Մատչելիության հղումներ

Չէր կարելի դատախազին վերևը նստեցնել. Սիմոնյանը՝ Քոչարյանի որոշման մասին


«Ես էլ հասկանում եմ՝ ես տենց համապատասխան կերպար եմ ինքս ինձնով, որպեսզի էդ կոռուպցիոն էդ վատ թեմաները իմ հետ կապվեն, շատ, չգիտեմ, երևի, երևի տեսքով համապատասխան եմ, էլի, էդ գեղեցիկ... արտաքին տեսքով համապատասխան եմ դրան». - Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսպես արձագանքեց հարցին, թե արդյո՞ք նախորդ շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագրի» նիստում կուսակիցները նաև իրեն են քննադատել՝ բարձրաձայնելով կոռուպցիոն որոշ ռիսկերի մասին։

Այն, որ ՔՊ նիստում իշխող թիմի անդամները միմյանց անողոք քննադատել են, ֆեսյբուքյան իր էջում անձամբ գրել էր վարչապետ Փաշինյանը:

Երևանի քաղաքապետն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում վստահեցրեց՝ չի հիշում, որ վարչության նիստում իր մասին որևէ քննարկում եղած լինի, բայց իրեն վերագրվող մեղադրանքները որակեց «կեղտոտ ու ճղճիմ»։

«Իմ մասին քննարկում, չեմ հիշում, իմ ներկայությամբ չի եղել տենց քննարկում։ Էդ ստերը, որոնք որ որոշ անձինք փորձում են անընդհատ ներկայացնեն իրենց, ինչ-որ, անձնական խնդիրները առաջ տանելու համար, ես կարծում եմ, որ ես պատրաստ եմ անընդհատ դրան անդրադառնալ», - ասաց Ավինյանը:

Ի դեպ, իշխող «Քաղաքացիական պայմանագրի» վարչությունն այսօր արտահերթ նիստ է հրավիրել։ Այդ մասին տեղեկացրեց խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը: Եվս մեկ նիստ տեղի կունենա վաղը: Արդյո՞ք օրակարգում է նաև պաշտպանության խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության հարցը։ Խորհրդարանի խոսնակը որոշ մանրամասներ փոխանցեց ընթացակարգից. - «Չէ, նման բան մենք, հեռացնել-բան, սենց բան, տենց հարց օրակարգում չի էլ կարող լինել: Պարոն Քոչարյանի մասին՝ չէ, բան ա տեղի ունեցել, ինֆորմացիա ունի վարչությունը, որի հետ կապված պետք է քննարկում: Ինչ-որ ինֆորմացիա ունի, որ ինչ-որ բան ա տեղի ունեցել, պետք է հասկանանք՝ իրոք [տեղի ունեցե՞լ է]»:

Ազգային ժողովի նախագահը վստահեցրեց, թե որևէ խնդիր Պաշտպանության հանձնաժողովի նախագահի հետ չունի, թեև քննադատեց Անդրանիկ Քոչարյանին Պաշտպանության հանձնաժողովի լսումների ժամանակ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին խորհրդարանի ղեկավարության համար նախատեսված տեղում նստեցնելու համար. - «Չէ, չէր կարելի դատախազին, իհարկե, վերևը նստացնել, որովհետև իմ մոտ տպավորություն էր, որ ինչ-որ Սովետական Միության դատավարություն ա տեղի ունենում, և ներքևը ամբաստանյալներն էր, վերևը, ասենք, դատավորն ա և դատախազն ա»:

Խորհրդարանում Պաշտպանության հանձնաժողովի կազմակերպած լսումների ժամանակ Արգիշտի Քյարամյանի և Հովիկ Աղազարյանի միջև տեղի ունեցած միջադեպի համար Ալեն Սիմոնյանն ավելի վաղ քննադատել էր Անդրանիկ Քոչարյանին՝ ասելով, որ եթե ինքը դահլիճում լիներ, նման բան չէր լինի։ Այսօր Ալեն էլ Սիմոնյանը պնդեց՝ պետք չէր «բերել հասցնել էդ իրավիճակին»:

«Ես կարծում եմ՝ իմ փորձառությունը և կոնֆլիկտներ թե՛ հրահրելը, թե՛ հարթելը ավելի մեծ են, և կարծում եմ, որ էդ իրավիճակում ես շատ ավելի, միգուցե տենց մեծամտորեն եմ կարծում, բայց կարծում եմ, որ ավելի ճիշտ... Բայց դա չի նշանակում, որ ես ինչ-որ մեկին քննադատում եմ: Պարոն Քոչարյանը մեծ փորձ ունեցող քաղաքական գործիչ է», - ընդգծեց խորհրդարանի խոսնակը:

Ազգային ժողովի նախագահը չհամաձայնեց, թե իշխող ՔՊ-ի ներսում կան Անդրանիկ Քոչարյանի և Ալեն Սիմոնյանի թևեր, թևը, ըստ խորհրդարանի նախագահի, մեկն է. - «Ո՞նց կարա քոչարյանական կամ սիմոնյանական թև լինի, կա թիմ նիկոլփաշինյանական»:

Ի դեպ, թեև վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրել էր, որ թիմի ներսում իրար մի լավ քննադատել են, Ազգային ժողովի նախագահը վստահեցրեց՝ ինքը այդ օրվա երջանիկ մարդկանցից մեկն էր, ում հասցեին քննադատություն չի հնչել ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG