Մատչելիության հղումներ

ԱՄՆ նախագահը ցանկանում է Իրանի հետ միջուկային հնարավոր գործարքի շուրջ բանակցություններ սկսել


ԱՄՆ նախագահը ցանկանում է Իրանի հետ միջուկային հնարավոր գործարքի շուրջ բանակցություններ սկսել, նախօրեին Դոնալդ Թրամփը նամակ է ուղարկել Թեհրանին՝ ընդգծելով, թե հույս ունի՝ Իրանում երկխոսությանը պատրաստ են: ԱՄՆ նախագահն այս մասին անձամբ է հայտարարել Fox Business Network-ին տված հարցազրույցում:

«Ասել եմ՝ հույս ունեմ պատրաստվում եք բանակցել, որովհետև դա Իրանի համար շատ ավելի լավ կլինի», - նշել է Թրամփը:

Բանակցություններ չսկսելու դեպքում ամերիկյան վարչակազմը քայլերի կդիմի, զգուշացրել է Դոնալդ Թրամփը. - «Իրանի հետ վարվելու երկու տարբերակ կա, մեկը ռազմական ճանապարհն է, մյուսը՝ գործարք կնքելը: Ես նախընտրում եմ գործարքը, որովհետև չեմ ցանկանում ցավեցնել Իրանին, նրանք հիանալի մարդիկ են»:

Պաշտոնական Թեհրանից արձագանքեցին Թրամփին: Արտգործնախարար Աբբաս Արաղչին AFP-ին ասել է՝ Իրանը չի վերսկսի Ամերիկայի հետ ուղիղ բանակցությունները միջուկային ծրագրի շուրջ, քանի դեռ նախագահ Թրամփը կիրառում է իր «մաքսիմում ճնշման» քաղաքականությունն ու սպառնալիքները: Իրանի գլխավոր դիվանագետը շաբաթներ առաջ նույնն էր պնդել:

«Հետևաբար, միջուկային հարցով մեր ու Միացյալ Նահանգներ միջև ուղիղ երկխոսության հնարավորություն չկա, քանի դեռ առավելագույն ճնշումը պահպանվում է, ինչպես հիմա», - նշել է Աբբաս Արաղչին:

Սպիտակ տուն վերադառնալուց կարճ ժամանակ անց Դոնալդ Թրամփը հայտարարել էր Թեհրանի վրա առավելագույն ճնշման քաղաքականությունը վերականգնելու մասին: Նա անգամ Ազգային անվտանգության նախագահական հուշագիր ստորագրեց, որով ինչպես Սպիտակ տունն էր ձևակերպել, ԱՄՆ-ն փակում է միջուկային զենք ստանալու Թեհրանի բոլոր ուղիները:

«Մենք թույլ չենք տա նրանց ունենալ միջուկային զենք, ես սահմանափակումներ չեմ դնում, եթե ես համարեմ, որ նրանք միջուկային զենք ունեն, դա մեծ դժբախտություն կլինի նրանց համար», - ասել է Թրամփը:

Այս փաստաթղթով նախատեսվում է կանխել Իրանի կողմից միջուկային զենքի և միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների ձեռքբերումը, չեզոքացնել Իրանի «ահաբեկչական ցանցը», հակազդել Իրանի կողմից հրթիռների և այլ սպառազինությունների մշակմանը: Բացի այդ ԱՄՆ ֆինանսների նախարարին հանձնարարվել է առավելագույն տնտեսական ճնշում գործադրել Իրանի կառավարության վրա, այդ թվում՝ պատժամիջոցներ կիրառելով դրանք շրջանցողների նկատմամբ։ Հուշագրում նաև իրանական նաթվի արտահանումը զրոյացնելու մասին խոսք կա:

Այս հուշագրի ստորագրումից հետո Դոնալդ Թրամփն, ըստ ռուսական կողմի, Իրանի միջուկային ծրագիրը հեռախոսով քննարկեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Մի քանի օր առաջ հեղինակավոր «Բլումբերգ»-ը, հղում անելով Սպիտակ տան անանուն պաշտոնյային, գրեց, թե Մոսկվան համաձայնել է աջակցել ԱՄՆ նախագահի վարչակազմին, այդ թվում՝ միջուկային ծրագրի հարցով Թեհրանի հետ կապ հաստատելու համար:

Իրանը 2000-ականներից արևմտյան խիստ պատժամիջոցների տակ է՝ ուրանի հարստացման իր ծրագրի պատճառով:

XS
SM
MD
LG