Ալժիրը հետ է կանչել Փարիզում իր դեսպանին՝ բողոքելով Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի՝ Մարոկոյի թագավորին հղած ուղերձի դեմ։
Դրանում Ֆրանսիայի նախագահը ճանաչել էր Մարոկոյի ինքնիշխան իրավունքները Արևմտյան Սահարայի հանդեպ՝ ընդունելով, որ 70-ականներից շարունակվող հակամարտության միակ լուծումը հնարավոր է Մարոկոյի կազմում ինքնավարության ստեղծման շրջանակներում։
«Ֆրանսիական կառավարությունն ի վերջո իր միանշանակ աջակցությունը հայտնեց գաղութատիրական այն վիճակին, որ պարտադրվել է Արևմտյան Սահարային։ Նախորդ ֆրանսիական կառավարությունները խուսափում էին նման քայլի դիմել։ Այս մի իշխանությունը, սակայն, դա արեց շատ թեթևամտորեն և հանգիստ՝ ակնհայտորեն չհաշվարկելով դրա հետևանքները», - նշված է Ալժիրի ԱԳՆ հայտարարության մեջ։
Արևմտյան Սահարան (Սահարայի արաբական դեմոկրատական հանրապետություն) մասնակիորեն ճանաչված պետություն է, որի տարածքի ավելի քան 70 տոկոսը գտնվում է Մարոկոյի տիրապետության ներքո։