ԱՄՆ-ը և Կանադան կործանիչներ են օդ բարձրացրել այն բանից հետո, երբ երկուական ռուսական և չինական ռազմական ինքնաթիռներ են հայտնաբերվել Ալյասկայի մերձակայքում գտնվող միջազգային օդային տարածքում, ասվում է Հյուսիսային Ամերիկայի օդատիեզերական պաշտպանության հրամանատարության (NORAD) հայտարարության մեջ:
«Նույնականացման տարածքը» միջազգային օդային տարածքի մի հատված է, որը գործում է որպես բուֆերային գոտի, որտեղ ավարտվում է Միացյալ Նահանգների և Կանադայի ազգային օդային տարածքը: Այստեղ մուտք գործող բոլոր ինքնաթիռներից պահանջվում է նույնականացում՝ ազգային անվտանգության նկատառումներից ելնելով, պարզաբանել է NORAD-ը։
Ռուսական և չինական ինքնաթիռների ներկայությունը սպառնալիք չի համարվում, քանի դեռ դրանք մնում են միջազգային օդային տարածքում և չեն խախտել ԱՄՆ-ի կամ Կանադայի ինքնիշխան օդային տարածքը, հավելել է հրամանատարությունը։
Ռուսաստանը տևական ժամանակ ռազմական ներկայություն ունի Հյուսիսային Խաղաղ օվկիանոսում, և այդ տարածքում ռուսական ինքնաթիռների որսալու դեպքերը համեմատաբար սովորական են:
Որսալ ասելով նկատի է առնվում NORAD-ի կողմից օտարերկրյա օդանավերի տեսողական կամ էլեկտրոնային կոնտակտը։
Վերջին տարիներին Պեկինի զինված ուժերն ավելի ու ավելի են ընդլայնել իրենց ազդեցությունը Չինաստանից դուրս, ընդ որում՝ չինական ռազմածովային նավեր են հայտնաբերվել Ալյասկայի մերձակայքում գտնվող միջազգային ջրերում: