Մատչելիության հղումներ

Ամիրբեկով. Անհրաժեշտ է վերացնել անհամապատասխանությունը խաղաղ համաձայնագրի և ՀՀ Սահմանադրության միջև

Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկով, արխիվ
Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկով, արխիվ

Հայաստանի հետ կայուն խաղաղության և խաղաղության համաձայնագրի ստորագրման համար Ադրբեջանի կողմից անհրաժեշտ համարվող քայլերն է ներկայացրել այդ երկրի նախագահի հատուկ հանձնարարություններով բանագնաց Էլչին Ամիրբեկովը Շվեյցարիայի պետական քարտուղար Ալեքսանդր Ֆազելի հետ Բեռնում կայացած հանդիպման ժամանակ:

APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ամիրբեկովը հայտարարել է, թե խաղաղության համաձայնագրի և Հայաստանի գործող Սահմանադրության միջև «գոյություն ունեցող իրավական անհամապատասխանության վերացումն անհրաժեշտ և անխուսափելի է խաղաղ գործընթացի անդառնալիության և ներկայումս ձևավորված դե ֆակտո խաղաղության կայունության տեսանկյունից»:

Իլհամ Ալիևի հատուկ ներկայացուցչը տեղեկացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների նորմալացման գործընթացի և ձեռք բերված գործնական արդյունքների մասին: Ընդգծվել է, որ փոխադարձ վստահության ամրապնդումը, տնտեսական և առևտրային կապերի զարգացումը, ինչպես նաև քաղաքացիական հասարակությունների միջև շփումները կարևոր դեր են խաղում երկու երկրների բնակչությանը խաղաղության առավելությունները հասցնելու հարցում:

Ամիրբեկովը խոսել է նաև Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության վերականգնման ապահովմանը կոչված «Զանգեզուրի միջանցքի» իրականացման մասին, որի բաղկացուցիչ մասն է, ըստ ադրբեջանցի պաշտոնյայի, TRIPP նախագիծը: Այն, ըստ Ալիևի բանագնացի, կարող է ներդրում ունենալ տարածաշրջանային համագործակցության և խաղաղության ամրապնդման գործում:


Ադրբեջանը Հայաստանի Անկախության հռչակագրի՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միավորման մասին ձևակերպումները տարածքային պահանջ է համարում և Հռչակագրին հղումը Սահմանադրությունից հանելը խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայման է դարձրել:

Հայաստանի վարչապետը օգոստոսի վերջին նոր Կառավարության ծրագիրը Ազգային ժողովում ներկայացնելիս հայտարարեց՝ Անկախության հռչակագրին հղումը նոր Սահմանադրությունում չպետք է լինի: Ժամկետներից Նիկոլ Փաշինյանը չխոսեց, միայն ասաց՝ նոր Սահմանադրության տեքստը կհրապարակվի առաջիկա ամիսներին:

​
XS
SM
MD
LG