Կիևում ԱՄՆ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի ու Ջարեդ Քուշների հետ բանակցություններից հետո Ուկրաինայի նախագահը կոչ է արել վերսկսել ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունները:
Զելենսկին և Ուիթքոֆն այսօր Կիևում կայացած բանակցությունները բնութագրել են որպես «բովանդակալից»։ Ուկրաինայի նախագահը լրագրողներին հայտնել է, որ կողմերը, ի թիվս այլ հարցերի, քննարկել են Կիևի անվտանգության և տնտեսական երաշխիքները, հակաօդային պաշտպանության հրթիռների մատակարարումները, ինչպես նաև Ուկրաինային աջակցության փաթեթը:
Միևնույն ժամանակ, Ուիթքոֆն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները ձգտում է հակամարտությունը լուծել դիվանագիտական ճանապարհով, այլ ոչ թե ռազմական ուժի կիրառմամբ։ Մինչդեռ, Քուշները, կարծես թե, աջակցել է Զելենսկիի՝ Կիևի, Մոսկվայի և Վաշինգտոնի միջև եռակողմ բանակցությունները վերսկսելու կոչին։
Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ տարածքային հարցերը կարող են լուծվել միայն «առաջնորդների մակարդակով»:
«Ես ուզում եմ մնալ իմ տեսակետին, որ նման բարդ հարցերը կարող են լուծվել միայն առաջնորդների մակարդակով», - ասել է Զելենսկին, ով նախկինում կոչ էր արել հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Նախագահ Պուտինի օգնական Յուրի Ուշակովն ավելի վաղ հայտարարել էր.- «Մենք Զելենսկուն հրավիրում ենք Մոսկվա, եթե նա պատրաստ է հանդիպել Ռուսաստանի նախագահի հետ»: Ի պատասխան ռուս պաշտոնյայի այս հայտարարության՝ Զելենսկին էլ ասել էր.- «Անխոս, անհնար է, որ ես Պուտինի հետ հանդիպեմ Մոսկվայում։ Դա նույնն է, ինչ Պուտինի հետ Կիևում հանդիպելը»:
Երբ Կիևում այսօրվա բանակցությունները շարունակվում էին, Զելենսկին իր Telegram-յան էջում գրել է, որ քննարկումներին միանում են նաև Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ներկայացուցիչները։
Reuters-ն ավելի վաղ հաղորդել էր, որ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ազգային անվտանգության հարցերով խորհրդականները ևս ժամանել են Կիև:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո՝ ԱՄՆ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշներն այսօր Լեհաստանից գնացքով էին ժամանել Կիև՝ բանակցություններ անցկացնելու Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկիի հետ՝ նպատակ ունենալով վերջ դնել հակամարտությանը, որն արդեն հինգերորդ տարին է շարունակվում։
Ուիթքոֆն ու Քուշները մի քանի անգամ այցելել էին Մոսկվա, սակայն մինչ այժմ բանակցություններ չէին անցկացրել Կիևում, որը 2022 թվականից ի վեր ենթարկվում է Ռուսաստանի կողմից իրականացվող մահացու հարվածների։
Բանակցությունների առաջին փուլից հետո լրագրողների համար արված համատեղ հայտարարության ընթացքում ԱՄՆ բանագնաց Ջարեդ Քուշները նաև ասել է.- «Հուսով եմ՝ այս այցի արդյունքում խաղաղության հասնելու առաջընթացը խթանելու նոր ուղիներ կգտնենք։ Կարծում եմ՝ այս այցից շատ բան ենք սովորել»:
Սթիվ Ուիթքոֆն էլ հայտարարեց. «Մենք շատ բովանդակալից, էական և կարևոր քննարկում ենք ունեցել, և մենք շատ ոգևորված ենք։ Մենք պատրաստ ենք շարունակել այս գործընթացն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի»:
Ինչ է քննարկվել Մոսկվայում
Կիևի բանակցություններին նախորդեցին մոսկովյան բանակցությունները: Ռուսաստանի պետական «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը հայտնել էր, որ բանագնացների և Պուտինի միջև բանակցությունները տևել են մոտ երեք ժամ։
Սպիտակ տան պաշտոնյան «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է, որ «կողմերը քննարկել են հետագա քայլերի վերաբերյալ բովանդակային ծրագրեր, որոնք կհայտարարվեն առաջիկա շաբաթներին», և որ բանագնացներն «ակնկալում են նույնքան արդյունավետ հանդիպումներ» Ուկրաինայում՝ սեպտեմբերի 6-ին։
ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, որը ներկա է եղել հանդիպմանը, բանակցությունները բնութագրել է որպես «բովանդակային, շատ անկեղծ և կառուցողական»։ Նա հավելել է, որ ամերիկացի բանագնացները ներկայացրել են ԱՄՆ-ի դիրքորոշումը և խոստացել են Պուտինի տեսակետները փոխանցել ուկրաինացի ղեկավարներին՝ Կիևում կայանալիք հանդիպումների ընթացքում։
«Նրանք ոչ միայն իրենց ավանդական հետաքրքրությունն են հայտնել ռազմական գործողությունները հնարավորինս արագ դադարեցնելու հարցում, այլև մի շարք գաղափարներ են առաջարկել՝ կարգավորման հնարավոր ուղիների վերաբերյալ», - ասել է նա՝ մանրամասներ չհայտնելով:
Ուշակովը պնդել է, որ Ռուսաստանը կհասնի իր նպատակներին, և որ հակամարտության «արմատական պատճառները» պետք է լուծվեն։ Սա վերաբերում է, մասնավորապես, Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հույսերից հրաժարվելուն և ուկրաինական զինված ուժերը փաստացի զինաթափելուն ուղղված քայլերին, ինչպես նաև մի շարք այլ դժգոհություններին։ Կիևը վաղուց մերժել է նման պահանջները։
Պուտինը բանակցությունների մեկնարկին «բարդ» էր բնութագրել այն իրավիճակը, որը նա և ԱՄՆ բանագնացները պետք է քննարկեին բանակցությունների ընթացքում։
ԱՄՆ նախագահ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ Վաշինգտոնն ունի «խաղաղության գաղափար», և որ իր բանագնացներն իրենց հետ «պատերազմին վերջ դնելու առաջարկ» են տանում։
«Մենք նրանց ուղարկել ենք՝ տեսնելու՝ արդյոք կարող ենք ինչ-որ բան անել, և հնարավոր է, որ դա իրականացնելու լավ հնարավորություն լինի»,- սեպտեմբերի 4-ին լրագրողների հետ զրույցում ասել էր Թրամփը:
Պատերազմն այժմ արդեն հինգերորդ տարին է շարունակվում այն բանից հետո, երբ Պուտինը 2022 թվականի փետրվարին սկսեց Ուկրաինա լայնածավալ ներխուժումը։
Դիվանագիտական ակտիվություն
ԱՄՆ բանագնացների այցը Կիև տեղի է ունենում նաև դիվանագիտական նոր ակտիվության ֆոնին, որի նպատակն է հասնել խաղաղության համաձայնագրի։
Պուտինն իր վերջին հայտարարություններում որևէ փոխզիջման պատրաստակամության նշան չի ցուցաբերել։ Մասնավորապես, նա պնդել է, որ Ռուսաստանը պետք է վերահսկողություն հաստատի Ուկրաինայի արևելքում գտնվող Դոնեցկի ամբողջ շրջանի նկատմամբ, ներառյալ այն տարածքները, որոնք ռուսական ուժերին չի հաջողվել գրավել տարիներ շարունակվող ծանր մարտերի ընթացքում։
Մինչ բանագնացների՝ ԱՄՆ-ից մեկնելը, Զելենսկին հայտարարել էր, որ ուկրաինական ուժերը «կապահովեն Ռուսաստանի օդային տարածքի բնականոն գործունեությունը, որպեսզի բանակցողները կարողանան անվտանգ ժամանել այնտեղ», և պահանջել էր, որ Մոսկվան փոխադարձ քայլ կատարի։
Սեպտեմբերի 5-ին բանագնացների հետ ունեցած հեռախոսազրույցից հետո Զելենսկին հայտարարել է, որ «այդ օրվանից մինչև շաբաթ օրվա ավարտը, ինչպես նաև կիրակի և երկուշաբթի օրերին, Ուկրաինան պատրաստ է զերծ մնալ Մոսկվայի ուղղությամբ հարվածներից»։
Պուտինն էլ կարգադրել է սեպտեմբերի 6-8-ը դադարեցնել հարվածները Կիևի ուղղությամբ, հայտնել է նրա խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Սակայն նա չի հիշատակել Ուկրաինայի մյուս հատվածները, այն պայմաններում, երբ տեղեկություններ էին տարածվում, որ Ռուսաստանը շարունակել է հարձակումներն այլ վայրերում։