Սվերդլովսկի մարզային դատարանը 12 տարվա ազատազրկման է դատապարտել ԱՄՆ և Ռուսաստանի քաղաքացի հանդիսացող Քսենիա Կարելինային՝ նրան մեղավոր ճանաչելով «պետական դավաճանության» հոդվածով։
Լոս-Անջելեսի 33-ամյա բնակչուհին ձերբակալվել էր այս տարվա հունվարին Եկատերինբուրգում՝ խուլիգանության մեղադրանքով։ Հետագայում նրան ներկայացված մեղադրանքը վերաորակավորվել էր։ Ռուսաստանյան դատախազությունը Կարելինային մեղադրում է ուկրաինական բանակի համար նվիրատվություններ հավաքագրելու մեջ։
Մեղադրող կողմի պնդմամբ՝ ռուս-ուկրաինական պատերազմի առաջին օրը Կարելինան իր ամերիկյան հաշվեհամարից 50 դոլար է փոխանցել ուկրաինական հիմնադրամներից մեկին։ Այս նվիրատվությունը ռուսաստանցի ուժայինները որակում են որպես «Ուկրաինայի Զինված ուժերի ֆինանսավորում»։