Մատչելիության հղումներ

Ալիևը զանգահարել և շնորհավորել է Թրամփին, երկկողմ հարաբերությունների խթանման հույս հայտնել


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև

Ադրբեջանի նախագահը կարծում է՝ Միացյալ Նահանգների նորընտիր ղեկավարի գործունեությունն է՛լ ավելի կարևոր դեր է խաղալու աշխարհում անվտանգության ապահովման գործում։ Ի տարբերություն Երևանի, Բաքուն ոչինչ չի հաղորդում՝ արդյոք Ալիև-Թրամփ երեկվա հեռախոսազրույցի ընթացքում նաև տարածաշրջանային հարցեր են քննարկվել։ Ամերիկա զանգահարողը, ըստ Բաքվի, Ադրբեջանի նախագահն է եղել։

«Նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորել է Դոնալդ Թրամփին Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով։ Նշելով, որ իր առաջին նախագահական ժամկետում Դոնալդ Թրամփը հատուկ ուշադրություն է դարձրել Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև բարեկամության և համագործակցության ամրապնդմանը՝ Իլհամ Ալիևը հույս է հայտնել, որ համատեղ ջանքեր կգործադրեն երկկողմ հարաբերությունները խթանելու համար», - փոխանցել է Ադրբեջանի նախագահի գրասենյակը։

9 օր առաջ էլ Հայաստանի վարչապետն էր հեռախոսազրույց ունեցել ԱՄՆ ընտրված նախագահի հետ, շնորհավորել հաղթանակի առթիվ, տեղեկություններ փոխանցել Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում վերջին տարիներին տեղի ունեցած զարգացումների և ընթացիկ վիճակի մասին, քննարկել տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր:

Փաշինյանի գրասենյակը, սակայն, չհայտնեց՝ ում նախաձեռնությամբ է տեղի ունեցել զանգը։

Բաքուն Թրամփի վարչակազմի հետ աշխատանքում «շեշտը դնելու է էներգետիկ ռեսուրսի կապիտալիզացիայի վրա»

«Երևանը, բնականաբար, արտահայտում է իր համար կարևոր հարցադրումները, այսինքն՝ այն, ինչը խնդիր է Երևանի համար, որտեղ Երևանը ունի աջակցության կարիք: Կստանա՞ այդ աջակցությունը իր ակնկալածի չափով, թե՞ ոչ, սա բոլորովին այլ հարց է իհարկե», - «Ազատության» հետ զրույցում ասաց քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը՝ շարունակելով. - «Ադրբեջանի համար այդ հարցերը օրակարգային չեն՝ Ադրբեջանը ուժային այնպիսի բալանսում է, որ նույնիսկ շատ գոհ է, եթե իրենց պարզապես հանգիստ թողնեն, թողնեն, որպեսզի ինքը Երևանի հետ փորձի լուծել հարցերը, և այդտեղ ուժային առավելությունը իրացնելու շատ ավելի մեծ հնարավորություն ունի»:

Բադալյանը կանխատեսում է, որ Ադրբեջանը Թրամփի վարչակազմի հետ աշխատանքում շեշտը դնելու է էներգետիկ ռեսուրսի կապիտալիզացիայի վրա։

Ալիևը դեռ հուլիսին՝ մինչև ընտրապայքարից գործող նախագահ Բադենի դուրս գալն էր ԱՄՆ ղեկավարի պաշտոնում իր նախապատվությունների մասին խոսել։

Ոչ ուղիղ, բայց մոտ երեք րոպե Ադրբեջանի նախագահը Շուշիում կազմակերպված ֆորումում խոսում էր, թե ինչու է Դոնալդ Թրամփը գերադասելի իր ու ադրբեջանցիների համար. նա, ըստ Ալիևի, դեմ է, որ իր նախագահությամբ Ամերիկան պատերազմների մեջ ներքաշվի, կողմ է ավանդական արժեքներին։

Ընտրություններից հաշվված օրեր առաջ Թրափը խոստանում էր վերականգնել խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև, իր մրցակցին՝ փոխնախագահ Քամալա Հարիսին մեղադրելով անգործության մեջ, որ վերջինս «ոչինչ չարեց, երբ 120 հազար հայ քրիստոնյաներ դաժանորեն հալածվեցին և բռնի տեղահանվեցին Արցախից»:

2020 թվականին, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա, ԱՄՆ նախագահը հենց Թրամփն էր։

Թրամփը «լրիվ այլ արտաքին քաղաքական առաջնահերթություններ է ունենալու»

Նախընտրական խոստումը՝ խոստում, բայց Թրամփը, ըստ Հակոբ Բադալյանի, լրիվ այլ արտաքին քաղաքական առաջնահերթություններ է ունենալու, քան հայ - ադրբեջանական խաղաղությունը։

«Հայաստանի ու Ադրբեջանի միջև այսպես կոչված խաղաղության պայմանագիրը կարող է նրա համար դիտարկվել որպես այլ առաջնահերթությունները, ավելի կարևոր ուղղությունները սպասարկող միջոց, ճանապարհ, և ըստ այդմ արդեն կորոշվի՝ որևէ փուլում կկարևորվի՞, ի՞նչ աստիճանի կկարևորվի, և այլն», - նշեց քաղաքական մեկնաբանը:

Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը ևս կարծում է՝ չնայած նախընտրական խոստմանը, երբ Թրամփը ստանձնի պաշտոնը, հայ - ադրբեջանական հարաբերություններում Վաշինգտոնի ներգրավվածությունը կնվազի, քանի որ այս տարածաշրջանը ամերիկյան նոր վարչակազմի առաջնահերթությունների շարքին չի դասվում։

«Թրամփի քաղաքականության կորիզը հանդիսանում է նրանում, որ Միացյալ Նահանգները պետք է կենտրոնանա սեփական ներքին խնդիրների վրա, հնարավորինս նվազագույնի հասցնելու ներգրավվածությունը տարբեր տարածաշրջաններում, հատկապես եթե այդ տարածաշրջանները Միացյալ Նահանգների համար կենսական նշանակության տարածաշրջանները չեն», - «Ազատության» հետ զրույցում նշեց Գրիգորյանը:

Հենց դա է պատճառը, ըստ քաղաքագետի, որ Ալիևը նախընտրում Թրամփին՝ նրա քաղաքականությունն ավելի նպաստավոր է Ադրբեջանի համար. - «Ավելի քիչ ներգրավվածությունը Միացյալ Նահանգների Ալիևին հնարավորություն է տալու գետնի վրա ուժի վրա հիմնված քաղաքականություն վարել Հայաստանի հետ փոխհարաբերություններում: Երկրորդ գործոնը կարող է լինել արտաքին քաղաքական ոճը, որը Թրամփը որդեգրելու է՝ այդ ոճը կարելի է անվանել տրանզակցիոն կամ գործարքային, նոր հնարավորություններ է բացելու ավտորիտար դերակատարների համար՝ ներգրավվել այդ վերոնշյալ առքուվաճառքի մեջ»:

Այդ ոճը, ըստ քաղաքագետի, «վառ դրսևորումներ է ստացել նախագահության առաջին շրջանում, հատկապես, օրինակ, Սիրիայում, երբ Թրամփը Էրդողանի հետ պայմանավորվում էր, ամերիկյան զորքերը հետ էին քաշվում, թուրքական զորքերը մտնում էին Սիրիայի հյուսիսում գտնվող տարբեր հատվածներ»:

«Այս քաղաքականությունը, կարծում եմ, ավելի մեծ տարածաշրջանում կարող է կրկին ակտիվանալ: Եվ, իհարկե, եթե Իրանի դեմ քաղաքականությունը կոշտանա, այստեղ կարող է Ադրբեջանի դերը ինչ-որ չափով մեծանալ», - ընդգծեց Գրիգորյանը:

Ամերիկայի հեռացող դեմոկրատական վարչակազմը մի քանի անգամ հայ - ադրբեջանական բանակցություններ է հյուրընկալել, դրանից զատ գրեթե ամենշաբաթյա ռեժիմով հնչեցրել խաղաղության պայմանագիր ստորագրելու իր ակնկալիքը։

Հանրապետական Դոնալդ Թրամփը Սպիտակ տուն կմտնի հունվարին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG