Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ն «տեղեկություններ է հավաքում «Ազատության» իրանական ծառայության նախկին լրագրողի ձերբակալության վերաբերյալ»


 «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախկին լրագրող Ռեզա Վալիզադեն, արխիվ
«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախկին լրագրող Ռեզա Վալիզադեն, արխիվ

ԱՄՆ-ն հայտարարել է, որ տեղեկություններ է հավաքում «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախկին լրագրող, երկքաղաքացի Ռեզա Վալիզադեի գործի վերաբերյալ, որը վերջին շաբաթներին գտնվում է Իրանի բանտում:

«Մենք համագործակցում ենք մեր շվեյցարացի գործընկերների հետ, որոնք ԱՄՆ-ի պաշտպանիչ ուժն են Իրանում՝ այս գործի մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար»,- փոխանցել է Պետդեպարտամենտը AP-ին։

«Իրանը մշտապես անարդար կերպով բանտարկում է ԱՄՆ քաղաքացիներին և այլ երկրների քաղաքացիներին քաղաքական նպատակներով։ Այս պրակտիկան դաժան է և հակասում է միջազգային իրավունքին», - հայտարարել է գերատեսչությունը:

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանն իր հայտարարության մեջ նշել է, որ տեղյակ է Վալիզադեի կալանքի մասին։

«Մենք պաշտոնական հաստատում չենք ստացել նրա դեմ առաջադրված մեղադրանքների վերաբերյալ»,- ասվում է հայտարարության մեջ՝ հավելելով. «Մենք խորը մտահոգված ենք Իրանի ռեժիմի կողմից մեդիա մասնագետների շարունակական ձերբակալությունների, հետապնդումների և սպառնալիքների կապակցությամբ»։

Իրանի պաշտոնյաները Վալիզադեի ձերբակալության մասին հրապարակային մեկնաբանություններ չեն տվել։ Վալիզադեն ձերբակալվել էր անցյալ ամիս, երբ վերադարձել էր Իրան տարիներ շարունակ արտերկրում ապրելուց և աշխատելուց հետո։ Նրան ձերբակալել էին մասնավորապես արտասահմանյան լրատվամիջոցների հետ պարսկերենով համագործակցելու մեղադրանքով, «Ազատության» իրանական ծառայությանը հայտնել էին նրա հարազատները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG