով։

Պոստովոյին կալանավորելու հարցով նիստը նշանակված է սեպտեմբերի 19-ին։

ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանությունը տեղեկություն է խնդրել ռուսաստանցու գտնվելու վայրի մասին։ Դիվանագիտական ծառայությունը պնդել է, որ Պոստովոյի ձերբակալության մասին պաշտոնական ծանուցում չի ստացել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG