Այսուհետև նոյեմբերի 15-ից մինչև մարտի 31-ը վարորդներին կարգելվի երթևեկել ամառային անվադողերով կամ մաշված ձմեռային անիվներով: Կառավարությունն այսօր ընդունեց այս նոր կանոնը, որը խախտելու համար տուգանքը կկազմի 5 հազար դրամ:
Ձմեռային անվադողերի բացակայության պատճառով ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում տուգանքը կքառապատկվի՝ կազմելով 20 հազար դրամ: Միևնույն ժամանակ ամռան ամիսներին արգելվում է մեքենաները ձմեռային անվադողերով շահագործել: Տարածքային կառավարման նորանշանակ նախարար Դավիթ Խուդաթյանն գործադիրի նիստում նշեց՝ այժմ գործող կանոններում բացակայում է ձմեռային անվադողերով երթևեկելու պահանջը: Նոր պահանջը կնվազեցնի վթարները, համոզված է պաշտոնյան:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, թիվ չնշելով, ասաց, որ «հանրապետությունում կան վարորդներ, որոնք նաև «ձմռանն ավտոմեքենա են վարում ամառային անիվներով»: Նա նշե՝ հասկանում է, որ վարորդների որոշ մասի մոտ դժգոհություն կարող է առաջանալ, քանի որ ձմեռային անվադողերի պահանջը նոր ծախսեր է ենթադրում:
«Բայց մենք պետք է գնանք այս ճաապարհով, ուրիշ տարբերակ չկա հանուն մեր սիրելի վարորդների»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Անվադողերի մաշվածությունը ևս հաշվարկվելու է միլիմետրերով: Գերմաշված անիվները չեն կարող համարվել ձմեռային:
Առաջիկա երեք ամիսներին վերլուծություն ունենալուց հետո փոփոխություն կանեն նաև վարչական իրավախախտումների մասին օրենքում, ասաց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։
Ինչո՞ւ մինչև այսօր այս հարցը կարգավորված չէ, ինչո՞ւ նման արգելք չի գործել, Խաչատրյանը նշեց՝ մի քանի անգամ նախաձեռնություն եղել է, հարցն անգամ ԱԺ է հասել, բայց վերջնական լուծման չեն հասել:
Կառավարության որոշումից հետո սոցիալական հարթակներում քննարկումներ ծավալվեցին: Վարորդները հիմնականում ողջունում են ընդունված որոշումը, մի մասը մտավախություն է հայտնում, թե որոշ մարզերում փետրվարի կեսերից արդեն գարուն է, ձմռանն էլ ձյան երես գրեթե չեն տեսնում, ինչո՞ւ այդ դեպքում էլ ձմեռային անիվներ շահագործեն, կամ որ մինչև մարտի 31-ի պահանջը Հայաստանի եղանակային պայմանների համար երկար է:
Քննարկումները հանգել են նրան, որ վարորդները հանկարծակի կարող են հայտնվել ձյունոտ ճանապարհներին, ու որ մի քիչ գումար խնայելու համար չարժե կյանքեր վտանգի ենթարկել: Որոշումն ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 10-ից: